Ակնհայտ է, որ դեպքերը զարգանում են մեզ համար անբարենպաստ եղանակով

Ակնհայտ է, որ դեպքերը զարգանում են մեզ համար անբարենպաստ եղանակով
Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործ-նախարար Նաիրա Մելքումյանի հետ



- Տիկին Մելքումյան, ռուսական ռազմաբազաների ներկայությունը 49 տարով երկարաձգելու պայմանագիրը մեզանում բուռն քննարկումների տեղիք տվեց: Ձեր կարծիքով այն ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար:



- Բազմաթիվ, ծայրահեղորեն տարբեր դիրքորոշումներ են հնչել այս հարցի շուրջ: Կարող եմ նշել, որ նորացված պայմանագիրն իսկապես կանխորոշում է ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների հեռանկարը: Այս տեսանկյունից անհրաժեշտ է ավելի ուշադիր դիտարկել երկու երկրների պաշտոնյաների հայտարարությունները: Ռուսական կողմի, օրինակ արտգործնախարար Լավրովի խոսքով, Ռուսաստանի նպատակն է` ապահովել ՌԴ շահերը, ունենալ գործընթացների ծրագրավորման ավելի երկարաժամկետ հեռանկար: Իրոք, Ռուսաստանը բազմաթիվ հետաքրքրություններ ունի Հայաստանում, ինչպես օրինակ, այն խոշորածավալ ներդրումների անվտանգությունը, որոնք իրականացվել են եւ դեռ նախատեսվում է իրականացնել Հայաստանում: Միայն այս հանգամանքը բավարար է, որպեսզի Ռուսաստանը շահագրգռված լինի նման պայմանագրի ստորագրման համար: Կարելի է նաեւ ենթադրել, որ Ռուսաստանն իրեն ապահովագրում է Հայաստանում որեւէ  ներքաղաքական փոփոխություններից, որոնք տեսականորեն կարող էին ազդեցություն ունենալ, օրինակ, Հայաստանում  գործող ռուսական կորպորացիաների շահերի վրա, ինչը շատ ժամանակակից եւ, կասեի, "արեւմտյան"  մոտեցում է նրա կողմից:  Ինչպես ասում են` 21-րդ դարում երկրներն այլեւս չեն նվաճվում, այլ գնվում են: Ինչո՞ւ պիտի սպասեին, որ հայտնվեր մեկ այլ երկիր, ասենք, Թուրքիան, եւ մեծածախ գներով ամբողջ տնտեսությունը "նվաճեր": Հիշո՞ւմ եք մեր որոշ գործարարների ցուցաբերած ոգեւորությունն ու վազվզոցը հայ-թուրքական գործընթացի "ռոմանտիկ" ժամանակահատվածում:



- ՌԴ նախագահի այցից հետո հատկապես շեշտվում է, թե նորացված պայմանագիրը զսպաշապիկ է Ադրբեջանի համար, թե Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում ռուսները մեզ կպաշտպանեն, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք:  Սակայն ԼՂՀ-ն ՀՀ տարածք չէ, եւ ըստ էության՝ հայ-ռուսական ռազմական համագործակցությունը կգործի միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը ՀՀ սահմանների վրա հարձակվի: Այս դեպքում որո՞նք են ԼՂՀ անվտանգության երաշխիքները հայ-ռուսական ռազմական համագործակցության տեսանկյունից:



- Ես բազմիցս եմ նշել, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում վաղուց կհարձակվեր Ղարաբաղի վրա: Սակայն նրա ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ ցանկացած ռազմական գործողություն կխաթարի երկրի  տնտեսական կայունությունը եւ բազմամիլիարդանոց էներգետիկ նախագծերը: Նման արկածախնդրություն օտարերկրյա ներդրողների կողմից երբեք չի հանդուրժվի: Մյուս կողմից, անհասկանալի են նաեւ այն պնդումները, թե ԼՂՀ-ում պատերազմի վերսկսման դեպքում եւ նրա անբարենպաստ ընթացքի պարագայում Ռուսաստանը կմիջամտի: Նախ, դա կարող է իրականացվել միայն ՀԱՊԿ որոշմամբ, իսկ որեւէ ռազմական գործողությունների միջամտության պայմանները հստակ կանոնակարգված են, եւ ամեն ինչ չէ, որ կատարվում է Ռուսաստանի միակողմանի ցանկությամբ: Անկեղծ ասած, ես չեմ կարողանում ըմբռնել, թե ինչու որոշ հայ գործիչներ եւ հատկապես պաշտոնյաներ կամա թե ակամա ջուր են լցնում ադրբեջանական քարոզչության ջրաղացին: Չէ որ ադրբեջանցիները տարիներով պնդում են, թե իբր մենք հաղթել ենք միմիայն Ռուսաստանի շնորհիվ: Իմ խորին  համոզմամբ, սա վիրավորանք է մեր հազարավոր զոհված հերոսների հիշատակին: Նրանք իրենց կյանքի գնով, իսկապես անհավասար պայքարում` եւ մարդկային ռեսուրսի, եւ ռազմական ուժի տեսանկյունից, կարողացան նվաճել մեր մեծ պատմական հաղթանակը: Իհարկե, ես շատ բարձր եմ գնահատում նախագահ Մեդվեդեւի հայտարարությունը, թե Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի գոյությանը որեւէ վտանգ սպառնա, սակայն համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդեն ապացուցել է, որ ինքն ընդունակ է դիմագրավել ու պատասխանել ցանկացած մարտահրավերի: Ինչպես հենց այս քննարկումների համատեքստում նշել է գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը` մեր առասպելական Կոմանդոսը, պատերազմի դեպքում Ղարաբաղի միակ դաշնակիցը Հայաստանն է:



- ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը կարծես մի տեսակ  կանգ է առել, ի՞նչ զարգացումներ եք տեսնում բանակցային գործընթացում եւ ինչպե՞ս կբնութագրեք բանակցային գործընթացի ներկա փուլը: Այն ի՞նչ զարգացում է ունեցել Ձեր արտգործնախարար աշխատած տարիների համեմատ:



- Ես կարող եմ հիմնվել միայն այն տեղեկատվության վրա, որը տրամադրում է պաշտոնական լրահոսը: Ըստ երեւույթին, բանակցային գործընթացը գտնվում է, եթե չասենք փակուղային, ապա բավականին ծանր փուլում: Կողմերի դիրքորոշումների միջեւ անջրպետը կարծես էլ ավելի է խորացել, եւ իրական բանակցային գործընթաց, որին ներգրավված կլինեն նաեւ բանակցողների աշխատանքային խմբեր, չի իրականացվում: Սա նշանակում է, որ բարձր մակարդակի բանակցությունների գրեթե ամբողջ նախապատրաստական աշխատանքն իրականացվում է կոնֆլիկտի կողմերի բացակայությամբ, ինչպես նաեւ ենթադրվում  է,  որ խնդրի լուծման միակ եղանակը լինելու է "պարտադրանքը": Եթե Ադրբեջանն այսօր ընդունել է նորացված Մադրիդյան սկզբունքները, ապա ակնհայտ է, որ դեպքերը զարգանում են մեզ համար անբարենպաստ եղանակով: Մանավանդ,  եթե արդեն առաջարկում են ստորագրել ինչ-որ պայմանագիր, որտեղ  կնշվեն համաձայնեցված դրույթները եւ կամրագրվեն  2-3 վիճելի հարցերը:  Իսկ եթե հենց դրանց թվում են առավել սկզբունքային հարցե՞րը, օրինակ ԼՂՀ կարգավիճա՞կը" Սա  ինձ համար շատ ցավալի փաստ է, քանի որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը շատ անբարենպաստ, ծանր պատերազմական պայմաններում սկսվեց, իսկ բանակցություններում ԼՂՀ կարգավիճակը հավասարեցված էր Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական համայնքի կարգավիճակին: Ռազմական իրավիճակի կտրուկ փոփոխությանը զուգընթաց շատ մեծ ջանքեր պահանջվեցին եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններից, որպեսզի միջնորդներն ընդունեն, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաձայնության բանակցային գործընթացում որեւէ սկզբունքային զարգացումներ անհնարին են: Զուգահեռաբար,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն  առաջ էր քաշում  խնդրի կարգավորման առաջարկներ եւ լսելի էր դարձնում իր դիրքորոշումը միջազգային տարբեր  ատյաններում: Բերեմ մեկ օրինակ, մեծածավալ  աշխատանքի արդյունքում 2000  թվականին Վաշինգտոնում կայացավ միջազգային համաժողով` նվիրված ԼՂՀ անկախության  իրավական եւ քաղաքական հիմնավորմանը: Նշեմ միայն, որ այդ համաժողովին մասնակցում էր նաեւ մասնագետների մի խումբ, որն իր նպաստն ունեցավ Կոսովոյի միջազգային ճանաչման գործընթացում:



- ԼՂՀ-ն բանակցային սեղանին վերադարձնելու հարցն  այսօր շատերն օրակարգային են համարում: Ձեր դիրքորոշումն այս հարցում  ինչպիսի՞ն է:



- Այս առումով ինձ համար անհասկանալի է, թե ինչու այդքան իներտ է դարձել ղարաբաղյան կողմը: Միթե այդչափ մեկուսացված է գործընթացից: Ես վստահ եմ, որ միայն մեկ, բայց վճռական հայտարարությունը բավական է, որպեսզի ԼՂՀ-ն վերադառնա  բանակցային սեղանին եւ ինքը պաշտպանի իր շահերը:



- Տիկին Մելքումյան, խնդրում եմ անդրադառնալ նաեւ Ձեր քաղաքական գործունեությանը: Առաջիկայում սպասվում են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Դուք պատրաստվո՞ւմ եք մասնակցություն ունենալ ներքաղաքական գործընթացներին, անդամակցել ինչ-որ կուսակցության:



- Ուզում եմ անկեղծ լինել: Վերջին շրջանում ես լռել եմ, բայց արդեն ակնհայտ է, որ մոտակա տարիները վճռորոշ  են լինելու Հայաստանի համար: Գիտե՞ք որն է մեր հիմնական խնդիրը՝ իշխանությունները չեն լսում եւ չեն էլ ուզում լսել հասարակությանը: Եթե անգամ  արձագանքում են, արդեն հասարակությունը չի ընկալում: Փոխադարձ անհանդուրժողականության եւ անվստահության անդունդ է գոյացել: Եվ այն տարածվում է նաեւ ցանկացած քաղաքականապես ակտիվ մարդու նկատմամբ: Մեր ժողովրդին հաճախ թվում է, թե դրանց բոլորի նպատակը մեկն է՝ դառնալ  նոր բյուրոկրատիա: Նախեւառաջ պիտի  հաղթահարվի հենց այդ մտայնությունը: Եվ երկրորդ՝ մենք ամեն օր ապացույցներ ենք ստանում, թե "Հայաստանը եղած-չեղած մի գավառ է, ու ոչինչ երբեք չի փոխվի": Իսկ դա այդպես  չէ, ապացույցը՝ մեր պատմությունը:   Ուրեմն վստահ եմ՝ կկազմավորվի մարդկանց մի թիմ, որը կկարողանա  ոչ միայն վերականգնել ժողովրդի հավատը քաղաքականության, այլեւ Հայաստանի ապագայի նկատմամբ: Երբ տեսնեմ այդ թիմը, կգնամ ու ինքս կխնդրեմ, որ թույլ տան միանալ իրենց:



- Դուք եղել ենք նաեւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ինչպե՞ս  կգնահատեք հիմնադրամի գործունեությունը վերջին շրջանում: Արդյո՞ք հանգանակված գումարներն արդյունավետ են ծախսվում եւ վերահսկողության մեխանիզմներն էլ նույնքան արդյունավետ են գործում:



- Վերջին շրջանում, բնականաբար, լավատեղյակ չեմ "Հայաստան" հիմնադրամի գործունեությանը: Կարող եմ ասել, որ հիմնադրամի գործունեությունը եւ վերահսկողությունը շատ հստակ կանոնակարգված է: Եվ աշխատանքների գնահատականը տալիս է հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը, որին ներկայացվում է միջազգային աուդիտի եզրակացությունը ֆինանսական գործողությունների եւ շինարարության որակի վերաբերյալ: Լրացուցիչ վերահսկողության մեխանիզմների արդյունավետությունը գործադիր վարչության ամենօրյա  աշխատանքն է: Օրինակ` ժամանակին, նպատակ ունենալով առավել թափանցիկ դարձնել մրցութային հանձնաժողովների աշխատանքները, մենք, հանրապետության նախագահի թույլտվությամբ, համալրեցինք հանձնաժողովի կազմը հոգաբարձուների խորհրդի անդամ համահայկական 3 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներով: Վստահ եմ, որ այսօր էլ նման մոտեցումն արդարացված է: