Կոնգրեսի ծրագիրը

Կոնգրեսի ծրագիրը
Սեպտեմբերի 3-ին Հայ ազգային կոնգրեսը մի հայտարարություն է տարածել, որը թերեւս այս կառույցից տարածված ամենագրագետ ու մտածված փաստաթուղթն է: ՀԱԿ-ը, անդրադառնալով Ազատության հրապարակում սեպտեմբերի 17-ին հանրահավաք անելու իր մտադրությանն ու իշխանությունների մերժմանը, կտրուկ գնահատականներ է տվել, առողջ վերլուծություն եւ եզրահանգումներ արել, որոնք պատիվ են բերում ընդդիմադիր քաղաքական ուժին: "Գործող բռնապետական ռեժիմն անզորությունից եւ սարսափից դիմում է մանր աֆերիստի մեքենայությունների, ամենաճղճիմ քայլերի՝ քանդել եւ երկու տարի շարունակ քանդած վիճակում պահել հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, Ազատության հրապարակը լցնել զանազան կարուսելներով, ըստ էության թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանը անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում",- այսպես է գնահատել ՀԱԿ-ը իրավիճակը եւ խոստացել է սկսել "Ազատության հրապարակի վերանվաճման գործընթաց": Ապա երեք կետից կազմված գործողությունների ծրագիր է ներկայացրել, որտեղ առաջինը իշխանությունների առաջարկին համաձայնելով հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու որոշումն է: Երկրորդը՝ "ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր ներկայացնելը", եւ երրորդը՝ "արգելման ապօրինի որոշումները բոլոր դատական ատյաններում՝ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան վիճարկելը"։ Ինչպես նաեւ Եվրախորհրդին եւ միջազգային կառույցներին դրանք ներկայացնելը: Երեք կետն էլ խոսում են քաղաքական հասունության եւ իր անելիքների հստակ ծրագիր ունենալու մասին: Տեսնենք, թե որքանով այն կիրականացվի: