Նոր եւ պահպանողակա՞ն

Նոր եւ պահպանողակա՞ն
Ջավախքի հետ կապված խնդիրներով ակցիաներ անող «Նոր պահպանողական» կոչվող հասարակական շարժումը, պարզվեց՝ կուսակցական գործունեություն ծավալելու ծրագրով է ասպարեզ մտել: Նախ, ջահելներն աղմուկ արեցին ազգային հողի վրա, ապա կուսակցության ստեղծման մասին հայտարարեցին: Սեպտեմբերի 3-ին այդ մասին հաղորդագրություն են տարածել: Նոր պահպանողական շարժումը դարձել է Նոր պահպանողական կուսակցություն, որի նախագահն է էդգար Հելհելյանը: Ամենակարեւորը՝ այս երիտասարդները հավակնոտ են եւ «աշխարհը քանդելու՝ նորը կառուցելու» ծրագրեր ունեն:



Նորաթուխ առաջնորդն այս առիթով նշել է. «Նոր պահպանողական կուսակցությունը այսօրվա անգույն քաղաքական դաշտում լինելու է երանգ հաղորդող ուժ: Այն նոր ուժ է, որը գալիս է հին խնդիրներին լուծում տալու: Խնդիրներ, որոնք նույնքան տարվա պատմություն ունեն, ինչքան մեր հանրապետությունը: Մենք այսօր ունենք նույն խնդիրները, ինչ ունեինք քսան տարի առաջ: Այսօր էլ  կա Արցախի անկախության  խնդիրը, սովետական կամ հետսովետական Ռուսաստանից ազատագրվելու խնդիրը, այսինքն` ազգային-ազատագրական եւ ազատ ու անկախ պետություն կայացնելու խնդիրը:



Բայց ամենակարեւոր խնդիրը, ինչպես նշել եմ մի քանի անգամ, հայ ժողովրդի գիտակցության փոփոխության խնդիրն է: Քանի դեռ մենք այս հարցը չենք լուծել, ցանկացած ձեռնարկ, ցանկացած նախաձեռնություն չի կարող իրականություն դառնալ: 88թ.-ից տասնամյակներ հետո նորից եկել-կանգնել ենք հեղափոխության անհրաժեշտության առջեւ, հոգեւոր հեղափոխության: Եվ այս առումով մեր կուսակցությունը կլինի հեղափոխականների միություն, որոնք կպայքարեն հանուն նոր Հայաստանի եւ նոր հասարակության: Հասարակության, որը կպայքարի հանուն իր արժանավայել եւ բարեկեցիկ ապագայի»: Ահա այսպիսի բարձրագոչ բառեր: