Ավելորդ աչք եւ ուտող բերան չի հանդուրժում

Ավելորդ աչք եւ ուտող բերան չի հանդուրժում
Գյուղատնտեսության նախարարությունում կառավարման համակարգ չկա, կա նախարար եւ ստորին օղակի ղեկավար: "Հրապարակ" թերթում մորեխների մասով նախարարի բերած հիմնավորումը բացարձակ սուտ է (խոսքն այն մասին է, որ մորեխների դեմ պայքարի համար նախատեսված գումարներն օգտագործելու նպատակով կեղծվել են մորեխների առկայության քանակը եւ տեղադրման վայրերը` խմբ.): ՊՈԱԿ-ի իբր կատարած մոնիտորինգի 30 հազար հա-ից ընտրվել էր 3090 հա առավել վարակված տարածք եւ նախատեսվել էր նշված տարածքների վրա կատարել քիմիական պայքարի միջոցառումներ, որից 47 հա-ն՝ Արագածոտնի մարզում, 650 հա-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքում, եւ 2.393 հա-ն՝ Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի տարածքներում: Ընդհանուր 17 միլիոն 770 հազար դրամ գումարով:



Ըստ "Բուսասանիտարիայի մասին" ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ կետի՝ մոնիտորինգը պետք է կատարի տեսչությունը, բայց քանի որ ՊՈԱԿ-ի տնօրենը նախարարի սիրելին է՝ ինֆորմացիա տալու հատկությամբ եւ 22 տարվա տնօրեն լինելով, Գերասիմ Ալավերդյանի նման լավ նախարար չի ունեցել, ուստի մոնիտորինգի նման "պատասխանատու" գործը վստահվել է տնօրենին: 2009 թվականին էլ է մոնիտորինգը կատարել ՊՈԱԿ-ը, եղել է տեսչության պետի նույնաբովանդակ զեկուցագիրը, բայց նախարարը տեսչության պետի պահանջած հանձնաժողովի մեջ չի ընդգրկել ոչ իրեն, ոչ էլ անկախ մասնագետի: Հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, որոնց համար նախարարի կամքը Աստծո կամքն է, նախարարի ցանկությունը վեր է օրենքից էլ, արդարությունից էլ, եւ արդյունքում փողերը ծախսվեցին տեղը տեղին, "գլադկի", եւ մորեխներն են ողջ, եւ պատվիրատուն ու կատարողը` կուշտ:



Այս տարի էլ նույնը կլիներ, եթե տեսչության պետի զեկուցագրի ճակատագիրը կախված լիներ նախարարի քմահաճույքից: Բարեբախտաբար նա արձակուրդում էր, իսկ նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանն անկողմնակալ գտնվեց եւ հավուր պատշաճի ընթացք տվեց: Կազմվեց հանձնաժողով՝ 4 հոգուց բաղկացած, կատարվեց ստուգում` համեմատելու ՊՈԱԿ-ի նկարած եւ տեսչության արձանագրած փաստացի տվյալները: Պարզվեց, որ Շիրակի մարզում նախատեսված 2.393 հա-ի վրա մորեխ չկա: Մտածված ընտրվել են այնպիսի տարածքներ, որ պայքարի աշխատանքները 100% չկատարեն, բայց ապահովվի 100%-անոց արդյունավետություն: Չեղած մորեխը պայքարի աշխատանքներից հետո էլ հաստատ չի լինի: Սա ծրագրավորված գողության հիմնավորում է՝ կազմակերպված ՊՈԱԿ-ի տնօրենի եւ նախարարի կողմից:



Նախարարությունում փողերի շարժին մասնակցում է 2 հոգի` նախարարը եւ ստորին օղակի ղեկավարը: Երբ հարցը վերաբերում է փողին եւ մարդ տեղավորելուն, կառավարման շղթայից դուրս են մնում նախարարի տեղակալներն ու վարչության պետերը: Սա նախարարի "պրինցիպներից" է` ավելորդ աչք ու ուտող բերան չի հանդուրժում: Բերանի հարցով ստացվել է, աչք փակելը չի ստացվի՝ բոլորն էլ տեսնում են ու զայրույթով կամ զավեշտով խոսում այդ մասին: Նախարարի նշած տվյալները՝ մոնիտորինգի արդյունքները, հորինվածք են:



Արագածոտնի թիվն ավելացել է ոչ աշխատանքային օրերին ՊՈԱԿ-ի կողմից "անցկացված մոնիտորինգի" արդյունքում, Շիրակի մարզի թվերը ֆիքսվել են Ախուրյանի երեք գյուղերում` հանձնաժողովի կողմից, Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետի ահազանգի  արդյունքում, Գեղարքունիքի տվյալներն ավելացել են հանձնաժողովի որոշմամբ: Հանցագործության նպատակով կատարված այս կեղծիքը նախարարին չի հուզում՝ ՊՈԱԿ-ի տնօրենին նույնիսկ դիտողության չի արժանացրել: Դա հիմք է տալիս մտածելու, որ արվել է իր անմիջական ցուցումով կամ գիտությամբ, այլապես ինչո՞ւ  առանց աջ ու ձախ նայելու, բաց, թափանցիկ ու շիտակ աշխատող նախարարը չի ազատում աշխատանքից նաեւ այս  ՊՈԱԿ-ի տնօրենին:



Եթե այս կեղծիքի նույնիսկ 10 %-ն արած լիներ տեսչությունը, նախարարն առանց աջ ու ձախ նայելու կհամարեր հանցագործություն, շտապ գործ կսարքեր ու կուղարկեր դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Քաղծառայության խորհուրդ, Անվտանգության խորհուրդ եւ հաստատ կգրեր իր թեւավոր միտքը՝ "Սա կարող էր դառնալ լուրջ սպառնալիք պետության պարենային անվտանգության համար", եւ "տնտեսական դիվերսիա" բնորոշմամբ կպահանջեր կայացնել դատավճիռ հայրենիքին դավաճանելու հոդվածով: Հիմա լռում է, ինչո՞ւ...



Ինչ վերաբերում է բուսասանիտարիայի տեսչության միջոցով հսկելուն, նշեմ, որ արդեն մեկ տարի է՝ նախարարը մեկուսացրել է տեսչությունն ընդհանուր գործերից, ամեն ինչ անում է, որ տեսչությունը կազմալուծվի: Ըստ իրեն՝ այդպիսի ստորաբաժանում ինքը չունի, Վռամ Գյուլզադյան անուն-ազգանունով աշխատող չունի: Մեկ տարի է՝ իրար չենք տեսել, չենք խոսել. խռովել է, խորհրդակցությունների չի հրավիրում, երբ պետք է, խոսում է բաժինների պետերի կամ մարզային աշխատողների հետ: Մեկ տարվա ընթացքում ինձ տվել է օրենքին հակասող մեկ գրավոր հանձնարարական եւ մեկ բանավոր հանձնարարություն՝ նախարարի տեղակալի միջոցով:



Գրավոր հանձնարարականի կատարումից հրաժարվել եմ օրենքով սահմանված կարգով, բանավորը մերժել եմ բանավոր: Բանավոր հանձնարարականով  պահանջում էր գրել հիմնավորում ՓՄՁ-ի խմբին դասվող թունաքիմիկատների վաճառքի խանութներում ստուգում  անցկացնելու նպատակով վարչապետի համաձայնությունն ստանալու համար: Մերժել եմ, որովհետեւ տեսուչների ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ դրա կարիքը չկա: Իմ փոխարեն նկարել է հիմնավորում, կորզել վարչապետի համաձայնությունը, տվել 49 հանձնարարագիր մարզային տեսուչներին եւ լիցենզիայի վարչության աշխատակցին, լիցենզիայի վարչության պետին էլ կարգել  ստուգումների պատասխանատու` որպես յուրային, վստահելի  կուսակից ընկեր, եւ ոչ մի տուգանք: Արդյունքում՝  ավելորդ հանձնարարագրեր, ավելորդ ծախսեր, տնտեսվարող սուբյեկտներին ավելորդ անհանգստացնելու 49 դեպք:



Տեսչության թափուր տեղերի համար նախարարը չի թողնում մրցույթ հայտարարեն. եթե գտնում է յուրային, պայմանագրով կպցնում է, եթե ոչ` մերժում է "դրա ժամանակը չէ" բառերով: Ամեն ինչ անում է, որպեսզի ձախողի տեսչության աշխատանքները, բայց չի ստացվում, չի ստացվի:



Ինչ վերաբերում է իմ դեմ սարքած նախորդ գործերին (շինարարության եւ կարտոֆիլի ներկրման հետ կապված չարաշահումների մասով), ապա շինարարության գործը կարճվել է մեղադրանքի համար հիմք չլինելու պատճառով (նախարարի կամակատարների կողմից արձանագրված 22.7 մլն դրամի փոխարեն փորձագետներն արձանագրել են 1.4 մլն դրամի խախտում, որը շինարարը վերականգնել է): Որպես պատասխանատու ստորաբաժանման պետ՝ դիմել եմ նախարարին, խնդրելով, որ միջոցներ ձեռք առնի տեսչության մարզային կառույցների անավարտ շինությունների պահպանության համար՝ տեսչությունը միջոցներ եւ իրավասություններ չունի:



Արդեն քանի ամիս է անցել, բայց զեկուցագրիս նույնիսկ չի էլ պատասխանել: Նորից կգողանան-կտանեն ինչ հնարավոր է, եւ "հիմք" կստեղծվի տեսչության պետին մեղադրելու համար: Կարտոֆիլի գործով Քաղծառայության խորհուրդն անհիմն է համարել նախարարի որոշումը եւ մերժել է ինձ աշխատանքից ազատելու համաձայնություն տալու նրա խնդրանքը:



Այդ սարքված գործերը չկայացած մարդու, չկայացած տղամարդու, առավել եւս՝ չկայացած կառավարիչի արարք են: Իհարկե, առօրյա խոսակցության մեջ նման արարքներին ու անողին բնորոշող ավելի պարզունակ բառեր ու արտահայտություններ կան... Ինքս պատրաստվում եմ մասնակցել հերթական ատեստացիային, աշխատել անթերի եւ, իհարկե, հասնել նրան, որ հանձնաժողովի անդամներն ու նախարարը կեղծ տվյալներ ներկայացնելու եւ ինձ վարկաբեկելու համար պատժվեն օրենքով: Հանձնարարել եմ փաստաբանիս, որ պատրաստի նյութերը եւ դիմի դատարան:



Վռամ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ