Ինձ սպանելու են, ասում է Կարոյի պապը

Ինձ սպանելու են, ասում է Կարոյի պապը
Հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտունու շրջանի զորամասում զոհված 6 զինծառայողներից մեկի` Կարո Այվազյանի պապը` Ջիվան Միքայելյանը չի հավատում, որ իր թոռն ինքնասպանություն է գործել, քանի որ նրա թոռան, նաեւ մյուս տղաներին առանց շորերի են բերել եւ կոտրվածքներով: Հիշեցնենք, որ Կարո Այվազյանը սպանել էր զինվորներին նվաստացնող սպային եւ եւս չորս հոգու, ապա ինքնասպան եղել: Բայց Ջիվան Միքայելյանը համոզված է, որ դեպքը սխալ են ներկայացնում՝ տղաները մահից առաջ տանջանքների են ենթարկվել: Երեկ Ջիվան Միքայելյանը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ ինչ-որ մարդիկ իրեն մշտապես սպառնում են, պահանջելով, որ դադարի բողոքել, այն աստիճանի, որ ինքը խուսափում է մոտենալ դռանը եւ միայնակ քայլել փողոցով: "Ինձ թվում է, որ ինձ կսպանեն",- ասում է ծերունին:



Երեկ նրան այցելել է Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ Արթուր Սաքունցը: Ըստ վերջինիս, Կարո Այվազյանի հարազատը, ի տարբերություն մյուս զոհվածների հարազատների, պնդում է, որ իր թոռնիկին ապօրինաբար են տարել բանակ, եւ մինչեւ վերջ պատրաստվում է բողոքել: Սաքունցը հայտնեց նաեւ, որ զոհվածների մյուս հարազատները եւս հաստատել են, որ տղաների մարմիններին վնասվածքներ են եղել:



"Նրա ձախ քունքի մոտ ուռուցք է եղել, մատները կոտրված են եղել:  Այվազյան Կարոյի վրա աջ երիկամի ուղղությամբ սեւաձեւ հետք է հայտնաբերվել",- պատմում է Սաքունցը: Երբ Այվազյանի քեռին հարցրել է, թե ինչ կապտուկ է սա, ասել են` դիակի տեղափոխման ժամանակ կապտուկներ են առաջացել: Իրավապաշտպանի եւ զոհվածների հարազատների հետ մեր հանդիպումների մասին կարդացեք հաջորդ համարում: