Այնքան ենք լսել` սովորական է դարձել

Այնքան ենք լսել` սովորական է դարձել
Հարգելի Լեւոն Սարգսյան



Արդեն Ձեր երկրորդ հոդվածն եմ կարդում "Հրապարակում": Չեմ վարանում ասել, որ հիացած եմ  եւ լիովին սատարում եմ: Եվ խնդիրն ու թեման են խիստ արդիական ու հրատապ, արծարծված երեւույթը, եթե շատ տխուր չլիներ, կհամարեի զավեշտ, եւ հոդվածների լեզուն ու մտքերի կուռ շարադրանքն են լրացնում ասելիքը: Անհրաժեշտ է հետեւողականորեն, նույն ոգով շարունակել: Մատներիս վրա կհաշվեմ նման գրագետ ու քաջ լրագրողների:



Կներեք անգիտությունս, բայց  կարծես թե Ձեզ առաջին անգամ եմ հանդիպում մամուլում եւ չգիտեմ՝ լրագրող եք, թե լեզվաբան: Եթե դեմ չեք, մի քանի խոսք փոխանակենք:



Ես շինարար եմ: Կրթությունս հայկական է, բայց  ազատ տիրապետում եմ նաեւ ռուսերենին, անգլերենս բավարար է: Շատ եմ սիրում իմ մայրենին, եւ ամեն անգամ սիրտս տնքում է, երբ նրան ամենուր հանիրավի տրորում են ու անխնա  ծվատում:



Ամեն անգամ  բարձր ատյաններից, եթերից հնչող, տպագիր մամուլում "լիիրավ տեղավորված" արտառոց սխալների, գռեհիկ արտահայտությունների մասին ահազանգում եմ. գրել եմ թե այդ Արտեմ Սարգսյանին (ի դեպ, նա էլ  չի փայլում սահուն ու գեղեցիկ խոսքով), թե նրա տիկնոջը, մնացած հեռուստաընկերություններին, Պետրոսին Ղազարյան` իր գործած ավերածությունների մասին, Սերգո Երիցյանին, նրանից առաջ` Լավրենտի Միրզոյանին եւ այլոց: Բայց ոչ մեկը չի էլ փորձում գոնե մի բան անել: Չէ, Արտեմն անմիջապես դադարեցրեց 2 շատ անգրագետ գովազդների հեռարձակումը:



Արդեն հայ երեխան այնքան է լսել  դերասանների, պաշտոնյաների, նույնիսկ իր ուսուցիչների ու  հաղորդավարների  բերանից ,իմ համար, քո համար, բանը կայանում է նրանում, այսինչ բանի հետ կապված, աշխատանք տանել, գտնում եմ այսպես, անունդ ինչպես է, խոսա-խոսացեք, սովորացրեք" եւ այլ արտահայտություններ, որ այլեւս չես կարող համոզել, թե դա հայերեն չէ, դա չէ հայերենը, այնքան է լսել աղքատիկ բառապաշարով կիսագրագետ, խղճուկ խոսք, որ այլեւս չի էլ  ընկալում գրական լեզուն:  Ի դեպ, Ձեր հոդվածում էլ վրիպում կա. "...համամիտ ենք նախարարի հետ" (ճիշտը` նախարարին), "...երդման տեքստի հետ կապված" (շատ տարածված կաղապար է):



Անընդհատ լսելով նույն սխալը, ականջդ վարժվում է, եւ այլեւս չես ընկալում այն իբրեւ արտառոց բան: Երբեմն ես դիտողություն եմ անում, բայց ինձ հակադարձում են` "ինչ տարբերություն, մեկ ա, հասկացվում ա": Փորձեք պատկերացնել մի ռուս կթվորուհու կամ ամենախուլ գյուղի անգրագետ բնակչի, որ էկրանից արտասանի` Պսÿ Վվպ, Պսÿ Ցպոպ...



էլ չի կարելի հանգիստ նստել ու  տեսնել  հայոց լեզվի  հոգեվարքը:



Դժվարանում եմ  արդյունավետ  պայքարի ձեւ առաջարկել նման իրավիճակում, բայց էլ սպասել չի կարելի՝ հայոց լեզուն դանդաղ մահանում է: Եկեք միասին մտածենք, մի բան ձեռնարկենք, պայքարենք, չգիտեմ էլ ինչ անենք: Պետք է էդ կիսագրագետ նախարարներին էլ, մնացած պաշտոնյաներին էլ, դերասան-արվեստագետներին էլ, անտաղանդ շոումեններին էլ անընդհատ բացատրել ու հասկացնել, որ իրենք իրավունք չունեն ամենամեծ լսարանին սովորեցնել իրենց կիսագրագետ ու պարզունակ խոսքը, հորդորել, որ կարող են պետականորեն ազդել թե մամուլի, թե հեռուստատեսության վրա, պարտադրել չաղավաղել հայոց լեզուն, լեզվամտածողությունը, լեզվի կառուցվածքը, ոչ թե մի բան էլ նպաստել լեզվական ավերներին: Ստացվում է, որ մի քանի մարդ մտահոգ են ու նախանձախնդիր, մնացածների  համար սխալներով խոսելն ու գրելը ճաշակի հարց է, ինչպես ինձ պատասխանեց նշանավոր Պետրոսը:



Կներեք Ձեր համբերությունը չարաշահելու համար, բայց  տառապանքս անսահման է ու ասելիքս էլ՝ շատ, դրա համար էլ գրեցի ու մի քիչ էլ ավելի խառն ու ցաքուցրիվ եմ արտահայտում մտքերս: Եթե կուզեք՝ արձագանքեք, ես շատ ասելու բան ունեմ ու պայքարելու ցանկություն, քանի որ զոհասեղանին իմ մայրենին է:



Մարիամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ