Տիպիկ ռուսական լուսաբանում

Տիպիկ ռուսական լուսաբանում
Սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կմ արեւելք) արձանագրված ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձի մասին գրել է նաեւ ռուսական ՌԲԿ լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված ձեռնամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները, ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են մղվել:



Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան: "Հայաստանը եւ Ադրբեջանը հանգեցին ղարաբաղյան կոնֆլիկտի սրացման" վերնագրով հոդվածում գործակալությունը պարզապես գրում է, որ սեպտեմբերի 4-ին զինված բախում է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանական բանակների միջեւ: ՌԲԿ-ն, մնալով չեզոք, հղում է արել Բի Բի Սի-ին եւ գրել, որ երկու կողմերն էլ հարձակման մեջ մեղադրում են միմյանց:



Հուրախություն հայ-ռուսական բարեկամության անկեղծությանը հավատացողների, ասենք, որ գործակալությունը Լեռնային Ղարաբաղն անվանել է  "տարածք Անդրկովկասում, որի բնակչության մեծ մասը կազմում են հայերը": "Միաժամանակ 1923թ.,-շարունակում է ՌԲԿ-ն,-մարզը գտնվել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում` որպես ինքնավար հանրապետություն: 1987-1988 թթ. տարածաշրջանի հայկական բնակչությունն ակտիվորեն հանդես է եկել հօգուտ Հայաստանին միանալու, ինչն էլ հանգեցրել է միջէթնիկական բախումների երկու անդրկովկասյան հանրապետություններում":



Վերջում աղբյուրը նշում է, որ, չնայած ԽՍՀՄ իշխանությունները Լեռնային Ղարաբաղում արտակարգ իրավիճակ հայտարարեցին, չկարողացան փրկել իրավիճակը: "Կոնֆլիկտն աստիճանաբար վերածվեց մեծամասշտաբ պատերազմի` 1992-1994 թթ., որի արդյունքում տարածքը փաստացի անցավ Հայաստանի հսկողության տակ",-եզրափակում է ռուսական լրատվամիջոցը: