Սեփական նախագահիդ քննադատիր

Սեփական նախագահիդ քննադատիր
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նախօրեին Լարիսա Ալավերդյանի հետ բանավիճելու ժամանակ "ուզուն ախմախ" (հիմար բարձրահասակ)  է անվանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որը սեպտեմբերի 2-ին Բաքվում, աշխարհի ամենամեծ դրոշի բացման արարողության ժամանակ, հայտարարել էր, որ այն պետք է ծածանվի Ստեփանակերտում: 114 մետր բարձրությամբ դրոշը, սակայն, որոշ ժամանակ անց քամու մեծ ուժգնության պատճառով պատառոտվել էր, եւ ահա, Ռաֆիկ Պետրոսյանն ասում է, որ միայն ախմախ ուզունը կարող է, "իր երկար բոյն առած", "բացել" մի դրոշ, որը կես ժամ հետո պետք է պատառոտվի:



Պարոն Պետրոսյանին, որը "ախմախուզունություն" է համարում նաեւ Ադրբեջանի նախաձեռնությունը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ադրբեջանական օկուպացված տարածքների իրավիճակի հարցը, լրագրողներից մեկը հարցրել է` էլի՞ ախմախություն կհամարեր, եթե դրոշը ծածանվեր մեկ մետր վաթսուն սանտիմետրի վրա: Ռաֆիկ Պետրոսյանն էլ իրեն բնորոշ հումորով պատասխանել է, որ մեկ մետր վաթսուն սանտիմետրի վրա քամին չէր պատառոտի դրոշը: