Կասեցված «Մյուդ» ինստիտուտը շարունակելու է գործել

Կասեցված «Մյուդ» ինստիտուտը շարունակելու է գործել
Նոր ուսումնական տարին արդեն մեկնարկել է: Դպրոցներում, բուհերում ուսումնական եռուզեռ է, ինչը, սակայն, բացակայում է որոշ մասնավոր բուհերում, որոնք ԿԳ նախարար Աշոտյանի թեթեւ ձեռքով փակվեցին: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ լիցենզավորման վարչությունը օգոստոսի 12-ին կայացած կրթության ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստում դադարեցրեց 7 մասնավոր բուհի գործունեությունը, իսկ եւս 6 բուհ կասեցրեց առանձին մասնագիտությունների գծով: Մենք փորձեցինք այդ բուհերից տեղեկանալ, թե ինչ է կատարվում կասեցումից հետո:



"Քավենդիշ" համալսարանից պարզեցինք, որ իրենք ստացել են ուսումնական հաստատությունը լիցենզիայից զրկելու ԿԳՆ որոշումը: Ըստ այդ որոշման՝ բուհը փակվել է դասախոսների հիմնական կազմի ոչ բավարար լինելու պատճառով, ինչպես նաեւ բուհի մարզադահլիճը վարձակալված է եղել, եւ պայմանագիրը չի ունեցել նոտարական հաստատում: "Որոշման մեջ ասվում է, որ բուհը չունի նաեւ լաբորատորիա, բայց ինչ լաբորատորիա՝ չի ասվում: Եվ սա այն դեպքում, որ մեզ լաբորատորիա պետք էլ չի",-ասաց բուհի աշխատողներից մեկը: Բուհի ուսանողները տեղափոխվել են այլ բուհեր, հիմնականում ամերիկյան հումանիտար քոլեջ: "Քավենդիշն" այժմ զբաղվում է միայն կարճաժամկետ կրթական ծրագրով, "որի համար լիցենզիա անհրաժեշտ չէ",- ասում է աշխատողը:



"Մյուդ" իրավաբանական ինստիտուտը, փաստորեն, չհաշտվեց նախարարության որոշման հետ եւ դեռ սկզբից էլ ասում էր, որ կբողոքարկի: "Մյուդը" սպասում էր ԿԳՆ լիցենզավորման վարչության որոշմանը, որ դատարան դիմեր: Ռեկտորը մեզ հետ զրույցում նշեց, որ բուհի լիցենզիան կասեցվել է մինչեւ խախտումների վերացումը: Այս դեպքում էլ առկա է եղել մարզադահլիճի պայմանագրի՝ նոտարով հաստատված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ որոշ խնդիրներ՝ կապված ուսանողների պրակտիկայի վայրի հետ: Բայց բուհի ռեկտոր Ալլա Աղասյանը կարճ ժամանակում բոլոր թերությունները վերացրել է եւ նոր ուսումնական տարում արդեն գործելու է: "Ես կարճ ժամանակում վերացրել եմ բոլոր խախտումները եւ օգոստոսի 27-ին գրությունը, նոտարով հաստատած, ուղարկել եմ իրենց:



Գրության մեջ ասվում է, որ բոլոր թերությունները վերացված են, պայմանագրերն էլ` կնքված: Օրենքն ասում է, որ լիցենզիայի կասեցումը հանվում է խախտումները վերացնելուց 5-օրյա ժամկետում: Մեր բուհի կասեցումը, ըստ ժամկետի, վերանում է սեպտեմբերի 1-ի դրությամբ: Օրենքը չի էլ պահանջում, որ նրանք պետք է հատուկ որոշում կայացնեն կասեցումը հանելու համար: Այդ պատճառով էլ բուհը սկսել է իր բնականոն աշխատանքը",- ասաց ռեկտորը: Բայց նա այս ամենով չի սահմանափակվելու. "Այս ամենը չի նշանակում, որ ես լռելու եմ նրանց կատարած անօրինությունների դեմ:



Նրանք մեզ հսկայական վնաս են տվել եւ պետք է հատուցեն": "Մյուդի" ռեկտորը պատրաստվում է դատարան դիմել եւ վերականգնել բուհի հեղինակությունը: Ռեկտորի հավաստմամբ՝ բուհից ոչ մի ուսանող չի հեռացել, քանի որ իրենք հենց սկզբից էլ վստահ են եղել, որ որոշումն անօրինական է: Այն բուհերը, որտեղ մասնակի կասեցվել են որոշ մասնագիտություններ,  ուսանողները, բուհերի ղեկավարների հավաստմամբ՝ տեղափոխվել են նույն հաստատության այլ բաժիններ: Հիշեցնենք, որ բացի վերը նշվածներից՝ փակվել էր նաեւ "Վանեվան" ինստիտուտը, Արմավիրի "Արարատ" համալսարանը եւ Արտաշատի "Արտաշատ" համալսարանը: