Տուր քո օրհնությունը Մեսրոպ

Տուր քո օրհնությունը Մեսրոպ
Գրողներ, երգիչներ, նկարիչներ, "Կարին" ազգագրական պարի խումբը, բազմաթիվ ՀԿ"ներ եւ "Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը" բողոքի ակցիայի նախաձեռնող խումբը կիրակի օրը ճանապարհ ընկան Օշական՝ հարգանքի տուրք մատուցելու Մեսրոպ Մաշտոցին՝ այն մարդուն, ով մի կողմից պարսկական, մյուս կողմից բյուզանդական գլոբալացման ծրագրերին հակադրեց անխափան մի գործիք, որը ոչ միայն պահպանելու, այլեւ կերտելու էր ազգի ինքնությունը։ Այն ազգի, որ մարմնով կապված էր Արեւելքին, իսկ հոգով ձգտում էր Արեւմուտք։ Տասնվեց դար անց, թվում է, ոչինչ չի փոխվել, բացի գաղութարարների անուններից, եւ Հայաստանը նույն երկընտրանքի առջեւ է։ Ժողովուրդը, իր դեմ ելած իշխանությունների կողմից աջակցություն գտնելու հույսը կորցրած, ասես դիմում էր անցյալի իշխանությունների՝ Վռամշապուհ արքայի ու Սահակ կաթողիկոսի օգնությանը, որոնց ազգասիրության ու հեռատես քաղաքական մտքի շնորհիվ էր հնարավոր դարձել Մեսրոպի բացառիկ սխրանքը։



ՄԵՍՐՈՊԻ ՍԵՆՅԱԿԸ



Ավտոբուսը շարժվեց Մատենադարանի մոտից։ Ուխտագնացության մասնակիցներից մի քանիսը որոշել էին ոտքով հասնել Օշական եւ դուրս էին եկել լուսադեմին։ Մենք նրանց տեսանք արդեն Օշականի մերձակայքում։ Վերջին մի քանի կիլոմետրը որոշեցինք մենք էլ անցնել ոտքով՝ նախապես զինվելով ակցիայի նշանով ստվարաթղթե գլխարկներով։ Անցանք ընկույզի ծառերի սաղարթներից գոյացած կանաչ թունելներով եւ տասնիններորդ դարից մնացած շենքերի կողքով։ Վերջապես մեր առջեւ հառնեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որի խորանի տակ է գտնվում Մեսրոպի գերեզմանը։ Եկեղեցու մոտ մեզ էին սպասում Գյումրիից ու Վանաձորից ժամանած ավտուբուսները։ Մասնակիցները փորձեցին այբուբենի տառերը կախել եկեղեցու տարածքում գտնվող ծառերից, բայց մեզ թույլ չտվեցին։



Արգելեցին նաեւ նկարահանումներ անել՝ պատճառաբանելով, թե չունենք թույլտվություն Մայր Աթոռից, իսկ եկեղեցին իրավաբանական անձ է եւ համարվում է մասնավոր տարածք։ Նախաձեռնության մասնակիցները խաղաղ էին տրամադրված եւ եկեղեցու տնօրինության հետ վեճի չբռնվեցին։ Նրանց ուշադրությունը գրավեց եկեղեցու տարածքում գտնվող ռուսերեն "Туалет" գրությունը, որը կատակների առիթ դարձավ։ Ոմանք պատճառաբանեցին սույն փաստը նրանով, որ եկեղեցի այցելում են զբոսաշրջիկները, եւ ամեն ինչ արված է, որպեսզի նրանք զգան իրենց ինչպես տանը։ Մյուսներն էլ հանգեցին եզրակացության, որ հայերը պատմականորեն զրկված են եղել զուգարան գնալու հնարավորությունից։ Հետո ակցիայի մասնակիցներին սատարելու եկավ Զարուհի Փոստանջյանը, ով անընդհատ ծանոթ մարդ էր տեսնում ու անընդհատ մտերմիկ բարեւում՝ պրի՜վետ։



Խաչքարերի պուրակը պաշտպանված էր արգելափակող պարանով, եւ կային նախազգուշացնող գրություններ, որ արգելում էին մտնել պուրակ ու ձեռք տալ խաչքարերին։ Չնայած դրան, մի աղջիկ, որ պարզվեց՝ ուսանող է, պուրակի խորքում քնքշանքով շոյում էր խաչքարը։ Բայց մենք ուսանող չէինք ու խաչքար շոյելու չէինք եկել եւ շարքով իջանք Մեսրոպի մոտ։  Մեսրոպի շիրմաքարը փայլուն էր, մարմարյա, վրան ծաղկամաններով ծաղիկներ էին դրված, առջեւում գորգ էր փռված, ու տպավորությունն այնպիսին էր, որ դա ոչ թե շիրմաքար է, այլ թախտ, որից հիվանդը վեր է կացել մեկ"երկու րոպեով՝ բնական կարիքները հոգալու։ Էլեկտրական լամպի աղոտ լույսը նույնպես հիվանդասենյակի տպավորություն էր ստեղծում։



Ուխտագնացության մասնակիցներն էլ այնպիսի խորհրդավոր լռություն էին պահպանում, ինչպես լինում է շատ ծանր հիվանդներին այցելության ժամանակ։ Ու ինչպես լինում է ծանր հիվանդի մոտից դուրս գալուց հետո, մենք Մեսրոպի "սենյակից" դուրս եկանք ոչ թե ընկճած, այլ ոգեւորված ու գոտեպնդված։ Ընկերներիցս մեկն անգամ ասաց, որ իր ցավերն անցան։ Եվ պատարագը, որի մասնակիցը դարձանք ակամա, մի տեսակ նոր իմաստ ուներ։ Առհասարակ այս եկեղեցում հայկական ժամանակակից եկեղեցու համար անսովոր հոգեւոր մթնոլորտ էր տիրում, ու ո՞նց չմտածես, որ Մեսրոպի սուրբ հոգին էր թեւածում մեր գլխավերեւում։ Բայց մենք մինչեւ պատարագի ավարտը չմնացինք, քանի որ էլի ծրագրեր կային, եւ պիտի հասնեինք Երեւան՝ երթին մասնակցելու։



Մոմեր վառեցինք ու հանգցրինք եկեղեցուց դուրս գալուց առաջ, որ մեկ էլ Երեւանի Սուրբ Սարգիսում վառենք՝ այդպիսով Մաշտոցի լույսը հասցնելով նրա անվամբ կոչված պողոտան պսակող եկեղեցին։ Եկեղեցու պարսպից դուրս "Կարին" խումբը բողոքի իր ձեւն էր պատրաստել՝ պարը, որի մեջ փորձում էր բոլորին ներգրավել խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Պարն ընդհատվում էր Արսեն Համբարյանի երգեցողությամբ՝ հատվածներ էպոսից, ազգային"ազատագրական երգեր, ազգագրական երգեր եւ մի երգ՝ նվիրված դպրության աստված Տիրին։ Պար, երգ, պար, երգ, մինչեւ եկեղեցուց դուրս եկան եւ ասացին, որ պատարագի ծեսին խանգարում ենք, մենք էլ նստեցինք ավտոբուսները եւ վերադարձանք Երեւան։



ՊԱՏՄԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ



Կորյունը հայտնում է, որ Մաշտոցը չբավարարվեց միայն գրերը ստեղծելով, այլեւ հիմնադրեց դպրանոցներ, որտեղ սովորում էին ոչ միայն հարուստների ու ազնվականների երեխաները, այլեւ ռամիկների։ Ոչ միայն տղաներ, այլեւ աղջիկներ։ Մաշտոցը բանակցություններ վարեց ու հետամուտ եղավ, որ դպրոցներ բացվեն նաեւ Հայաստանի բյուզանդական մասում, որ պետություն կորցրած ժողովուրդը չձուլվի հոռոմներին։



Բայց Մաշտոցը դրանով էլ չբավարարվեց, նա գրեր ստեղծեց նաեւ վրացիների ու աղվանների համար, որովհետեւ հասկացավ, որ գլոբալացման դեմ դժվար է մենակ պայքարել, իսկ որպեսզի հարեւանները պայքարեն, պետք է կորցնելու բան ունենան։ Մաշտոցը մեր նոր գործիչների պես չէր թողել գիրը ու զենք բռնել, այլ թողել էր զենքը ու գրին նվիրվել, որովհետեւ հասկացել էր՝ գրից ավելի մեծ զենք չկա։ Ու որքան էլ ժամանակները նման լինեն, դրանք տարբեր են ըստ էության՝ պետականության կորստի պայմաններում մենք ձեռք բերեցինք իրական մշակութային անկախություն, իսկ այսօր, երբ ունենք պետականություն, այդ անկախությունը կորցնում ենք։



ԵՐԹ



Մատենադարանի մոտ շատ երփներանգ բազմություն էր հավաքվել։ Սա այն վայրն է, որտեղ հնչակը կարող էր բարեւել դաշնակին, դաշնակը՝ ՀՀՇ"ականին, ընդդիմադիրը՝ իշխանամետին եւ հակառակը։ Էլի երգ ու պար եղավ, ելույթներ էլ եղան, բայց հիմնականում դրանք պաթետիկ բնույթ էին կրում եւ փորձում էին ազգային ոգին բարձրացնել այն բառերով, որ արդեն վաղուց ունակ չեն անգամ տրամադրություն բարձրացնել։ Հետո այդ երփներանգ բազմությունը, ուս ուսի տված, շարժվեց դեպի Սուրբ Սարգիս, շարժվեց մայթով, որովհետեւ քաղաքապետարանն այդպես էր արտոնել երթը, եւ երթի մասնակիցները չցանկացան դուրս գալ մայթից, այսինքն՝ օրենքի սահմաններից։ Երթն անցավ Վիլյամ Սարոյանի արձանի կողքով, ու այդ կապակցությամբ Սարոյանի դեմքը բավականին հետաքրքրված էր թվում։



Երթի մասնակիցներից մեկը բարեւեց նրան՝ բարեւ, վարպետ։ Սարոյանն էլ իր հերթին ասես հարցներ՝ էս ի՞նչ հաշիվ ա։ Ու անկախ նրանից, թե ոնց կվերաբերվեր Սարոյանը օտարալեզու դպրոցների վերաբացմանը, դժվար է դիմանալ գայթակղությանը եւ չպատկերացնել, թե ով եւ ինչ կարգի արժեք կլիներ Սարոյանը, եթե գրեր հայերեն։ Սա՝ իմիջիայլոց, առանց որեւէ հետին մտքի։



Օտարալեզու ցուցանակներով օբյեկտների մոտ երթը կանգ էր առնում ու գոռում՝ ամոթ, իսկ մնացած դեպքերում կամ այբուբենն էր ասում, կամ գոռում էր այն, ինչ գրված էր պաստառների վրա՝ "Լեզուն գույք չէ պարտքի դիմաց", "Հայ երեխային՝ հայ դպրոց" եւ այլն։ Հետաքրքրված մարդկանց երթի մասնակիցները թռուցիկներ էին բաժանում։ Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում հարսանիք էր, ու երթի մասնակիցները մի տեսակ շվարեցին, չիմանալով՝ խանգարել այն, թե ոչ։ Այնուհանդերձ շատերը մտան ներս ու վառեցին Օշականից բերած մոմերը։ Մի ջահել տղա էլ, որ ընկերուհու ձեռքը բռնած եկել էր մոմ վառելու, ասաց. "Էս միտինգավորներն էլ զզվցրին"։



ՀԱՅ ԴՊՐՈՑ



Զարմանալի բան է լեզուն։ Այն մատնում է մեր թաքուն մտքերն ու վերաբերմունքը երեւույթներին։ Հայոց լեզվում այդպիսով հնարավոր է դառնում հաճախ օգտագործվող "հայկական կին" արտահայտությունը, որը անշնչացնում ու առարկայացնում է կնոջը՝ այսինքն մարդուն, եւ կան արտահայտություններ, որ եկեղեցին, դպրությունն ու գրականությունը շնչավորում են։ Մենք չենք ասում ֆրանսիացի կամ անգլիացի գրականություն, բայց ասում ենք հայ գրականություն ու հայ դպրություն։ Քաղաքականացված մտքերը կհավելեն դրան նաեւ Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը։



Այդպիսով այդ երեւույթները դառնում են մեր ազգակիցն ու հայրենակիցը։ Քաղաքական միավորները իրենք են իրենց այդպես կոչում՝ ակնկալելով մեր ջերմ վերաբերմունքը, իսկ եկեղեցին, դպրությունն ու գրականությունը ժողովուրդն է հայ կոչել՝ ամենաջերմ վերաբերմունքից ելնելով։  Չմոռանալով "ռուս գրականություն" արտահայտությունը՝ մխիթարվենք նրանով, որ ռուսական դպրոցը դեռեւս չենք անվանում "ռուս դպրոց", եւ հուսանք, որ "Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին" նախաձեռնությունը երբեք դա թույլ չի տա։



ՉԿԱ ՉԱՐԻՔ ԱՌԱՆՑ ԲԱՐԻՔ



Ասում է հայ ժողովուրդը, եւ նա, ինչպես միշտ, իրավացի է։ Պատկերացրեք միայն՝ ի՞նչը կարող էր միավորել դաշնակին ու հնչակին, թե չլիներ Աշոտյանը։ Ի՞նչը կարող էր փողոց հանել ապաքաղաքական, "ազգային" խնդիրներով մտահոգ, "պետականամետ" ու իներտ մարդկանց, որ ցասումով էին նայում իրենց պատուհանների տակով հոսող երթերին ու "ազատ, անկախ Հայաստան" գոռացող մարդկանց։ Ի՞նչը կարող էր ընդդիմությանը հայհոյող ու իշխանությանը ծառայություն մատուցող մտավորականին սթափեցնել ու հանել պայքարի։ Բայց դեռ ինչքան "մտավորական" ու "ազգային", իրենց գրասեղանի վրա կռթնած, զբաղվում են "մտավոր" ու "ազգապահպան" աշխատանքով՝ կասեք դուք։ Դե ինչ, մնում է սպասել նորանոր չարիքների, որովհետեւ, ցավոք, այդպես է մեր կյանքում ավելանում բարիքը։