Հանրայինի տնօրեն նշանակվել է «տելեվիզիոնշչիկ»

Հանրայինի տնօրեն նշանակվել է «տելեվիզիոնշչիկ»
Նախօրեին Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել "ՀԱՅ Թի Վի" հեռուստաընկերության սեփականատեր Գագիկ Բունիաթյանը, իսկ նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը հրաժարվել է այդ պաշտոնից: Հանրայինի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Ամիրյանը հեռանում է Հեռուստառադիոխորհրդի նախագահության հետ ֆինանսական եւ սրանից բխող նաեւ կադրային տարաձայնությունների պատճառով, որոնք ծագել էին նրա պաշտոնավարման առաջին օրերից:



Արմեն Ամիրյանը մինչեւ վերջերս խուսափում էր տնօրենի պաշտոնից հեռանալու իր մտադրությունը բացահայտելուց, հերքում էր այդ մասին լուրերը եւ փորձում մոլորության մեջ գցել լրատվամիջոցներին: Հ1-ի նոր տնօրենը շոու-բիզնեսի աշխարհում Ամիրյանից ոչ պակաս հայտնի անձնավորություն է: Նա 1987-1989 թթ. KBH-ի բժշկական ինստիտուտի թիմի առաջին պրոդյուսերը եւ տնօրենն է եղել ռուսական հեռուստատեսությունում եւ "Շարմ" ընկերության հիմնադիրներից մեկը, որից 1995 թվականին առանձնացել է եւ իր հեռուստաընկերությունը՝ "SHARQ"-ը ստեղծել:



Գագիկ Բունիաթյանը քաղաքական կողմնորոշումներ չունի եւ մասնագիտացած է զվարճալի հաղորդումներում: Նա ջերմ հարաբերություններ ունի Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանի հետ: Նրա նշանակման հարցում, ասում են, էական դերակատարում է ունեցել Գարիկ Մարտիրոսյանը: Հ1-ի պատվերով "Հայ Թի Վի"-ն բազմաթիվ նախագծեր է իրականացրել՝ "Երկու աստղ", "Կապիտալ", "Սիրված երգեր": Իսկ "Երեկոյան կոկտեյլ" հաղորդումը, որն այժմ չկա,  ծնվել էր "Հայ Թի Վի"-ում եւ հետագայում տեղափոխվել Հանրային:



Ներկայում "Հայ Թի Վի"-ն Հ1-ի պատվերով նկարահանում է "Հանուն սիրո" հանրահայտ սերիալը: Այնպես որ, Ալիկ Հարությունյանի եւ Գագիկ Բունիաթյանի միջեւ հեռուստատեսության մարդիկ անկոնֆլիկտ գործընկերություն են կանխատեսում: Նաեւ կանխատեսում են, որ Հ1-ում ռաբիզության մակարդակը որոշակիորեն կբարձրանա. Բունիաթյանը նկատելի սեր ունի տարբեր կլկլոցների եւ կասկածելի որակի շոուների նկատմամբ: Որոշ տեղեկությունների համաձայն, նոր տնօրենի նշանակումը համընկել է Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հրաժարականի հետ, որը, կանխատեսելով, որ չի կարողանալու աշխատել վերջինիս հետ, նույն օրը եւեթ դիմում է գրել:



Այդ տեղեկությունը ճշտել չհաջողվեց, սակայն մեր աղբյուրները սա արժանահավատ տեղեկություն են համարում, նկատի ունենալով, որ տնօրենի հնարավոր թեկնածուների թվում էր Քեշիշյանը: Բացի դա, վերջերս նա պասիվ մասնակցություն է ունեցել Հ1-ի աշխատանքներին, հիմնականում զբաղվելով ATV նորաստեղծ TV-ով եւ անտաղանդ ֆիլմերի նկարահանմամբ: