«Դավաճան» որակողները թող իրենց հագուստն ու ուտելիքն ուսումնասիրեն

«Դավաճան» որակողները թող իրենց հագուստն ու ուտելիքն ուսումնասիրեն
Որքան մոտենում է սեպտեմբերի 19-ը, Աղթամար մեկնել-չմեկնելու քննարկումները հայ հասարակության մեջ ավելի են ակտիվանում, իսկ Սուրբ խաչում մատուցվելիք պատարագը բոյկոտողների  ու այն լսել ցանկացողների միջեւ "պայքարը"՝ սրվում: Այս ամենն ավելի խորացավ եկեղեցում 200 կիլոգրամանոց խաչը չտեղադրելու թուրքական կառավարության որոշումից հետո: Հիշեցնենք, որ թուրքական կառավարությունը հայտարարել է, թե տեխնիկական խնդիրներից ելնելով, մինչեւ սեպտեմբերի 19-ը Աղթամարի եկեղեցու գմբեթին Խաչը հնարավոր չի լինի տեղադրել, քանի որ դրա համար հատուկ աշտարակ է հարկավոր:



Տեղադրվելիք  խաչը, իբր, կցուցադրվի հյուրերին, իսկ տեղադրման աշխատանքները կսկսվեն  պատարագից հետո: Այս լուրը շրջանառվելուց հետո Մայր Աթոռը հայտարարեց, որ Էջմիածինը չի մասնակցի արարողությանը: Իսկ ավելի վաղ Մայր Աթոռը  հայտարարել էր, թե պատարագին կմասնակցեն միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը  մեզ ասաց, որ  Մայր Աթոռը Թուրքիայի նման պահվածքի մեջ որոշակի քաղաքականություն է տեսնում, ինչն անընդունելի է, դրա համար էլ իր ընդվզումն ու բողոքն է հայտնել: Ինչ վերաբերում է Պոլսո հայոց պատրիարքարանի դիրքորոշմանը, ապա Մայր Աթոռի համար "ընկալելի է, որ պատրիարքությունը տվյալ պայմաններում չի կարող ընդդիմանալ թուրքական իշխանություններին, եւ պատարագը տեղի է ունենալու":



Պատարագիչը կլինի Կոստանդնուպոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ եկեղեցական կանոնների՝ պատարագ կարող է մատուցվել նույնիսկ այն դեպքում, եթե եկեղեցու գմբեթին խաչ չկա դրված, բայց Էջմիածնի որոշումը պայմանավորված է Մայր Աթոռին Թուրքիայի մշակույթի նախարարության տված խոստման դրժմամբ: Հարցն այս առումով է սկզբունքային: Իսկ "գնալ, թե ոչ" չարչրկված հարցի կապակցությամբ Տեր Վահրամն ասաց, որ չի արդարացնում որակումներ պարունակող կոչերը, քանի որ յուրաքանչյուր  անհատ իր ընտրության մեջ ազատ է:



Ինչ վերաբերում է Էջմիածնի դիրքորոշմանը, ապա. "Իբրեւ իրավատեր այդ սրբավայրի, եթե մեզ ընձեռվել է  այդ հնարավորությունը՝ մեկ օր այնտեղ պատարագ մատուցելու, մենք այդ իրավունքից պետք է օգտվենք՝  հերթական անգամ դրանով փաստելու այդ  եկեղեցու իսկությունը եւ վավերականությունը, մուտք գործելու իբրեւ եկեղեցի ու նաեւ դա հիմք ունենալու իբրեւ հնարավորություն հետագա քայլերի նախաձեռնման, որ եկեղեցին ամբողջապես այլեւս կտնօրինվի Կ. Պոլսի հայոց պատրիարքության կողմից: Երկրորդ պարագան այն է, որ Մայր Աթոռը սատար պիտի կանգներ իր  նվիրապետական աստիճանակարգի անբաժանելի մասը կազմող պատրիարքությանը: Այս ամենը նկատի ունենալով՝ կանգնել եւ ասել, թե պետք է բոյկոտել արարողությունը,  ճիշտ չէ: Մայր Աթոռը երբեք չի կարող բոյկոտել եկեղեցական  արարողությունը, բայց ընդվզման հիմքը այլ խնդիր է",-ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:



Հարցի կապակցությամբ լսեցինք նաեւ թուրքագետների կարծիքները: Ռուբեն Սաֆրաստյանը  Թուրքիայի նման պահվածքն ուղղակի էժանագին շոու է համարում, որով նա ուզում է աշխարհին ցույց տալ, թե ցեղասպանության խնդիրը Հայաստանի  հետ համատեղ լուծելու փորձեր է անում: Հայերի մասնակցությունը՝  թե Հայաստանից, թե սփյուռքից, թուրքագետի կարծիքով, կնշանակի ջուր լցնել թուրքական քարոզչության ջրաղացին: "Ես կարծում եմ, որ Սուրբ Էջմիածնի որոշումը՝ չմասնակցել այդ խայտառակությանը, միանգամայն արդարացված է, ու դրանով իսկ մենք փրկում ենք ոչ միայն առաքելական եկեղեցու հեղինակությունն աշխարհի առջեւ, այլեւ ողջ հայ ժողովրդի",-համոզված է նա:



Իսկ Արտակ Շաքարյանի կարծիքով՝ Էջմիածինը ճիշտ որոշում էր կայացրել, որ վճռել էր երկու հոգեւորականների միջոցով ոչ պաշտոնական ներկայություն ապահովել Աղթամարի Սուրբ խաչում: Խաչի չտեղադրման պայմաններում, երբ եկեղեցին զուտ որպես թանգարան է ներկայացվում, հոգեւորականների հետկանչը լիովին արդարացված է: Շաքարյանի կարծիքով՝ այս անգամ էլ թուրքերը հետաքրքիր քայլ արեցին՝ "համ արեցին, համ չարեցին", կարճ բնութագրեց թուրքագետը: "Աղթամարը վերանորոգվել է 2007-ին: Նրանք կարող էին խաչը տեղադրել եւ պատարագ մատուցել նույն 2007-ին:



Բայց նախընտրում են մեկ գործողությունը մի  քանի մասի բաժանել: Այսինքն, 2007-ին մեծ ճոխությամբ բացվեց եկեղեցին, 2010-ին պատարագ կմատուցվի, իսկ 2011-ին, ասենք, խաչի տեղադրման արարողությունը կլինի",-ասում է Արտակ Շաքարյանը: Հայաստանի կողմից պաշտոնական որեւէ  պատվիրակության մեկնումը, թուրքագետի կարծիքով, աշխարհին սխալ ուղերձ կլիներ, բայց, միեւնույն ժամանակ, սխալ է "դավաճան" որակել անհատներին, որոնք ցանկություն ունեն Վան մեկնելու: "Թող դավաճան որակողներն առաջին հերթին իրենց հագուստն ու ուտելիքն ուսումնասիրեն, արդյո՞ք թուրքական չեն": Ի դեպ, Աղթամար մեկնողների թվում կլինեն նաեւ "Վասպուրական" հայրենակցական միության անդամները, որոնք, ի տարբերություն "Վան-Վասպուրական" միության, մեկնելը ազգային դավաճանություն չեն համարում:



ՀԳ - "Մեկնե՞լ, թե չմեկնել",-շեքսպիրյան հայտնի հարցի հանգույն կրքերն այն աստիճան են սրվել,  որ ուզում ես ասել՝ վատ չէր լինի, որ նույն եռանդով հասարակական քննարկումներ ծավալվեին այլ՝ օրախնդիր հարցերի շուրջ: