Անզգուշության սինդրոմ

Անզգուշության սինդրոմ
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամները երեկ  խոչընդոտել են ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը՝ պատճառելով բարոյական ու նյութական վնաս: ԳԱԼԱ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ի սկզբանե ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվել է ուղղորդված բացասական վերաբերմունք, սահմանափակվել է լրագրողի եւ օպերատորի տեղաշարժը: ԳԱԼԱ-ի հայտարարությանն ի պատասխան՝ հայտարարություն է տարածել նաեւ վարչապետի օգնական Արամ Անանյանը՝ նշելով, թե իրականությանը չի համապատասխանում խոչընդոտման փաստը: Լեւոն Անանյանի որդին նաեւ հայտարարել է, թե ԳԱԼԱ-ի միկրոֆոնը չի կոտրվել, իսկ հենակալը կոտրվել է վարչապետի թիկնազորի ծառայության աշխատակիցներից մեկի "պատահական հպումից, անզգույշ թեքվելու հետեւանքով": Փաստորեն, ՀՀ իշխանությունների մոտ ամեն ինչ անզգուշության հետեւանք է: Կարծում ենք՝ ԳԱԼԱ-ի տեսանկարահանող խումբը պետք է շնորհակալ լինի, որ թիկնապահը միայն անզգույշ թեքվել է եւ, ասենք, անզգույշ չի քաշքշել իրենց, ինչպես, օրինակ, եղավ "Պապլավոկում" Պողոս Պողոսյանի հետ, որին "անզգույշ" քաշքշեցին Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները, ինչի արդյունքում Պողոս Պողոսյանը հեռացավ կյանքից: Անշուշտ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին դժվար է համեմատել ՀՀ երկրորդ նախագահի հետ, սակայն թիկնապահների վարքագծի առումով տվյալ դեպքում զուգահեռներ անցկացնելը, կարծում ենք՝ միանգամայն տեղին է: Բացի այդ, մեզանում չինովնիկների "հաբռգելու" պրոցեսը չափազանց անկառավարելի է եւ արագընթաց: Մի քանի տարվա պաշտոնավարում, եւ հետեւանքների համար ոչ ոք այլեւս պատասխանատու չէ: