Երազում են Քոչարյանի աջակցությունը

Երազում են Քոչարյանի աջակցությունը
Օրերս մի խումբ պատանիներ մի քանի ավելի հասուն երիտասարդների ուղեկցությամբ գրոհել էին խմբագրություն՝ պահանջելով վերականգնել Ռոբերտ Քոչարյանի  պատիվն ու արժանապատվությունը ու հերքել, որ նա Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն է,  եւ որ  իրենք Քոչարյանի հովանավորյալներն են: Պահանջատերերը Հայաստանի երիտասարդական կուսակցության պատանեկան կցորդի՝ "Վերելք"  խմբակի ներկայացուցիչներն էին, որոնց ջինջ հոգու անդորրը պղտորել էր մեր "Ամենաերիտասարդ թոշակառուն  երիտասարդության հովանավոր" հոդվածը:



Մենք գրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը լծվել է կուսակցաշինական գործին, այդ թվում նաեւ իր երիտասարդական պրոյեկտ ՀԵԿ-ին կայացնելուն, որի ղեկը ստանձնել է բազում ճամբարներ փոխած, այժմ ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը: Անդրադարձել էինք վերջինիս քաղաքական կենսագրությանն ու ներկայացրել, որ ՄԻԱԿ-ՀԵԿ տարաձայնությունների ֆոնին ՀԵԿ-ը որոշել է վերջնականապես խորտակել ՄԻԱԿ-ին. այստեղից կադրեր է խլում՝ ցուցադրելով, որ Սերժ Սարգսյանի պրոյեկտն ավելի անհեռանկար է, քան Ռոբերտ Քոչարյանինը: Իսկ "Վերելք" մանկապատանեկան խմբակի իմաստն այն է, որ դեռեւս դեռահասության տարիքից ՀԵԿ-ացնեն երեխաներին: Խմբագրություն այցելած դեռահասները եկել էին առձեռն հանձնելու հերքման տեքստը, որով մեզ մի լավ  զվարճացրին:



"...Առանց զրուցելու մեր ներկայացուցիչների հետ եւ առանց մեր նպատակները, ծրագրերը իմանալու՝ լրագրողուհին այն ծաղրելով, անվանել է "մանկապատանեկան խմբակ": Պատշաճության տարրական չափանիշներն անգամ չպաշտպանելով (փոխանակ գրելու պահպանելով՝ Գ. Ս.), լրագրողուհին անվանարկել է հանրապետության երկրորդ նախագահին, դավաճանի պիտակ հարմարեցրել ՀԵԿ նախագահին, փորձել է իր նյութով սեպ խրել ՄԻԱԿ-ի եւ ՀԵԿ-ի միջեւ, լուն ուղտ դարձնել, շահարկել ԲՀԿ երիտասարդների անունները...",-գրված էր հերքման տեքստում:



Իսկ բանավոր ասացին. ""Նախեւառաջ "Վերելք" պատանիների միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքականությամբ, իսկ ձեր հոդվածում մեր միությունը քաղաքականացված է: ՀՀ-ում  գտնվեց ՀԵԿ-ի նախագահը՝ Վահան Բաբայանը,  ու փորձեց աջակցել պատանիներին միայն կազմակերպչական հարցերով": Շունչը պահած՝ սերտածն անգիր արտասանող խմբակի նախագահ, 17-ամյա Հայկ Ավագյանին հարցրինք, թե "երկրորդ նախագահին անվանարկել" ասելով ի՞նչ նկատի ունեն. "Ոչ մի լրագրող իրավունք չունի ՀՀ երկրորդ նախագահին վիրավորել՝ անվանելով երիտասարդ թոշակառու":



Երբ հարցրինք, թե ինչ կարծիքի են ՀՀ երկրորդ նախագահի մասին, անակնկալի եկան. "Մենք իրավունք չունենք կարծիք հայտնելու, լավագույն դեպքում՝ միայն դրական, բայց մենք շատ կուզենայինք, որ նա մեզ աջակցեր": Այս վերջին ցանկության մասին գրված էր նաեւ հերքման տեքստում. "Եթե Գ. Սարիբեկյանն ակնարկում է ՀՀ երկրորդ նախագահի "թեւի տակ ծվարելու" մասին, ապա սխալվում է, իսկ եթե դա համապատասխանի իրականությանը, մեծ պատիվ կհամարեինք...": Սակայն հերքման կուլմինացիան "ինտելեկտուալ, գաղափարապես ինքնատիպ, խելացի, ինքնուրույն կերպարին" ձգտող պատանիները եզրափակել էին ինքնաստեղծ թեւավոր խոսքով՝ Մոնոմախի գլխարկը շփոթելով Հիպոկրատի երդման հետ:



"Ծանր է ոչ միայն Հիպոկրատի գլխարկը, այլեւ լրագրողի գրիչը, եւ այն շարժելուց առաջ հարկ է մտածել",-եզրափակել էին հերքումը: Մեզ մնում է շարժման կոնտեքստում ամբիցիոզ ջահել-ջուհուլին խորհուրդ տալ որեւէ բան գրելուց առաջ "շարժել" գլխի պարունակությունը, եթե իհարկե ունեն: