Հողը խլում են վարձավճարի չեքի հիմքով

Հողը խլում են վարձավճարի չեքի հիմքով
Oրերս մեր խմբագրություն էր զանգահարել Մարտունու բնակիչ Արթուր Զաքարյանը` տեղեկացնելու Մարտունու դատավոր Յուրի Իսկոյանի մի դատավճռի մասին, որով փորձում են իրենից խլել սեփական հողատարածքը:  Արթուր Զաքարյանի տունը՝ կից հողատարածքով, գտնվում է Մյասնիկյան փողոցում, որը աշխույժ առեւտրային գոտի է: Այստեղ տարածքն անհամեմատ թանկ արժե, քան քաղաքի մյուս հատվածներում: Նույն փողոցում է գտնվում "Սպառկոոպին" պատկանող 6 քմ-անոց կրպակը, որի 2 քմ-ն գտնվում է Արթուր Զաքարյանի հողատարածքում:



Սակայն "Սպառկոոպի" նախագահը մտադրվում է ոչ թե 2, այլ 100 քմ խլել Արթուր Զաքարյանից: Կադաստրի նախկին պետի` Սամվել Ստեփանյանի հետ եկել են հանցավոր պայմանավորվածության ու կեղծ տեղեկանք կազմել, որ իբր այդ տարածքից 100 քմ "Սպառկոոպին" է պատկանում, որի վրա էլ տեղադրված է փոքրիկ կրպակը: Այս տեղեկանքը եղել է միակ ապացույցը, որը ձեռք բերելուց անմիջապես հետո դիմել է դատարան՝ իր "ունեցվածքը" ետ վերադարձնելու համար: Սակայն այս փաստաթուղթն ի հայտ է գալիս վերաքննիչ դատարանում, իսկ առաջին ատյանում մերժվում է հայցը:



Վերաքննիչ դատարանում բեկանվում է բողոքը՝ նորահայտ փաստաթուղթը առաջին ատյանում քննարկման չենթարկելու պատճառով: Մինչ կադաստրի հետ համատեղ մեքենայությանը, նախ "Սպառկոոպի" տնօրենը դիմում է քաղաքապետարան՝ պահանջելով պետական գրանցում կատարել եւ վարձակալությամբ իրեն հանձնել Արթուր Զաքարյանին սեփականության վկայականով պատկանող հողատարածքի զգալի հատվածը: Սակայն քաղաքապետարանում ոչ մի հիմք չունենալով, այդ պահանջը չեն կատարել, որից հետո անհրաժեշտություն է առաջացել թեկուզ կեղծիքի գնով փաստաթուղթ ձեռք բերել: Այս մասին իմանալուց հետո պատասխանող կողմն ահազանգել է ոստիկանություն, հաստատվել է, որ փաստաթուղթը կեղծ է, հետագայում գործը կարճվել է:



Մի խոսքով, 2006 թվականից  դատական բոլոր ատյաններով կռվախնձորը կարուսելի նման պտտվում է, սակայն այդպես էլ որեւէ որոշման չեն կարողանում հանգել: Ավելի ճիշտ՝ այդպես էլ չի հաջողվում Արթուր Զաքարյանից հողատարածքը խլել: Արդեն 3-րդ պտույտի ժամանակ պահանջատերը՝ "Սպառկոոպի" տնօրենը, հասցնում է մեկ "ապացույց" էլ ձեռք բերել: Թեեւ այս դատական վեճը կողմերի միջեւ սկիզբ է առել դեռեւս 2006 թվականից, սակայն 2009-ին "Սպառկոոպի" տնօրենը վճարում է տարածքի վարձը, որից հետո "չեկով"  ներկայանում դատարան՝ որպես սեփականության եւս մեկ ապացույց:



Ամբողջ աբսուրդն այն է, որ  արդեն վերջին անգամ Մարտունու դատավոր Յուրի Իսկոյանը, հիմք ընդունելով "վարձավճարի չեկի" հանգամանքը, որոշում է կայացնում 50 քմ հողատարածք հատկացնել Արթուր Զաքարյանին: Վերջինիս ցնցել էր հատկապես այս հանգամանքը՝ ինչպես կարող է դատավորն անտեսել իր սեփականության վկայականն ու բավարարել "պահանջատիրոջ" ցանկությունը՝ առանց հիմքի խլելով ուրիշին դե յուրե պատկանող սեփականությունը: Ըստ Արթուր Զաքարյանի փաստաբան Լիզա Գրիգորյանի՝ "ոչ մի հիմք չկա, դատավորը հիմք է ընդունել 2009 թվականի մի հողի վճարման հաշվետվություն, որն իբր հողահարկ է մուծել: Ո՞նց կարելի է դրա հիման վրա որոշում կայացնել: Նախ՝ որ վեճը սկսվել է 2006-ից, ի՞նչ իրավունքով ես վարձավճար մուծել 2009 թվականին, երբ այդ հարցը չի լուծվել:



Աբսուրդն այն է, որ ուրիշի հողի վարձը փոխանցես, հետո գաս-ասես՝ հողի հարկ եմ վճարել այդ գույքի նկատմամբ, ուրեմն իրավունք ունեմ": Խնդրի վերաբերյալ մենք փորձեցինք լսել նաեւ "Սպառկոոպի" վարչության նախագահ Ալբերտ Զաքարյանին: Մեր հարցին, թե ինչ հիմքով է ուզում տիրանալ 100 քմ-ին, երբ իրեն պատկանում է ընդամենը 2 քմ-ն, պատասխանեց. "76 թվականից նախկին "Շրջկոոպի", ներկայիս "Սպառկոոպի" ենթակայության տակ են այդ տարածքները, ապօրինի բռնազավթել են, դիմել ենք դատարան, պրոցեսներն ընթանում են: Եթե Զաքարյան Ալբերտը կարող է մեկի սեփականությանը տիրանալ, ուրեմն մեծ մարդ է": Իսկ սեփականության վերաբերյալ փաստաթուղթ ունի՞, հարցրեցինք մենք:



"Եթե ես չունեմ, նա ունի, ինչո՞ւ չի ներկայացնում դատարան: Դրանք ոչ մի հիմնավորում չունեն, ոչ մի դատական ատյան առանց հիմնավորումների հարց չի լուծում",-դատական ոլորտին հաճոյացավ առանց փաստաթղթի սեփականատերը: Ի դեպ, Արթուր Զաքարյանը մեզ ասաց, որ պատրաստվում են Իսկոյանի "արդար" որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ապա դիմել Արդարադատության խորհուրդ:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ