Ռեւիզորի պաշտոնն ավելի սազական է

Ռեւիզորի պաշտոնն ավելի սազական է
Ոչ երանի նրանց, ովքեր ներկա չեն եղել մեր նախարարների ասուլիսներին: Երեկ կառավարությունում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ասուլիսն էր, մենք մոտ մեկ ժամ երանության մեջ էինք: Ի՜նչ կրթական բարեփոխումներ, ի՜նչ փոխադարձ այցեր, ի՜նչ հեռանկարային պայմանավորվածություններ, ի՜նչ առաջընթաց՝ ոչ սկիզբն էր նշմարվում, ոչ վերջը: Ցավոք, տեղի սղության պատճառով բոլորը չենք կարող ներկայացնել, հայցում ենք հասարակության ներողամտությունը: Եվ այսպես, այս տարի հաջողվել է մի շատ կարեւոր խնդիր լուծել՝ խուսափել զանգվածային կրճատումներից:



Առաջինից մինչեւ 4-րդ դասարանների դասագրքերն անվճար են, եւ դա ապահովում է պետությունը: Եթե կլինեն  դպրոցներ, որտեղ կփորձեն դասագրքերի համար գումարներ գանձել, գործ կունենան  Աշոտյանի հետ:  Ապա նախարարն անցում կատարեց սպասվող այցերին: Հայաստան են գալու Իրանից ու Վրաստանից:  Դե,  իրանական այցով լուծում կտան Իրանում մեր դիպլոմների հետ կապված խնդիրներին, իսկ վրացական այցով կլուծվեն ջավախահայության կրթական խնդիրները:



Պարզվում է՝  դեռ կան բաներ, որոնք կարող են զարմացնել Աշոտյանին: Իր վրաստանյան այցի ժամանակ հատկապես տպավորիչ է եղել Վրաստանում անգլերենի ուսուցման ու տարածման մեխանիզմը, ինչին ծանոթանալու պահին նույնիսկ դեժավյուի զգացողություն է ունեցել: Քանի որ 6 ամիս առաջ այդ մեթոդն այստեղ են քննարկել, ու մեկ էլ տեսնում է, որ հարեւան երկրում են այն սկսել իրականացնել: Կարճ ասած, Աշոտյանի էմոցիոնալ պատմելաձեւից տպավորություն էր ստեղծվում, որ ոչ թե դեժավյու է եղել, այլ շոկի մեջ է ընկել՝ հոգու խորքում կասկածներ ունենալով, որ վրացիները երկլեզվության հաստատման մեխանիզմի մեր իդեան են "գողացել":



Թե չէ ում մտքով կանցներ այնպիսի բարդ գաղափար երկնել, ինչպիսին անգլերենի տարածման համար անգլիախոս երկրներից հազարավոր ուսուցիչներ հրավիրելն է: Մի խոսքով, երկլեզվության ծրագրի իրականացման շուրջ, խասյաթի համաձայն, մի քիչ էլ փիլիսոփայեց, որ այն արդեն բնության, քաղաքակրթության օրենք է դարձել: Նրա ոգեւորիչ բացատրությունից վարակված՝ մենք էլ սկսեցինք մտորել բնության օրենքների շուրջ: Օրինակ, հարց ծագեց՝ բնության օրե՞նք է, որ մանկավարժը պետք է գիտելիքի կրողը լինի եւ միայն այն կրելուց հետո դպրոց մուտք գործի:



Եթե այո, ապա ինչո՞ւ է մեր մանկավարժական համալսարանը գրեթե ամբողջությամբ խոտան: Եվ հնարավո՞ր է արդյոք այս խոտանի վրա հիմնվելով՝ բարձրացնել կրթության որակը: Այս պարադոքսի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք կրթական ոլորտի գլխավոր մենեջերից: "Բացարձակ բաներ մի ասեք, խոտան է, 10 հազար մարդ է սովորում,-դիտողություն արեց մանկավարժական դուքանի պաշտպանն ու շարունակեց:- Մանկավարժական համալսարանն այս տարի Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ունի շատ լուրջ հնարավորություն՝ բարեփոխվելու ու դառնալու այլ որակի ուսումնական հաստատություն: Համաշխարհային բանկը ֆինանսավորելու է նաեւ որեւէ արեւմտյան մանկավարժական համալսարանի թվիլինգ ծրագիր՝ մոտավորապես 6 հարյուր հազար դոլարի արժողությամբ: Աշխարհում փակվում են մանկավարժական համալսարանները, մանկավարժական կրթությունը դառնում է մագիստրական կրթություն: Օրինակ ֆիզիկոսն ընդունվում է ֆիզիկայի ֆակուլտետ, դառնում ֆիզիկ, եթե ուզում է մանկավարժ դառնալ, պետք է սովորի մագիստրատուրայում, այսինքն սա ենթադրում է իրենց ցանկությամբ հայտնվել այս բաժին":



Եվ ընդհանրապես՝ այս տարի ԿԳՆ-ի  ռեւիզորի իմիջն ավելի վառ է արտահայտվելու: Զանգվածային ստուգումներ են լինելու հանրակրթական համակարգում, "չեպեներ" չի հանդուրժելու, անձամբ է ստորագրելու իր ենթակայության տակ գտնվող կրթօջախների ղեկավարների հեռացման հրամանները, ավելին՝ ԿԳՆ-ի ռեւիզորները կլծվեն նաեւ մարզերի, քաղաքապետարանի կրթության վարչության աշխատանքների ստուգումներին: