10 օր առանց ջրի

10 օր առանց ջրի
Տասը օր գոյատեւեք առանց ջրի՝ մոտավորապես այս խորհուրդն է տալիս "Լոռի ջրմուղկոյուղի" ՓԲԸ-ն իր բաժանորդներին՝ հորդորելով առաջիկա 10 օրվա համար որքան հնարավոր է շատ ջուր կուտակել: Վանաձորի մի մասի եւ Լոռու մարզի Գուգարք, Ամրակից, Գյուլագարակ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ, Վահագնի, Եղեգնուտ եւ Փամբակ համայնքների բնակիչները սեպտեմբերի 8-ից մինչեւ 18-ը պետք է ջրազրկվեն: Մարդկանց անապատային կենսակերպին վարժեցնելու "Լոռի ջրմուղկոյուղու" այս "նախաձեռնության" պատճառը ընկերության կողմից հայ-գերմանական վարկային ծրագրով Նովոսելցովո մայր ջրատարի վրա վերականգնողական աշխատանքների իրականացումն է: Հիշեցնենք, որ այս չարչրկված ծրագրով նախատեսվում է ապահովել Վանաձորի եւ հարակից համայնքների շուրջօրյա ջրամատակարարումը, իսկ մարզի տարածքում ջրամատակարարման ցանկացած խնդրի լուծումը "Լոռի ջրմուղկոյուղու" իրար հաջորդող տնօրեններն արդեն երկու տարուց ավելի է՝ այս ծրագրի իրագործմամբ էին պայմանավորում, այնինչ արդյունքն այդպես էլ բաժանորդները չէին տեսնում: Ընկերությունը բաժանորդներին խոստանում է խմելու ջուր մատակարարել ջրատար մեքենաներով: