6 հրշեջ մեքենա չեն կարողացել մարել կրակը

6 հրշեջ մեքենա չեն կարողացել մարել կրակը
Երեկ առավոտյան իրարանցում էր Բաղրամյան պողոտայի՝ նախագահական նստավայրին հարող հատվածում: 6 հրշեջ մեքենա շտապել են Բաղրամյան պողոտա՝ հրդեհը մարելու, բայց հրդեհաշիջման աշխատանքներ այդպես էլ չեն իրականացրել: Բանն այն է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում բռնկված հրդեհը ինքնամարվել է: Առավոտյան ժամը 10:35-ի սահմաններում ԱԻՆ փրկարարական ծառայությունն ահազանգ է ստացել, թե «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է: 10:45-ին արդեն հրշեջ մեքենաները տեղում են եղել:  Կայարանն ու Բաղրամյան պողոտան լցված են եղել ծխով: «Այնտեղ հրդեհ չի եղել, ուղղակի հոսանքի ծանրաբեռնվածության պատճառով հաղորդալարերի կարճ միացում է տեղի ունեցել, եւ ուժեղ ծխապատում է առաջացել:



Կարճ միացումը տեղի է ունեցել լուսավորության համակարգում: Մալուխների մեկուսիչ շերտն այնպիսի նյութից է, որ ջերմության ազդեցության տակ շատ ուժեղ ծուխ է արտադրում, եւ կայարանն ընդամենը ծխապատվել էր»,-բացատրեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը: Տարհանվել են կայարանի բոլոր աշխատակիցները: Կայարանում որոշակի ժամանակով երթեւեկությունը դադարեցվել է, բայց մետրոպոլիտենի մյուս կայարաններն աշխատել են բնականոն հունով: «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքը կանգ չի առել եւ ուղղվել է դեպի «Բարեկամություն» կայարան: