Հացկատակների ինստիտուտ

Հացկատակների ինստիտուտ
Կոալիցիոն կառավարության շրջանակներում նախարար դարձած մեկը ազատել է նախարարության վարչության երկարամյա պետերից մեկին եւ նշանակել իր մարդուն, պատմում է ծանոթս: Իմ առաջին արձագանքը հավանաբար շատ միամիտ էր. «Բա քաղծառայության համակա՞րգը», եւ զրուցակիցս տարակուսում է. «Դու այս աշխարհից չե՞ս՝ ի՞նչ քաղծառայության համակարգ»: Ախր ես լավ եմ հիշում՝ երբ ներդնում էին այդ համակարգը, ի լուր աշխարհի՝ հայտարարում էին քաղծառայողների պաշտպանվածության մասին, ասում էին, որ մի քանի ամսով, քաղաքական առեւտրի շրջանակներում, նախարար դարձող հացկատակներն այլեւս չեն կարողանա մարդկանց կամայականորեն ազատել աշխատանքից եւ իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորել: Որ քաղծառայողին ազատելու համար լուրջ հիմքեր պետք է ունենան, իսկ նորին նշանակելու համար նա պետք է քաղծառայողի մրցույթում հաղթի: Մրցույթներն էլ կազմակերպվելու են թափանցիկ եւ արդար: Ո՞ւր մնաց այդ ամենը: Պարզվում է՝ իր գոյության կարճատեւ ընթացքում քաղծառայության ինստիտուտն այնքան է վարկաբեկվել, որ այժմ կառավարման համակարգում վիճակը ոչնչով չի տարբերվում 10-15 տարի առաջվա վիճակից: Պաշտոնյային աշխատանքից ազատելը խաղ ու պար է, նախարարն ասում է՝ դիմում գրիր, գնա եւ վերջ: Իսկ նորին նշանակելու համար ոչ մի մրցույթի կարիք էլ չկա՝ նախարարը պաշտոնակատար է նշանակում, եւ հենց այս անձն էլ մասնակցում եւ հաղթում է ձեւական դարձած մրցույթում: Մարդիկ չեն դիմադրում ոչ այն ժամանակ, երբ նրանց ասում են դիմում գրի-գնա: Չեն փորձում մրցել նախարարի նշանակած մարդու հետ: Բոլորը հաշտվել են «տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» վիճակին: Ոչինչ, որ այդ վայ-նախարարը կարող է մի քանի ամիս անց լքել իր պոստը: Նա այդ ընթացքում հասցրած կլինի մեծ ավերածություններ անել: