Քոթեջային ավանում լույս չկա

Քոթեջային ավանում լույս չկա
Վանաձորի Տարոն 3 թաղամասի «Արդա»  նորակառույց քոթեջային ավանի բնակիչները 21-րդ դարում առանց հոսանքի են ապրում: Բանն այն է, որ նրանք  «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ չեն: Բաժանորդ դառնալու համար բնակիչները ընկերությանը պետք է մուծեն 54 հազարական դրամ, ինչի հնարավորությունը չունեն: «Էլցանցն ասում է՝ առանց գումարը մուծելու չենք միացնի, քաղաքապետը բացարձակ մոտ չի գալիս, ասում է՝ հնարավորություն չունենք, բայց մենք ի վիճակի չենք, մնացել ենք անլույս, մոմի հույսին»,-պատմում է «Արդա» թաղամասի բնակչուհի Լյուդա Գոգինյանը:



Բնակիչների խոսքով՝ իրենք ոչ թե հրաժարվում են աբոնենտ դառնալուց, այլ պահանջում են հասցեափոխություն կատարել, քանի որ մինչ նորակառույց քոթեջներ տեղափոխվելը իրենց տնակներում նրանք աբոնենտ են հանդիսացել: «Արդա» թաղամասում բնակվում է Վանաձորի` ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած շուրջ 900 ընտանիքներից 33-ը, որոնք սոցիալապես անապահով ու խոցելի խմբից են: Թաղամասում շատ են անչափահաս ու հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները: Թաղամասը կառուցվել է ամերիկահայ բարերար Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ` «Արդա» բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակներում դեռ 2009-ին:



«Արդա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի խոսքով, բացի շինարարությունից, հիմնադրամն իրականացրել է նաեւ թաղամասի արտաքին կոմունիկացիաների ապահովման խնդիրը, իսկ բնակիչներին որպես բաժանորդ գրանցելն արդեն տվյալ հիմնարկության անելիքն է: Առաջին փուլով բնակարան ստացած 16 ընտանիքներին շուրջ մեկ տարի շինարար ընկերությունն իր հոսանքագծից ապահովել է հոսանքով, ինչը, սակայն, խնդրի լուծում չի կարող լինել: «Քոթեջների մոտավոր արժեքը 18 հազար ԱՄՆ դոլար է:



Եթե մի մարդու նվեր են տալիս, չի կարելի ասել՝ չէ, էս էլ նվիրի, պետք է շնորհակալություն ասել նվերի համար: Շատ վատ է այդ պահանջատիրական մոտեցումը, փոխանակ շնորհակալություն հայտնեն, սկսել են էստեղ-էնտեղ բողոքել, թե մեզնից փող են ուզում»,-մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը` հավելելով, թե պետությունը որեւէ պարտավորություն այդ ընտանիքների նկատմամբ չունի, սա քաղաքապետը կամավոր է անում (ներդրումների 50 %-ը կատարել է «Արդա» բարեգործական կազմակերպությունը, 15 %-ը` «Հայկական Հաբիթաթը», եւ 35 %-ը` Վանաձորի քաղաքապետարանը):



Տիգրան Պապանյանն ասաց, որ քաղաքապետարանը դիմել է  ՀԷՑ-ին` խնդրելով բարեգործական հիմունքներով խնդիրը լուծել, բայց ընկերությունը մերժել է:  Ըստ նրա, քաղաքապետարանն ամեն ինչ արել է, նույնիսկ համայնքի ավագանու որոշմամբ թաղամասում գոյություն ունեցած կիսակառույց էլեկտրաենթակայանը` մոտ 3,8 մլն դրամ արժողությամբ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել է ՀԷՑ-ին, որպեսզի վերակառուցի եւ քոթեջներն սպասարկի (ծրագրով նախատեսվում է 100 քոթեջի շինարարություն, որից միայն 32-ն է շահագործման հանձնվել): Չնայած այս ամենին`  թաղամասի բնակիչները դիմել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, սակայն ապարդյուն:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ