Վերադարձրեք ի վերջո ադրբեջանցու դիակը

Վերադարձրեք ի վերջո ադրբեջանցու դիակը
Վաղուց ենք հասկացել, որ մեռելապաշտ ենք, բայց դժվար է հասկանալ, որ դիակապտող էլ ենք: Քիչ չէ տարածաշրջանի «ամենափառապանծ» բանակի ղեկավարությունը  ինքնասպանության եզրին հասցված, խոշտանգված ու սպանված մեր զինվորների դիակներն է ծանակված, անարգված, որդնած ու մերկ հանձնում իրենց ծնողներին, հիմա էլ ադրբեջանցի դիվերսանտի դիակից են կպել, պոկ չեն գալիս: Մեռան ադրբեջանցիները պահանջելով իրենց մարդասպանի, իրենց շահիդի դին: Արդեն դարձրել են միջազգային սկանդալի թեմա:



Կարելի էր, չէ՞, սկանդալից  խուսափելու համար վերադարձնել այդ լեշը, թեկուզ ոչ հումանիստական սկզբունքներից ելնելով, այլ Ադրբեջանում գերեվարված մեր զինվորներից մեկի կամ մի քանիսի փոխարեն, բայց՝ չէ, պահել են: Ի՞նչ են անելու: Արդեն հասել ենք այնտեղ, որ Ադրբեջանը Ռուսիո պատրիարքին է խնդրել միջնորդել, որ ետ վերադարձնեն: ՊՆ գլուխն այդ օրերին չքմեղացավ, թե տեղյակ չէ պատրիարքի միջնորդության մասին, բայց նաեւ նշեց, որ դիակը պետք է ղարաբաղցիներից խնդրել: Կարելի է մտածել, թե ինքը՝ Սեյրան Օհանյանը, բնիկ երեւանցի է:



Բայց դա էլ մի կողմ, այժմ մեջ է ընկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, որը երեկ մասնակցել է Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի մոնիտորինգին: Նա հայտարարել է, որ մտադիր է հայկական կողմի առջեւ բարձրացնել սեպտեմբերի 4-ին սպանված ադրբեջանցի զինվորի դիակը վերադարձնելու հարցը: Կասպշիկը, թերեւս, մի սխալ է թույլ տվել, որովհետեւ նույնիսկ մենք արդեն չենք հասկանում, թե ում նկատի ունի «հայկական կողմ» ասելով՝ այն պարզ պատճառով, որ ինչպես հմուտ դիվանագետ Սեյրան Օհանյանը, այնպես էլ  այդ շարքում մյուսները Ղարաբաղը հայկական կողմ չեն համարում:



Նույնը անում է Ղարաբաղի դիվանագիտության մտքի գիգանտը՝ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, որն առիթը բաց չի թողնում ասելու, որ Հայաստանն իրենց համար օտար պետություն է ու իրավունք չունի միջամտելու իրենց հարցերին, միշտ մոռանալով, որ եթե իսկապես չունի, ապա իրավունք չունի նաեւ Հայաստանի քաղաքացիներին ուղարկել Ղարաբաղ՝ ժամկետային զինծառայության, որտեղից նրանցից շատերը վերադառնում են դագաղում: Շիլա են եփել «հայկական կողմի մտքի գիգանտները», որն արդեն կանգնել է ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ մեր ու մեզ հետ էլ կասպշիկների կոկորդին: