Արմեն Աշոտյանը կրկին իր ամպլուայի մեջ

Արմեն Աշոտյանը կրկին իր ամպլուայի մեջ
Երեկ ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի օրակարգում «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրենքների նախագիծը հեղինակ Արմեն Աշոտյանի առաջարկությամբ տասնհինգ օրով հետաձգվեց` չներառվեց  առաջիկա քառօրյայի օրակարգում, սակայն այն ԱԺ նստաշրջանի մեծ  օրակարգում է : Հիմնավորումն էլ այն է, թե քանի որ որոշված է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել հասարակական լսումներ, ապա նախ կլսեն ընդդիմախոսներին: Նախարարությունը նույնպես  կմասնակցի քննարկմանը, եւ եթե լինեն առաջարկներ, որոնք Աշոտյանի համար ընդունելի կլինեն, ապա  նախագիծը կլրամշակվի դրանցով եւ երկրորդ ընթերցման ռեժիմով արդեն հաջորդ քառօրյային կներկայացվի ԱԺ:



Եթե չգտնեն մոտեցումներ, որոնք կպարփակվեն կառավարության,-նկատեք,-ռազմավարության մեջ, ապա ԱԺ գլխադասային հանձնաժողովին հաջորդ քառօրյայում  ընդգրկելու համար դիտարկել հենց  այս՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը: «Ներողություն եմ խնդրում, բայց ռազմավարական նշանակության հանդիպում ունեմ, ստիպված եմ գնալ»,- վերջին պարբերության վրա ժպտալով՝  Արմեն Աշոտյանը  հեռացավ, սակայն համաձայնեց պատասխանել լրագրողների հարցերին:



- Ի՞նչ կարգի զիջումների կամ փոփոխությունների կարող է գնալ նախարարությունը:



- Մենք ճակատամարտի չենք դուրս եկել. եթե ինչ-որ մեկը կարծում է, որ քաղաքական, հասարակական կամ ինտելեկտուալ կարիերայի սկիզբն է կամ առիթ է հանդիսանում այս նախագիծը, ի սեր Աստծո, ամեն մեկն իր PR-ը կառուցում է այնպես, ինչպես ինքն է ճիշտ  գտնում: Մնում է  մաղթել հաջողություն: Մենք ընդամենը լուծում ենք շատ կարեւոր խնդիր` Հայաստանում նման տեսակի կրթական ծառայությունների թույլտվության խնդիրը, անկախ նրանից` դա կլինի Դիլիջանի դպրոցը, ռեգենտների դպրոցը կամ մեկ այլ: Խնդիրը դաշտում նման հնարավորություն ստեղծելն է: Մեր բոլոր  քննադատների համար, որոնք նորից փորձում են անցնել քննադատության գործին, մի պարզ խորհուրդ ունեմ` կարդալ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը, որը վաղուց տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում:



- Ի՞նչ գիտեք, որ չեն կարդացել :



- Ոչ ոք մեր քննադատներից չի կարդացել օրենքը, որն օգոստոսի տասներկուսից  տեղադրված է կայքում: Այսօր սեպտեմբերի ութն է: Եթե կարդային, շատ կարեւոր փոփոխություն այնտեղ կտեսնեին: Այն մտավախությունը, որ ունեին ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», խոսքը այն դրույթի մասին է, որ  ՀՀ տարածքում կրթության լեզուն գրական հայերենն է. առաջին ընթերցման ժամանակ «բութ» նշանով ավելացվել էր մեկ պարբերությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նոր տեքստում վերջին մասը փոխարինվել է` «օտար լեզվի դասավանդումը չի կարող իրականացվել հայերենե: Մնացած ամեն ինչը նույնն է` տարածքային բաշխումը, դպրոցների քանակը, ցենզը եւ այլն: Խնդրում եմ կարդալ: Մինչ այսօր տրված խոստումները` ներկայացնել առաջարկներ կամ այս կամ այն պատգամավորի կողմից` կրթության նախարարության հետ համատեղ աշխատել, իրավաբանական խորհրդատվություն ներկայացնել, չի կատարվել: Մենք իրավաբանների հետ ենք այն մշակել: Միակ բացառությունը Անահիտ Բախշյանն է: Ինը առաջարկ էլ արվել է գլխադասային` կրթության եւ գիտության հանձնաժողովի կողմից:



ՀԳ - «Լավ կլիներ վերջակետ դնեին, ոչ թե նոր պարբերություն ավելացնեին»,-մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որն այնուամենայնիվ ողջունում է այն, որ նախարարությունը հանել է բացառության մասին հատվածը: