Թիվ 114-ում խախտումներ են հայտնաբերվել

Թիվ 114-ում խախտումներ են հայտնաբերվել
Դպրոցներն ավագ եւ հիմնական դպրոցների բաժանելը  ուսումնական տարվա առաջին իսկ օրերից  անտանելի պայմաններ է ստեղծել որոշ դպրոցներում: Մասնավորապես Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, որը ավագ դպրոց ունեցող 91 դպրոցներից մեկն է, աշակերտներն այնքան են ավելացել, որ շնչելու, շարժվելու հնարավորություն ուղղակի չկա: Դպրոցն ունի տարածքի խնդիր. այս տարի ընդունված ավագ դպրոցի մեծ թվով աշակերտներին տեղավորելու եւ պակասող դասասենյակների խնդիրը լուծելու համար դպրոցում նորամուծություն է ներդրվել` յուրաքանչյուր դասաժամ անցկացվում է այդ առարկայի կաբինետում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դասամիջոցի աշակերտները պայուսակներն առած` ուղեւորվում են մի հարկից մյուսը:



Արդյունքում` հրմշտոց է, իրարանցում, դասից ուշանում են, միջանցքներում շարժվելու տեղ չկա, հեղձուկ է, աղմուկ-աղաղակ: Այսքանը բավական չէ՝ դպրոցը, լինելով գերբեռնված, ստիպված երեք հերթափոխով է աշխատում, ինչի արդյունքում աշակերտների ինքնազգացողությունն է, վատանում եւ անգամ որոշ ծնողներ գերադասում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել:



ՀԳ - Երեկ տեղեկացանք, որ կրթության եւ գիտության նախարարի հրահանգով կրթության տեսչությունը մեր հրապարակումների հետքերով ստուգումներ է իրականացրել թիվ 114 դպրոցում, եւ դրանց ընթացքում խախտումներ են հայտնաբերվել: Մեր տեղեկություններով, խախտումներն այնպիսին են, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը հնարավոր է, որ աշխատանքից ազատվի: