Գեղարքունիքի մարզպետը ձայներ կապահովի ԲՀԿ-ի համար

Գեղարքունիքի մարզպետը ձայներ կապահովի ԲՀԿ-ի համար
Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններում ձայներ ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար: Մարզպետը չի խորշում նշել, որ կօգտագործի նաեւ մարզպետի իր դիրքը: Նշենք, որ օրենքով արգելվում է պաշտոնը կուսակցական նպատակներով օգտագործելը, առավել եւս՝ ընտրությունների ժամանակ: Ներկայացնում ենք Նվեր Պողոսյանի հետ մեր զրույցը, որը տեղի է ունեցել Գեղարքունիքի Նորատուս գյուղում:



- Պարոն Պողոսյան, հանրապետությունում արդեն իսկ նախընտրական տրամադրություններ կան: Այդ առումով ի՞նչ է արվում Ձեր ղեկավարած մարզում:



- Երեւի դրանք խոսակցություններ են: Էս պահին ամբողջ մարզը հանգիստ է, ու ընտրությունների հետ կապված որեւէ նախապատրաստական աշխատանքներ չեն գնում:



- Ձեր կարծիքով՝ մարզում ի՞նչ ցուցանիշներ են սպասվում ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին: Առճակատում հնարավո՞ր է, թե՞ ոչ:



- Առճակատում չկա: Ես չեմ տեսնում առճակատում: Մարդիկ գիտակից մարդիկ են, խելացի մարդիկ են, ես կարծում եմ՝ ամեն ինչ իր հունով կգնա: Հիմա, որ կարծիք ասեմ՝ էս տոկոս, էն տոկոս, ճիշտ չի լինի, կոռեկտ չի լինի: Ես կարծում եմ, որ ընտրությունները ցույց կտան:



- Արդեն իսկ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունենում մարզպետների հետ, կան տեղեկություններ, որ ընտրական որոշ գործընթացներ են քննարկվում:



- Իմ հետ նման հարցեր չեն քննարկվել:



- Ձեզ չի՞ ասվել ում օգտին պետք  աշխատեք, ում համար պետք է ցուցանիշներ ապահովեք:



- Բնականաբար, պետք է ապահովեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ ո՞ւմ համար: Ես ԲՀԿ քաղխորհրդի անդամ եմ: Ո՞նց եք գտնում, ես ո՞ւմ համար պետք է ձայներ ապահովեմ: Իմ կուսակցության համար:



- Իսկ որքա՞ն ձայներ պետք է ապահովեք Ձեր կուսակցության համար:



- Որքան հնարավոր է:



- Այսինքն մարզպետի պաշտո՞նն է օգնելու Ձեզ, որ Դուք Ձեր կուսակցության համար ձայներ ապահովեք:



- Գիտեք ինչ, եթե կազմակերպված անձնավորություն չլինի, մարզպետի պաշտոնը չէ, ինչ պաշտոն ուզում է լինի, չի կարող: Ես կարծում եմ՝ պետք է անպայման կուսակցությունն իր դիրքորոշումն ունենա եւ էն բարձրության վրա պետք է լինի, որ կարողանա ձայներ ապահովել: Իսկ մեր կուսակցությունը էդ բարձունքի վրա է գտնվում:



- Իսկ օրինակ՝ ի՞նչ է անում ԲՀԿ-ն այսօր մարզում:



- Իսկ ի՞նչ պետք է անի: Սոցիալական ծրագրերի շրջանակում այս ընթացքում 4 բնակարան է գնվել պարոն Ծառուկյանի կողմից: Այդ բնակարանները նվիրատվություն է արվել սոցիալապես անապահով 4 ընտանիքների:



- Դուք ասացիք, որ պետք է ԲՀԿ-ի համար ձայներ ապահովեք: Ուզում եմ հասկանալ՝ Հանրապետականը թույլ կտա՞, որ Դուք, մարզպետի դիրքն օգտագործելով, ձայներ ապահովեք ԲՀԿ-ի համար:



- Ես չեմ կարծում էդպիսի իրավիճակ ստեղծվի՝ թույլ տալ կամ չտալու առումով:



- Մարզի հիմնական խնդիրներից է այսօր կարտոֆիլի հարցը: Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Նաեւ տեղեկություններ կան, որ կարտոֆիլի մեծ ցանքատարածքներ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս տարի չի մշակել իր հողերը, ու նաեւ դա է պատճառը, որ կարտոֆիլի գինը բարձրացել է:



- Կոնկրետ Ձեր հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ չեմ չափում՝ ով քանի հեկտար ցանքատարածություն ունի: Ես կասեի՝ կարտոֆիլի ցանքատարածություններն իրոք պակասել են, մոտ 1000 հեկտար պակասել են: Բայց կարծում եմ, կարտոֆիլի բերքն այս տարի մեզ մոտ նորմալ կլինի, եւ գները կիջնեն: Վաղահաս կարտոֆիլը այս տարի քիչ է եղել, իսկ վաղահաս կարտոֆիլը Արարատյան դաշտավայրում է լինում, մեր տարածքում չկա: Մեր մոտ կարտոֆիլը լինում է աշնանը, աշնանն ենք հավաքում: Հիմա դեռ մենք բերքահավաքը չենք սկսել:



- Գյուղացիներն ասում են, որ այս տարի քիչ են ցանել, քանի որ անցյալ տարի կարտոֆիլը չի վաճառվել, ո՞նց պետք է գները իջնեն:



- Անցալ տարի իրոք կարտոֆիլը չվաճառվեց, բայց այս տարվա գարնանը գյուղացիները բավական մեծ հնարավորություն ունեցան ընդհուպ մինչեւ 100-120 դրամով վաճառելու: ...Ցանքը դեռ այդքան որոշիչ չի: Ճիշտ է՝ պակաս է, բայց կարծում եմ՝ կապահովվի:



- Իսկ կոնկրետ մարզպետարանն ի՞նչ է անում գյուղացուն ինչ-որ կերպ աջակցելու համար:



- Դե, աշխատում ենք գյուղնախարարության հետ, հացահատիկահավաք կոմբայններով ենք աջակցել: Կոմբայն է տվել կառավարությունը, 15 տրակտորներ է տվել, որոնք հատկացրել ենք համայնքներին: Ուզում եմ ասել՝ հնարավորինս մենք աջակցում ենք գյուղացուն այսօրվա դրությամբ: Իհարկե, լինում են նաեւ երաշտներ, լինում են նաեւ կարկտահարություններ:



- Պարոն Պողոսյան, Դուք նախկին ոստիկան եք, ինչո՞ւ ընտրեցիք մարզպետի պաշտոնը ոստիկանական կարիերայից հետո:



- Ի՞նչ տարբերություն: Սա էլ է պաշտոն, նա էլ է պաշտոն: Ինձ համար տարբերություն չկա: