Տուրիստական ուղեգիր

Տուրիստական ուղեգիր
Այսպես կոչված հասարակական սեկտորը՝ քաղաքացիական հասարակության բաղկացուցիչ հանդիսացող հասարակական կազմակերպությունները մի տեսակ դուրս են մնացել մամուլի տեսադաշտից: Եթե անգամ դուրս չեն մնացել, ապա մենք՝ լրագրողներս, պրոֆեսիոնալ առումով մեզ ավելի հարազատ ենք համարում «ՀԿ-ներին» եւ, որպես կանոն, չենք քննադատում նրանց: Թեեւ իրականում քննադատության ծով թեմա կա: Այն բոլոր խոսակցությունները, որ շրջում են նրանց հասցեին, հեռու չեն իրականությունից: Նրանք եւ «գրանտակերներ» են, եւ սերտաճել են իշխանության հետ ու կորցրել իրենց վերահսկողական ֆունկցիաները: Եվ անտարբեր են մեր հասարակության ու նրա հոգսերի նկատմամբ, միայն ձեւականորեն են կատարում քաղաքացիական ինստիտուտի իրենց դերակատարումը՝ միջազգային կառույցների աչքին թոզ փչելու եւ հավելյալ գումարներ կորզելու նպատակով: Նրանց մեծ մասը միայն տրանզիտով է Հայաստանում հայտնվում. տարբեր կազմակերպությունների ու պետությունների հրավերով շարունակ շրջագայում են աշխարհով մեկ: Վերջին օրերին այս թեման առավել ակտուալ է դարձել: Բանն այն է, որ նոյեմբերի 18-19-ին Բեռլինում կայանալիք Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի մասնակիցների ընտրության հարցը դարձել է սկանդալի առիթ: Քաղաքացիական հասարակության համաժողովի ղեկավար կոմիտեն՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ղեկավարությամբ, ընտրել է համաժողովին մասնակից կազմակերպությունների ցանկը, ինչը բուռն դժգոհությունների ու քննադատության տեղիք է տվել ցանկից դուրս մնացողների շրջանում: Բանը հասել է նրան, որ Նավասարդյանը դուրս է եկել այդ մարմնի կազմից եւ ասուլիս տվել: Մի խոսքով՝ Բեռլին գնալը մեր ՀԿ-ների համար շատ ավելի կարեւոր է, քան այս երկրի ճակատագիրը: