7-րդ բիենալեն Գյումրիում

7-րդ բիենալեն Գյումրիում
«Արխիվների արխիվացում կամ  ապագայի հիշողություն»  խորագրի ներքո սեպտեմբերի 10- 30-ը Գյումրիում տեղի  կունենա  7-րդ  միջազգային բիենալեն: Եթե նախորդ  6 հավաքներին մասնակցել են շուրջ  4 տասնյակ երկրների 400 արվեստագետներ, ապա այս տարի  մասնակիցները կլինեն միայն Հայաստանից: Ըստ  Գյումրիի ժամանակակից արվեստի  կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանի՝ պատճառը թե տեղական, թե պետական իշխանությունների անտարբերությունն է:



Եթե նախորդ տարիներին դրսի աջակցությամբ է իրականացվել ծրագիրը, ապա այս անգամ  կազմակերպիչները հրաժարվել են. «Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ ունենք ներսում, ի վերջո այդ գումարները լցվելու են  Գյումրիի բյուջե, մե՞նք ենք դրա մասին մտածելու: Գյումրիի բիենալեն կարեւոր ձեռքբերումներից է, աշխարհում գիտեն, բայց գյումրեցուն դա չի հետաքրքրում»: Դրսից արվեստագետներ չհրավիրելու պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ տարի խնդիրներ են եղել մաքսատներում: «Գյումրու մաքսատանը նախորդ անգամ  կշեռք չկար, ընկերոջս տնից ենք բերել:



Կամ՝ հարց է առաջանում` ինչպե՞ս է այս նկարը հայտնվել Հայաստանում: Նույն խնդիրն է առաջանում նաեւ Հայաստանից դուրս հանելիս: Այն ամբողջ ժամանակը, որ մենք ծախսել ենք մաքսատանը, կարող էինք ավելի արդյունավետ աշխատանքով զբաղվել»,- ասում  է  արվեստագետ Նազարեթ Կարոյանը: Եթե նախորդ տարի մշակույթի նախարարությունն աջակցել է 25 տոկոսի չափով, ապա այս տարի 7 տոկոսի օգնություն է առաջարկել: Բիենալեի նկատմամբ անտարբերությունն ընդհուպ հասնում է այնտեղ, որ մինչ այսօր դեռ տարածքի հետ կապված խնդիրները լուծված չեն: Այն կայանալու է 60 քմ մակերեսով մի սենյակում, որը տարամադրել է Արվեստների ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղը:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ