Ակութին դիմելով` ոչ թե մոխիրը, այլ կրակը վերցնենք

Ակութին դիմելով` ոչ թե մոխիրը, այլ կրակը վերցնենք
Հարգելի տիկին Օհանյան:

«Հրապարակ» օրաթերթի 163-րդ համարում աննպաստ տեղեկատվություն է տպագրվել  Երեւանի պետական հումանիտար քոլեջի ընդունելության  վերաբերյալ: Հոդվածում առկա են ձեւակերպումներ, որոնք վայել  են արդեն փաստարկված նյութի համար, սակայն իրականում ունենք մի անհայտ անձ, որը «հավատացնում է, որ անձամբ իր նկատմամբ է այս սխեման կիրառվել, երբ իր զավակին Երեւանի հումանիտար քոլեջում (նախկին Օստրովսկու անվան ռուսաց լեզվի տեխնիկում) փորձել է տեղավորել» (խոսքը 200 դոլար կաշառքի մասին է, որը տվել էր մեզ դիմած անձնավորությունը՝ իր երեխային քոլեջ ընդունելու համար՝ խմբ. կողմից):



Եթե փորձ արվեր տեղում ճշտել վերը նշված անձի տեղեկատվությունը, կճշտվեին նաեւ կրթօջախի նոր եւ հին անվանումները, որոնք երկուսն էլ սխալ են ներկայացված հոդվածում, ու համոզված եմ, որ նյութը չէր էլ տպվի: Սակայն «վիճակը նետված է», եւ քանի որ չեմ կասկածում հոդվածի ստեղծման շարժառիթին, կտամ սպառիչ պարզաբանումներ:



1. Այս տարի օգոստոսի 29-ի դրությամբ քոլեջ է ընդունվել 292 դիմորդ, որոնցից ոչ մեկը քոլեջից դուրս չի մնացել: Ավելին` բոլորն էլ ընդունվել են իրենց նախընտրած մասնագիտությամբ: Ցանկացած շուկայաբան կասի` այն, ինչ բաժանվում է բոլորին, անհնար է վաճառել. մենք ընդունելության 410 տեղը ամբողջությամբ չենք կարողացել իրացնել: Դժվար է պատկերացնել, թե հոդվածի հերոսն ինչպես է «փորձել» իր զավակին քոլեջում տեղավորել, երբ շուրջ 300 երիտասարդ եկել եւ, ընդունելության կանոնակարգին համաձայն, հանձնել են գործերը` հաճախ անգամ առանց ծնողների, ով անվճար, ով վճարովի տեղերի համար:



2. Ընդունելության կանոնակարգին համապատասխան, նախ` օգոստոսի 24-ին փակցվել են անվճարի մրցույթն անցած դիմորդների ցուցակները, իսկ 26-ին` վճարովի դիմորդների առաջին ցուցակը` ըստ ընդունելությանը հատկացված տեղերի: Վճարովի տեղերի երկրորդ ցուցակը փակցվել է օգոստոսի 29-ին, որը եւ դիմորդների մեծ մասին հռչակել է ուսանողներ:



...Վճարովի դիմորդների հետ շփման ամբողջ ընթացքում, հատկապես ընդունվածների առաջին ցուցակի հրապարակման ժամին եւ այնուհետեւ, անձամբ ես եւ պատասխանատու քարտուղարը ամեն առիթ օգտագործել ենք հավաստիացնելու դիմորդներին, որ լրացուցիչ տեղերն անպայման լինելու են, որպեսզի նրանք չկորցնեն ընդունվելու հույսը: Անգամ եղել են անհամբերներ, ովքեր եկել են գործերը հետ վերցնելու, բայց չեն վերցրել, քանի որ հավատացել են լրացուցիչ տեղեր լինելու մեր հավաստիացումներին: Դրա մասին  հայտարարությունների տախտակին մինչեւ այսօր փակցված է մնացել գրավոր հայտարարություն:



3.  Ես սկզբում նշեցի, որ ուզում եմ չկասկածել հոդվածի հայտնած միջադեպի իսկությանը, որ «ինչ-որ մեկը հոդվածի հերոսին առաջարկել է վճարել գումար», սակայն ուզում եմ նաեւ տեղեկանալ՝ որտեղից է այն համոզմունքը, թե դա «տնօրինությունը կամ նրա կողմից վստահված անձինք են», եթե հայտնի բան է, որ ընդունելության քննություններն ակտիվացնում են մարդկանց, որոնք ձգտում են ջուրը պղտորել եւ ձուկ որսալ: Նրանք շրջում են ծնողների մեջ, հեռվից փորձում են բարեւել գործեր ընդունող հանձնաժողովի անդամներին, դիմորդների աչքի առաջ հարցերով մոտենում են նրանց, մարդկանց մեջ տարածում ընդունելության վերաբերյալ տարբեր տեղերից լսակորզած տեղեկություններ: Միայն Աստծուն է հայտնի, թե ընդունելությանը նման կերպով «աջակցողների» դերում ովքեր եւ ինչ խնդիրներով կարող էին հայտնվել,  «ումից»  «ինչ» կարող էին պահանջել:



...Այսօր Հայաստանում ապրող մտավորականներս պետք է ունենանք կառուցողական դիրքորոշում ու հնարավորություններ, որ եթե անգամ երբեմն ստիպված ենք լինում «մոխիր փորփրել», ապա անպայման հասնենք անթեղված կրակին:



Հրաչյա ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

բ.գ.թ., դոցենտ, կրթության ազգային փորձագետ, ԵՊՀՔ տնօրեն, Հայաստանի պետական եւ ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների ասոցիացիայի նախագահ




ՀԳ - Մենք որոշեցինք տպագրել այս պատասխանը, սակայն կրկին կապվեցինք մեզ դիմած անձնավորության հետ, որի զավակն այժմ սովորում է Հումանիտար քոլեջում: Վերջինս պնդեց, որ իր պատմածը ճշմարտություն է, եւ անգամ ափսոսեց, որ կաշառատվության փաստի «ապացույցներ» չի ստեղծել եւ միմիայն ապացույցների բացակայության պատճառով ստիպված է անանուն հանդես գալ: