Մի լեյտենանտ է դեգերում Երեւանում` ՔՀԿ աշխատող

Մի լեյտենանտ է դեգերում Երեւանում` ՔՀԿ աշխատող
Ռեժիմը չի խնայում արդեն յուրայիններին: Դատական համակարգի թարթափն արդեն իրենց մաշկի վրա են զգում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները: Նախօրեին մեր խմբագրություն էր եկել  մի լեյտենանտ ու հուսահատությունն աչքերում խնդրում էր օգնել: Մեր օգնությունը, թերեւս, նրա դարդը  լսելն ու խնդիրը հրապարակելն է, բայց մարդու վերջին շանսն է նաեւ, որը դանակը ոսկորին հասածի անհուսությամբ ուզում էր աղաղակել իր դռանը չոքած ուղտի անարդարության մասին:



Հակոբ Պողոսյան, ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից, գործատեղը՝ կալանավորների հիվանդանոց, որտեղ աշխատում է արդեն 10 տարի: Նրան վտարում են իր բնակարանից, որը գնել է դեռեւս 2006 թվականին ու հետո պարզել, որ բնակարանին հավակնում է թրքահպատակ մի տիկին: Պատմությունը առաջին հայացքից խճճված է թվում՝ այն պատճառով, որ տիկինն իր բարեկամների միջոցով ահաբեկել է ոչ միայն տանտիրոջը, այլեւ, ինչպես լեյտենանտն է պնդում, կաշառել է դատավորներին: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Հակոբ Պողոսյանը եւ նրա զոքանչը պայմանավորվել են վաճառել բազմաբնակարան շենքերի իրենց բնակարանները, գնել առանձնատուն ու գերդաստանով հավաքվել մի հարկի տակ:



Այդպես էլ արել են ու գնել Շենգավիթի Բայդուկով փողոցի թիվ 17 տունը, որտեղ ապրում են արդեն 5 տարի, մեծ ընտանիքով՝ ինքը, տիկինը, զոքանչը, դուստրերը, փեսան ու դեռահաս թոռները: Այնուհետեւ հայտնվել է թրքահպատակը՝ Շողիկ Մեխակի Ղարիբյանը, ու պահանջել ազատել տունը, հայտարարելով, որ այն պատկանում է իրեն: Լեյտենանտ Պողոսյանն ապշել է ու փորձել է նախկին տանտիրոջից պարզել, թե ինչ է սա նշանակում, չէ որ բնակարանը գնելու եւ ձեւակերպելու պահին բոլոր փաստաթղթերով հաստատված է եղել, որ այն ոչ ոքի չի վաճառվել, կալանքի տակ չի եղել, ու գործարքն էլ կատարվել է օրենքով սահմանված կարգով:



Նախկին տանտիրուհին՝ քաղաքացի Անահիտ Հակոբյանը, փորձել է բացատրել Պողոսյաններին, որ տունը ոչ թե վաճառել է, այլ ցանկություն է ունեցել վաճառել տիկին Շողիկին, բայց քանի որ նա ամբողջ գումարը չի տվել, այլ միայն 3 հազար ԱՄՆ դոլար բեհ՝ ինչպես ասում են, եւ հետո էլ ավելացրել է եւս 9 հազար՝ պայմանով, որ մնացածը կտա տունն իր վրա ձեւակերպելուց հետո, ու գնացել է Թուրքիա: Տանտերը չի ձեւակերպել ու վաճառել է լեյտենանտ Պողոսյանի զոքանչին՝ 20 հազար դոլարով, մտածելով թրքահպատակին վերադարձնել բեհը:



Թրքահպատակը կատաղել է ու դիմել  դատարան: Ըստ փաստաթղթերի, Շողիկ Ղարիբյանը ոչ թե գնել է վերոնշյալ տունը, այլ գումար է փոխառությամբ տվել տանտիրոջը: Դիվանբաշուն հասած բանը ձգձգվել է գրեթե 5 տարի: Անցել են ՀՀ դատական համակարգի բոլոր ատյաններով՝ մի քանի անգամ, ու վերջնականապես սպառել վեճը Պողոսյան ընտանիքի համար ողբերգական ելքով: Վերջին դատական ակտը կայացրել է Շենգավիթի առաջին ատյանի դատավոր Բարսեղյանը՝ «նոր երեւան եկած հանգամանքների» հիման վրա: Այդ հանգամանքն էլ եղել է այն, որ նախկին սեփականատերը լեզվից թուղթ է տվել, որ Պողոսյանները տեղյակ են եղել այն մասին, որ տիկին Շողիկն իրեն փոխառությամբ փող է տվել:



Եթե անգամ տեղյակ էլ են եղել, թեպետ լեյտենանտը երդում-պատառ է ուտում, որ սուտ է, միեւնույն է, տունը նա ձեռք է բերել օրենքի շրջանակում պահանջվող բոլոր փաստաթղթերով ու կարգով, եւ նրա խնդիրը չպետք է լիներ, թե ով եւ որքան փող է փոխ տվել Անահիտ Հակոբյանին: Բայց Հայաստանի «անկաշառ դատական համակարգը» գտել է, որ եթե իմացել է, ուրեմն պիտի նաեւ հասկանար, որ չի կարելի գնել տունը, ու հանուն Հայաստանի Հանրապետության կայացրել է «արդար» դատավճիռ՝ վտարել: Տունը, բնականաբար, անցել է թրքահպատակին: «Ես այլեւս չգիտեմ ինչ անեմ, ուր գնամ ապրելու, որտեղ տեղավորեմ իմ ընտանիքը:



Մնում է դիրքավորվեմ ու պաշտպանեմ տունս, ինչպես պատերազմում, կամ եթե դուրս անեն, դիմեմ արտասահմանյան երկրների դեսպանություններ ու ապաստան խնդրեմ»,-մրմնջում էր լեյտենանտը: Նա չէր կարողանում հասկանալ, որ իր գնած բնակարանն իր ձեռքից կարող են վերցնել ու իրեն նետել փողոց, իրեն՝ արդարադատության համակարգին հավատով ու ճշմարտությամբ ծառայողին: Հետաքրքրվեցինք, թե չի՞ դիմել արդյոք բարձրյալներին: Ասաց, որ գրել է, բոլորին՝ «վարչապետին, նախագահին, արդարադատության նախարարին», ու իրեն բոլոր տեղերից պատասխանել են, որ չեն կարող միջամտել «անկախ դատական համակարգի» գործերին:



ՀԳ - Երեկ ԴԱՀԿ աշխատակիցները կատարել են հրամանը՝ փողոց են նետել եւս մի ընտանիքի, այս անգամ՝ յուրային: Մենք զանգահարեցինք պարոն Պողոսյանին եւ տեղեկացանք, որ նրանք հայտնվել են բաց երկնքի տակ: Անելանելությունից որոշել են  գնալ նախկին տանտիրոջ մոտ ու պահանջել տան համար վճարած գումարը: Անահիտ Հակոբյանը հրաժարվել է՝ ասելով, որ գումարը ծախսել է: Պողոսյանները նեղվել են ու համառել: Առաջացել է վիճաբանություն, ու տիկին Անահիտը զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանությունն էլ եկել ու լեյտենանտ Պողոսյանին, նրա տիկնոջը, զոքանչին, ինչպես նաեւ Անահիտին բերման է ենթարկել: Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքում նրանց հետ բացատրական աշխատանք են տարել եւ ուշ երեկոյան բոլորին բաց թողել՝ խորհուրդ տալով վեճերը լուծել դատարանում: Պողոսյանը դատարանից վաղուց է հիասթափվել ու չգիտի, թե ինչ անի: Իսկ մենք... ի՞նչ կարող ենք անել մենք, եթե ոչ գոռալ. «Կեցցե Հայաստանի դատարանը, ամենահումանիստ դատարանն աշխարհում»: