Կրակում ենք բոլորս

Կրակում ենք բոլորս
Այն, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես կերուխումի օբյեկտներում,  անընդհատ կրակոցներ են հնչում, մարդիկ տարբեր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոցներ կամ գրանցվում են մահացության դեպքեր, այլեւս ոչ ոքի չի զարմացնում: Բայց մտահոգիչ է, երբ կրիմինալը թափանցում է նաեւ  բուհեր:   Ուսանողները կարող են զենքով ազատ ելումուտ անել կրթօջախ, ապա «հարկ եղած» դեպքում նաեւ այն կիրառել: Երեկ առավոտյան կրակոցներ են հնչել Երեւանի տնտեսագիտական համալսարանում: Կրակողը ճարտարագիտական համալսարանի  առաջին կուրսի ուսանող Կարեն Ադյանն է եղել, իսկ ուսանողական առաջին օրերին ատրճանակով ինքնադրսեւորվելու պատճառը՝ «աղջկա բազարը»: Ամեն դեպքում, այսպես  մեզ ասացին  դեպքին ականատես ուսանողները:



Նրանց պատմելով՝ կրակող տղայի ընկերուհին տնտեսագիտականի ֆինանսական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է, որն  այս տարի է հեռակայից  փոխադրվել ստացիոնար: Կարո Ադյանը, հայտնի չէ՝ ընկերուհու կուրսում ներկայանալու, թե այլ պատճառով ընկերների հետ եկել է նրա դասին մասնակցելու: Լսարանում ինչ-որ հարցեր են առաջացել ընկերուհու կուրսեցիների հետ, որից հետո տղաները լսարանից դուրս են եկել ու առաջին հարկում շարունակել «բազարը»: Վիճաբանությունը բորբոքվել է ու ավարտվել մեկ կրակոցով: 18-ամյա Կարո Ադյանը ընկերուհու կուրսեցիների ներկայությամբ տղամարդկությունն է ի ցույց դրել՝ իրեն պատկանող «Ատմագա»  գազային ատրճանակով  կրակելով  Տարոն Հ.-ի ու Գեւորգ Ղ.-ի ուղղությամբ:



Դեպքի վայր են ժամանել Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները եւ մի քանի հոգու տարել ոստիկանություն: Մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան ուսանողներին արդեն բաց էին թողել: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ատրճանակը առգրավվել եւ ուղարկվել է  ոստիկանության ՓՔՎ, միջոցներ են ձեռնարկվում Տարոն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է հետաքննության: Ընդհանրապես երեկ մթնոլորտը շիկացած էր «ժողում»՝ բերետավորներն անընդհատ վեճի էին բռնվում ուսանողների հետ: Իսկ այս դեպքի վերաբերյալ խուսափում էին իրենց աչքի տեսածը պատմել դասախոսները՝  մեկը մյուսի վրա գցելով այդ պատասխանատու գործը: Միջադեպի մասին վերոնշյալ տեղեկատվությունը մեզ հաջողվեց ամբողջացնել դասախոսների ու առաջին հերթին ուսանողների կցկտուր պատմածներից: