Բաց քննարկում են ակնկալում

Բաց քննարկում են ակնկալում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի վերջին կանգառը Երեւանն էր: Բաքու եւ Ստեփանակերտ կատարած այցելությունից հետո Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Բեռնար Ֆասիեն եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը երեկ հանդիպել են ՀՀ  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների «ներկա փուլը», ինչպես նաեւ Էդվարդ Նալբանդյանին  ներկայացրել Ադրբեջանի եւ Արցախի իշխանությունների հետ կայացած քննարկումների արդյունքները:



Անդրադարձ է եղել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած սադրանքներին եւ բանակցային գործընթացի ու հակամարտության գոտում իրադրության վրա դրանց հնարավոր հետեւանքներին: Արտգործնախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ զգալիորեն կնպաստի հիմնախնդրի կարգավորմանը: Նախատեսված է նաեւ հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները տարածաշրջան կատարած այցի արդյունքները կամփոփեն համատեղ հայտարարությամբ: Այս այցելությունը միջազգային կառույցների պաշտոնյաների միակ  այցը չէ Հայաստան:



Սեպտեմբերի 14-ին Երեւան կժամանեն Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամները՝ տեղում ծանոթանալու եւ քննարկելու ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Իսկ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պարտավորությունը Հայաստանի վրա դրվել էր դեռ 2008-ի ապրիլի 17-ին՝ ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը բարելավելու մասին ԵԽԽՎ առաջին՝ 1609 բանաձեւով: Ըստ պարտավորության՝ օրենսգրքի բարելավմանն ուղղված առաջարկությունները պետք է մշակվեին համատեղ՝ իշխանության եւ ընդդիմության կողմից, մինչդեռ հանձնաժողովին երկու փաստաթուղթ է ներկայացվել՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագիծն ու խորհրդարանական ընդդիմության առաջարկները:



Հիշեցնենք, որ, իշխանություններից բացի, օգոստոսի սկզբներին Վենետիկի հանձնաժողովին ԸՕ փոփոխությունների իրենց փաթեթն էին ներկայացրել «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը: Առաջարկները վերաբերում են 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների անցկացմանը, հանձնաժողովների կազմին, քարոզչական հավասար հնարավորություններին, ձայների հաշվարկին, ինչպես նաեւ հեռուստաեթերի տրամադրմանն ու դրա գներին: Առաջարկությունների մեջ մի կարեւոր կետ էլ կա՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու մասին, ինչը, ըստ հեղինակների, հնարավորություն կտա բացահայտել մահացածների կամ արտագնա աշխատանքի մեկնածների «քվեարկելու» փաստը:



Այն, որ իշխանությունն առանց լայն քննարկումների, ըստ էության, թաքուն օրինագիծ է մշակել եւ հանձնաժողովին ուղարկել, խոսում է այն մասին, որ ներկայացված փոփոխությունները իմիտացիոն բնույթ են կրում: Հետաքրքիր է, որ ծածուկ ուղարկված օրինագծի անգլերեն տարբերակն ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը հուլիսի վերջերին է առաջին անգամ տեսել, իսկ հայերեն տարբերակը, այսպես ասած, զարտուղի ճանապարհներով հայթայթել: «Որոշակի դրական փոփոխություն կարող է լինել այն, որ քաղծառայողներով են ուզում ընտրական հանձնաժողովները համալրել, բայց,  հաշվի առնելով, թե ինչպիսին է մեր քաղծառայության վիճակը, կարծում եմ բոլորին պարզ է, որ դա կլինի 100 տոկոսանոց իշխանական հանձնաժողով»,-ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մնացած կոսմետիկ փոփոխությունները որեւէ կերպ չեն ապահովում ընտրությունների անցկացման արդարության ու թափանցիկության սկզբունքները:



Վենետիկի հանձնաժողովի անդամները ցանկություն են հայտնել հանդիպել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ: Հանդիպմանը կմասնակցեն Արմեն Մարտիրոսյանն ու Ստեփան Սաֆարյանը: Վենետիկի հանձնաժողովից «Ժառանգությունն» ակնկալում է բաց քննարկում, այլ ոչ քաղաքական որոշում: «Ընտրությունների ժամանակ գալիս-տեսնում են ինչ կեղծիքներ են, բայց քանի որ տարբեր հարցերի՝ հայ-թուրքական, ղարաբաղյան հարցի շուրջ իշխանությունների հետ պայմանավորվածություններ ունեն, ասում են՝ մի քայլ առաջ է տեղի ունեցել:



Հույս ունենք, որ այս անգամ նմանատիպ ձեւով չի լինի, այլ իրական երկխոսություն տեղի կունենա»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը: Քանի որ Դավիթ Հարությունյանի հեղինակած փաստաթուղթն ամբողջական օրինագիծ է, իսկ խորհրդարանական ընդդիմության ներկայացրածը՝ առաջարկություններ, սպասելի է, որ Վենետիկի հանձնաժողովը կողմերին առաջարկի հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ: Թե ինչպիսին կլինի հանդիպումների ֆորմատը՝ առայժմ հայտնի չէ: Չի բացառվում, որ հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին հանդիպեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող 2 կուսակցությունների հետ: