«Այլ միջոցառումը» որպես Ազատության հրապարակն օկուպացնելու միջոց

«Այլ միջոցառումը» որպես Ազատության հրապարակն օկուպացնելու միջոց
Երեւանի քաղաքապետարանը երեկ մերժել է Ազատության հրապարակում սեպտեմբերի 24-ին հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմության իրազեկումը: Դիմումը քննարկել է ընդդիմության հանրահավաքները մերժելու մեծ փորձ ունեցող Գագիկ Բաղդասարյանը՝ քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի նախկին պետը, որն այժմ զբաղվում է Երեւանի ավագանու աշխատանքների կազմակերպմամբ: Երեկ նա մեզ հավաստիացնում էր, որ մերժել է բացառապես օրենքի դրույթներից ելնելով եւ շատ ցավում է, որ ընդդիմությունը փորձում է քաղաքականացնել հարցը:



«Իրականում ինձ մոտ կա այլ միջոցառում անցկացնելու մասին իրազեկում, որը ստացել ենք մեր մշակույթի վարչությունից»,-բացատրեց պարոն Բաղդասարյանը: Տեղեկացնենք, որ նրա նշած «այլ միջոցառման մասին իրազեկումն» իրականում Էրեբունի-Երեւան տոնակատարության փորձերն են, որը քաղաքապետարանը որոշել է անցկացնել Ազատության հրապարակում: «Այդ նախապատրաստական միջոցառումները Ազատության հրապարակում լինելու են սեպտեմբերի 24-ին եւ շարունակվելու են մինչեւ հոկտեմբերի 9-ը»,-տեղեկացրեց պարոն Բաղդասարյանը:



Մեր հարցին, թե ինչպե՞ս է քաղաքապետարանի մշակույթի վարչությունը  կարողացել այնպես կազմակերպել իր փորձերը, որ համընկել են հատկապես ընդդիմության հանրահավաքների ժամանակացույցին, եւ չի՞ կարելի արդյոք այդ փորձերը տեղափոխել այլ վայր կամ գոնե այնպես անել, որ երկու միջոցառումները հաջորդեն միմյանց, այլ ոչ թե խանգարեն, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկումը ստացել ենք ավելի ուշ: Եթե ավելի շուտ ստանայինք, հանրահավաքի հարցը կքննարկվեր սկզբից, մի քանի օրվա տարբերությամբ:



Եթե ընդդիմության հանրահավաքի մասին նախորդ իրազեկումը ստացվել է օգոստոսի 30-ին, այս մեկը՝ 8-ին, ավելի ուշ է ստացվել, քան մյուս միջոցառման մասին իրազեկումը»: Գագիկ Բաղդասարյանը նշեց նաեւ, որ իրազեկման մասին դիմումները քննարկելիս երբեք չի քննարկվում միջոցառման կարեւորությունն ու բովանդակությունը, որովհետեւ դա լիազոր ներկայացուցչի, այս դեպքում՝ իր, լիազորություններից դուրս է: «Լիազոր ներկայացուցչի իրավասության մեջ մտնում է՝ իրազեկումը ճի՞շտ է տրված, թե՞ ոչ, օրենքի պահանջին համապատասխա՞ն է, քսանօրյա ռեժիմի մասին է խոսքը, եւ միջոցառումը զանգվածայի՞ն է, ո՞չ զանգվածային, թե՞ այլ»,-բացատրեց պարոն Բաղդասարյանը:



Մեր հարցին, թե «այլի» պարագայում ի՞նչ է նախատեսում օրենքը, քանի որ Էրեբունի-Երեւանի փորձերն այնուամենայնիվ զանգվածային չեն, Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Այլ միջոցառման հետ կապված կա օրենքի մի կետ՝ 10-րդ հոդվածն է, ըստ որի՝ այլ միջոցառումը կարող են անցկացնել առանց իրազեկման»: Մեր հաջորդ հարցին, թե այս դեպքում ինչո՞ւ է առաջնահերթությունը տրվել «այլ միջոցառմանը», Գագիկ Բաղդասարյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում իրազեկված է եւ իրազեկումից հետո նախապատրաստական աշխատանքներն իր ընթացքով գնում է: Այստեղ եթե անց է կացվում այլ միջոցառում, տվյալ տեղում մեկ այլ միջոցառում չի կարելի անցկացնել: Սա օրենքով է նախատեսված:



Բայց մենք օրենքով նախատեսված կարգով իրենց առաջարկել ենք մեկ այլ տեղում անցկացնել: Նախորդի դեպքում համաձայնեցին, այս անգամ՝ ոչ»: Ընդդիմությունը ոչ միայն արժանահավատ չի համարում քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական բաժնի պետի ներկայացրած հիմքերը, այլեւ համարում է քաղաքական պատվեր: «Բաղդասարյանը պարտավոր էր հանրահավաքը կամ զանգվածային միջոցառումը մերժելու մասին իր որոշումը հիմնավորել «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի որեւէ կետով: Իսկ այն պատճառաբանությունը, որ նա բերել է, թե իբր այդ վայրում նույն օրը, նույն ժամին այլ միջոցառում է նախատեսված, նշածս օրենքի երկրորդ կետը հստակ է նշում, որ նշված օրը, նշված ժամին եւ նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային եւ հրապարակային միջոցառում:



Սա՝ մեկ: Երկրորդ՝ կամ նշված օրը, ժամին ու վայրում անցկացվելու է ոչ զանգվածային, հրապարակային միջոցառում, կամ այլ միջոցառում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում, եւ որը բացառող է տվյալ միջոցառման անցկացումը: Հիմա եթե ինքն ասում է, որ դա զանգվածային չէ, այլ՝ «այլ» է, մեկ է, օրենքն ասում է՝ «որոնց», չի ասում՝ «որի»: Սա նշանակում է, որ վերը թվարկված երեք դեպքերում էլ այս օրենքը պահանջում է, որ քաղաքապետարանը համապատասխան իրազեկում ստացած, քննարկած եւ արտոնած լիներ, որ այդ հիմքով կարողանար մերժել ընդդիմության հայտը:



Այսինքն, այլ միջոցառման հայտը պիտի ստացած լիներ ընդդիմության հայտից առաջ, ու որոշումն էլ փակցված պիտի լիներ նախատեսված վայրում: Տվյալ դեպքում ընդդիմության ներկայացուցիչը, նախապես իմանալով քաղաքապետարանի լիազոր մարմնի դիրքորոշումը՝ ապօրինի որոշումներ կայացնելու կապակցությամբ, ապահովագրվել է եւ լուսանկարել այն տախտակը, որտեղ պիտի փակցված լիներ «այլ» միջոցառման մասին իրազեկումը ու փակցված չի եղել»,-պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:



Նրան տեղեկացրինք, որ Գագիկ Բաղդասարյանը հավաստիացնում է, թե իրազեկումը եղել է: «Բաղդասարյանը, ինչպես մեր մյուս բոլոր պաշտոնյաները, պարտավոր են ղեկավարվել Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բաղդասարյանի կայացրած մերժման որոշումն ապօրինի է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանն ու տեղեկացրեց, որ Բաղդասարյանի կայացրած որոշումը բողոքարկելու են դատարանում, թեպետ նշեց, որ վստահ է, որ դատարանը ինչպես նախորդ, այնպես էլ այս ապօրինի որոշումը թողնելու է ուժի մեջ, քանի որ կա քաղաքական որոշում, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք չպետք է անի: