Պատկան ականջները ոստիկանությունից են

Պատկան ականջները ոստիկանությունից են
Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հերքելով մամուլում տպագրված լուրը, թե Ոստիկանության հաշվեկշռում գտնվող մանկապարտեզի վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվել է, որպեսզի ինքը էլիտար շինարարություն ծավալի, հայտարարեց, որ դա պատվեր է, իսկ պատվիրատուն փորձում է թաքցնել իր ականջները Աբրահամյանի հետեւում: Բայց մի թափանցիկ ակնարկ նա այնուամենայնիվ արեց, երբ հարց տրվեց, թե ով է փորձում թաքցնել իր ականջները: «Գնացեք ճշտեք, իմ կարծիքով՝ պատկան մարմիններից կարող եք հարցնել եւ ստանալ պատասխաններ: Եվ կառավարության որոշման մեջ շատ հստակ երեւում է»:



Իսկ որոշման մեջ գրված է, որ Թումանյան-Նալբանդյան, Ավագ Պետրոսյան եւ Սայաթ-Նովա պողոտայի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ  բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու արդյունքում քաղաքապետը պետության անունից լիազորված  է բանակցել եւ օտարման պայմանագիր կնքել «Ավագշին» ընկերության հետ: Թե ով է կանգնած այդ ընկերության հետեւում՝ հայտնի չէ, ոստիկանության հաշվեկշռում եղած մանկապարտեզի օտարումը հնարավոր է իրականացնել համակարգի մարդու կողմից: Թերեւս դա է պատճառը, որ երեկ լուրեր էին շրջանառվում, թե ընկերության հետեւում իրականում ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն է, որի հարաբերություններն ի դեպ` Հովիկ Աբրահամյանի հետ, ասում են, լավ չեն: