Ռեստորանային դահլիճ` քվեարկության կոճակներով

Ռեստորանային դահլիճ` քվեարկության կոճակներով
Իմաստուն մարդ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. ԱԺ նոր դահլիճը տեսնելով՝ կհամոզվեք, որ նա գտել է ձեւը մեր պատգամավորներին ռեստորաններից կտրելու ու իրենց հարազատ  միջավայրում աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Երեկ ԱԺ նախագահը շրջայցի էր հրավիրել լրագրողներին ԱԺ նոր, օվալաձեւ դահլիճում, որի վերանորոգումը դեռ չի ավարտվել: Լույսերի մի քանի շրջապտույտով առաստաղ, ոսկեզօծ զարդանախշերով փայտյա մուգ պատեր, մի խոսքով` մեր օլիգարխներին հարազատ միջավայր: Եթե տեսել եք օլիգարխների լյուքս գրասենյակները, կհամոզվեք, որ դրանք նման են այս դահլիճին:



Ամենակարեւորն այն է, որ ԱԺ նոր դահլիճի լուծումները մոտեցված են ռեստորանային սրահների դիզայնին, որտեղ սիրում են ժամանակ անցկացնել մեր պատգամավորները: Հիշում եք, չէ, որ ԱԺ պաշտոնը ստանձնելով, Հովիկ Աբրահամյանը խոստացավ բարձրացնել ԱԺ դերը: Դժվար է ասել, հարկատուների հաշվին՝ մոտ 500 մլն դրամով վերանորոգված դահլիճում որքան օրինաստեղծ կդառնան թուղթ ու գրիչից հեռու մեր պատգամավորները, բայց թերեւս ավելի շատ ժամանակ կանցկացնեն այնտեղ:



Երեկ նոր դահլիճում ԱԺ նախագահին այնուամենայնիվ հարցրինք, թե դիտավորյա՞լ են ԱԺ դահլիճը նմանեցրել ռեստորանային դահլիճի, որ օլիգարխ- պատգամավորները գա՞ն խորհրդարան: «Դա քո կարծիքն ա»,- մեր հարցին ի պատասխան նետեց ԱԺ նախագահը, որը մինչ այդ արդեն լրագրողներին հորդորել էր «միշտ դրական մոտեցումներ ցուցաբերել դահլիճի վերանորոգման հետ կապված»՝  շարունակելով. «Դու չե՞ս սիրում ռեստորան գնալ»: Ճիշտ է՝ ԱԺ նախագահն այնուհետեւ մեզ մեղադրեց անհանդուրժող ու նախանձ լինելու մեջ, բայց մենք չնեղացանք ու հետաքրքրվեցինք, թե որքա՞ն է պատրաստվում պաշտոնավարել նոր դահլիճում: «Ինչքան ուզեմ»,- եղավ Հովիկ Աբրահամյանի պատասխանը:



«Ճարտարապետին հարցրու, դու լրագրող ես, ի՞նչ կապ ունես»,-դահլիճի տեսքի հետ կապված էլ կշտամբեց պարոն Աբրահամյանը: Հետւեւելով Հովիկ Աբրահամյանի խորհրդին՝ դահլիճի նախագծի հեղինակ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանին, որը ներկա էր խորհրդարանում, հարցրինք, թե որքա՞ն է եղել ԱԺ նախագահի մասնակցությունը այս նախագծին: «Շատ ակտիվ: Անընդհատ նախագահի ուշադրության կենտրոնում, եւ իհարկե ամեն մի խնդիր՝ կապված պատգամավորների, դահլիճի ձեւավորման եւ ընդհանուր տեսքի, իր ուշադրության կենտրոնում է եղել»,- ասաց ճարտարապետը: «Կարելի՞ է ասել՝ ԱԺ նախագահի ճաշակով է այս դահլիճը ձեւավորվել» հարցին տիկին Թարխանյանը պատասխանեց. «Կարելի է ասել, որ իր ճաշակով է, եւ ինձ թվում է՝ վատ չի ստացվել»:



Պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանն է որոշել ինչպիսին պետք է լինեն դահլիճի գույները, սեղանների ձեւավորումը, պատերը. մի խոսքով` նոր դահլիճում առկա է ԱԺ նախագահի ճաշակը: Դահլիճի նախագծի հեղինակը համաձայն չէ, որ այն ավելի ռեստորանային դահլիճ է հիշեցնում: «Ոչ: Չեմ կարծում: Մենք կարող ենք գնալ Ֆրանսիա, Բրիտանիա, տեսնել ամենահին պառլամենտների ձեւավորումը, եւ բոլորը այս ոճի են»,- պնդեց նախագծի հեղինակը, որը նաեւ Սեւանի ափին լողափ ունի, մի քանի ռադիոընկերություններ եւ այլ բիզնես:



Երեկ ԱԺ-ում լրագրողների հարցին, թե արդյոք շքեղություն եւ շռայլություն չէ՞ ճգնաժամային պայմաններում այդքան փող ծախսել դահլիճ նորոգելու վրա, որքանո՞վ հրատապ էր այս դահլիճի կառուցումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե հարցը 2002 թվականից եղել է ծրագրի մեջ, քննարկվել է հանրապետության նախագահի հետ, բայց միշտ հետաձգվել է բյուջեից հատկացում անելը, սակայն 2010-ին նախագահը համաձայնել է բյուջեից փող հատկացնել: Մի խոսքով՝ մեղքը գցեց Սերժ Սարգսյանի վրա: Ավելին՝ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, 480 միլիոն դրամն այնքան էլ մեծ գումար չէ. «Իմ կարծիքով՝ խոսքը մեծ գումարների մասին չէ, ընդամենը 480 մլն դրամ է ծախսվելու, եւ իմ կարծիքով՝ շատ ճիշտ քայլ էր վերակառուցել դահլիճը»: Ըստ նրա` դահլիճը պետք է գեղեցիկ լինի, «որովհետեւ յուրաքանչյուր երկրում միշտ երեւում է հեռուստացույցով»:



Ուշագրավ է նաեւ այն, որ խորհրդարանի նոր դահլիճում լրագրողները ապակե պատով  մեկուսացված են լինելու՝ թերեւս որպեսզի չլսեն պատգամավորների ավելորդ ռեպլիկները կամ հայհոյանքները:  Աբրահամյանը դա բացատրեց. «Ուղղակի աշխատանքներին չխանգարելու համար, բայց մենք հնարավորություն ենք տալու ձեզ` լիովին տիրապետեք թափանցիկ աշխատանքին ԱԺ-ի»:



Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի տեղեկություններն այն մասին, որ հարկայինը ստուգումներ է իրականացնելու Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում, եւ դրանց առաջին փորձին Աբրահամյանի եղբայրը Մխչյանի գինու գործարանում պատասխանել է օդ կրակելով, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ասեմ ձեզ, որ նման որեւէ պատճառ չկա, որ նման հերյուրանքներ տարածվի: Իրականությանը չի համապատասխանում, կամ ես չունեմ տենց ձեռնարկություններ, որ պիտի գնան ստուգեն»: