Չխփած արջի մորթին

Չխփած արջի մորթին
Թեեւ 2012-ի խորհրդարանական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, սակայն ընտրությունների հետ կապված քննարկումներն այնպիսի ընթացք են ստացել, որ թվում է՝ դրանց մնացել են հաշված օրեր: Եվ ամենաբուռն քննարկումներն ընթանում են ԱԺ ապագա նախագահի անձի շուրջ: Մամուլում արդեն անուններ են շրջանառվում: Մասնավորապես «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի անունն է շոշափվում, որը համեստորեն լռում է այս թեմայով կամ էլ այնպես է հերքում, որ ավելի շատ հաստատելու է նման: Բնականաբար, ԱԺ գործող խոսնակն էլ վրդովված է այս զրույցներից եւ ոլոր-մոլոր ակնարկներով հասկացնում է, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը: Բայց ամենահետաքրքիրը երեկ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակի տարածած հայտարարությունն էր. «Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին՝ իբր ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ նախագահի պաշտոնը զիջել այլ քաղաքական ուժի: Լիազորված եմ հայտարարելու, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը. Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում ԱԺ նախագահի պաշտոնը զիջել որեւէ այլ կուսակցության»: Կարելի է կարծել, թե ընտրություններն ավարտվել են, խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորվել է, եւ մնում է պարզել, թե ում է առաջ քաշելու այդ մեծամասնությունը: Ասենք, որտեղի՞ց գիտի Էդիկ Շարմազանովը, որ ՀՀԿ-ն 2012-ին մեծամասնություն է կազմելու Ազգային ժողովում: Ինչո՞ւ է համոզված, որ մեծամասնություն չի լինելու ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն: Թե՞ այս վստահությունը բխում է ընտրակեղծիքների այն մեծ փորձից, որ իշխող կուսակցությունը կուտակել է վերջին տարիներին: Ամեն դեպքում, պարկեշտությունը հուշում է, որ գոնե ձեւականորեն պետք է սպասել ընտրությունների արդյունքների հրապարակմանը: