Կապանում թատրոնի տոմսերը բնամթերքով են վաճառում

Կապանում թատրոնի տոմսերը բնամթերքով են վաճառում
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը օրերս «Գնա մեռի, արի սիրեմ»  ներկայացմամբ սկսեց իր նոր թատերաշրջանը: Այն հոբելյանական է, 75-րդ անգամ է բացվում թատերաշրջանը, այդ առիթով սեպտեմբերի 8-15-ը Կապանում հայտարարվել է «Թատերական շաբաթ»: Չնայած տոնական տրամադրությանը, այնուամենայնիվ թատրոնի կոլեկտիվը թատերաշրջանը բացում է տխրությամբ: Մի քանի ամիս առաջ կյանքից վաղաժամ հեռացել  է թատրոնի ստեղծագործական ղեկավար, ՀՀ վաստակավոր դերասան Վազգեն Սարգսյանը: Տնօրեն Կամո Արզումանյանի խոսքով` հեշտ չի եղել թատրոնի անցած ուղին:



«Եթե հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին թատրոնը գործեց, ներկայացումներ բեմադրեց, ու երբ մեր թատրոնի դերասանները սահմանում էին, պատերազմի 1-ին գծում` ազատամարտիկների համար խաղում էին, ապա հիմա այս պայմաններում պիտի գործի ու գործի»,-ասում է տնօրենը: Նոր թատերաշրջանում հանդիսատեսի դատին կհանձնեն  5 ներկայացում: Որպես առաջնախաղ՝ կներկայացվի  Ալեքսանդր Թոփչյանի «Աստված եւ մարդ» մոնո-ներկայացումը եւ Բակունցի «Միրհավը»: Բակունցի պատմվածքով էլ թատրոնը պատրաստվում է մասնակցել  հոկտեմբերի 20-27-ն  անցկացվող «Լոռի-2010» թատերական փառատոնին: Թատրոնն ուզում է մեկնել արտասահման՝ հյուրախաղերի, բայց տնօրենն ավելի մտահոգ է գյուղական համայնքներով:  Գյուղացին չի կարող գալ քաղաք ներկայացում դիտելու, իսկ թատրոնը, ֆինանսական սուղ պայմաններից ելնելով, չի կարող հյուրախաղերի մեկնել:



«Միայն վառելիք, գումար լինի, որ հասնենք գյուղ, ավել բան չենք ուզում»,-ասում է Կ. Արզումանյանը: Նա պատմում է, որ գյուղերում անվճար են խաղում, բայց գյուղացին իր բարիքները դերասանների հետ է կիսում: «Պատկերացրեք, ներկայացումից հետո մեկը կարտոֆիլ է բերում, մյուսը` խնձոր, երրորդը` ընկույզ, գազար: Խառը լցնում են մեքենան, ասում են` տարեք-բաժանեք իրար մեջ»,-ասում է տնօրենը` կատակելով, որ այդպես ավելի թանկ է դառնում տոմսի արժեքը: Մինչեւ տարեվերջ Կապանի թատրոնը կբեմադրի Գյումրիի թատրոնի ռեժիսոր եւ դերասան Հովիկ Հովհաննիսյանի «Լքված դաստակերտի ուրվականները» մանկական ներկայացումը: Նոր բեմադրություններ անելու պայմանավորվածություններ կան նաեւ ՀՀ ժողովրդական դերասան Արմեն Սանթրոսյանի եւ այլ ճանաչված ռեժիսորների հետ: