Ամեն դեպքում «ՄՅՈՒԴ»-ը կփակվի՞

Ամեն դեպքում «ՄՅՈՒԴ»-ը կփակվի՞
Օրերս մենք անդրադարձել էինք  օգոստոսի 12-ին ԿԳ նախարարության կողմից կասեցված մասնավոր բուհերից մեկի՝ «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի վերաբացմանը: Ինստիտուտի ռեկտոր Ալլա Աղասյանը պնդում էր, որ ԿԳՆ լիցենզավորման հանձնաժողովը բուհը լիցենզիայից զրկելու որոշումը կայացրել է անհիմն ու մի շարք օրենքների խախտումներով: «Մյուդի» ռեկտորը վստահ էր, որ բուհը ժամանակավոր է կասեցվել, եւ ինքը կարճ ժամանակում վերացրել է բոլոր թերություններն ու խոչընդոտները եւ այդ մասին գրությամբ տեղեկացրել ԿԳՆ-ին: Աղասյանը համոզված էր, որ բուհը սեպտեմբերի 10-ից կսկսի իր բնականոն ուսումնական պրոցեսը: Սակայն սեպտեմբերի 9-ին կայացած ասուլիսում ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանն ասաց. «Բուհի լիցենզիան չի վերականգնվել:



«Մյուդը» գրություն է ուղարկել թերությունների շտկման վերաբերյալ: Ես տեղյակ եմ, որ այդ գրությունը քննարկվել է եւ համապատասխանաբար պատասխան գրություն է ուղարկվել: Բուհը կրթություն է իրականացնում մեկ մասնագիտության գծով եւ այն էլ այնպիսի որակով, որը ոչ մի չափանիշի չի համապատասխանում»: «Մյուդի»՝ թերությունները շտկելու մասին փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզվել է, որ ներկայացվածը բավարար հիմք չի հանդիսանում լիցենզիան վերանայելու համար: Հիշեցնենք, որ ռեկտոր Ալլա Աղասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը նախարարությունից պատասխան չի ստացել, ինչն էլ նրան, օրենքով սահմանված կարգով, իրավունք է տալիս ազատ շարունակել իր գործունեությունը:



Սակայն ԿԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ ասաց, որ բուհին փոխանցվել է համապատասխան պատասխանը: Այսինքն, բուհը պատշաճ ժամկետում տեղեկացված է եղել, որ լիցենզիան չի վերանայվելու: Երեկ «Մյուդից» տեղեկացանք, որ իրենք նորից պատասխան նամակով դիմել են ԿԳՆ, որտեղ երկրորդ անգամ են նշել, որ բոլոր թերությունները վերացրել են: Սակայն Արթուր Բաղդասարյանը մեզ ասաց, որ ստացել են նամակը, եւ ուսումնասիրելուց հետո կրկին որոշվել է, որ ներկայացվածը բավարար հիմք չի հանդիսանում բուհի լիցենզիան վերականգնելու համար: Երեկ «Մյուդի» ռեկտորը մեզ հայտնեց, որ իրենք չեն հաշտվելու այս ամենի հետ եւ անպայման դիմելու են դատարան:



Փոխնախարար Արա Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կլինի, եթե բուհը ամեն դեպքում շարունակի իր գործունեությունը: «Եթե բուհը շարունակի այս պայմաններում իրականացնել իր գործունեությունը, ապա պետք է նաեւ տեղյակ լինի, թե չլիցենզավորված գործունեության դեպքում ինչ վարչական, տնտեսական եւ այլ հետեւանքներ կարող են առաջանալ»,- ասաց փոխնախարարը: Արա Ավետիսյանից հարցրինք նաեւ, թե նույն ջանասիրությամբ ստուգումներ իրականացվո՞ւմ են արդյոք պետական բուհերում, թե՞ ԿԳՆ թիրախում միայն մասնավորներն են:



Վերջինս պատասխանեց. «Պետական բուհերում նույնպես իրականացվում են ստուգումներ, սակայն ԿԳՆ-ն ընտրել է ստուգումների եւ լիցենզիաների կասեցման փուլային տարբերակը, որպեսզի կասեցումներից հետո խառնաշփոթ չառաջանա եւ ուսանողները կարողանան տեղավորվել այլ ուսումնական հաստատություններում կամ տեղափոխվել այլ ֆակուլտետներ: Ամեն փուլից հետո մյուս բուհերը զգոնանում են, շտկում թերությունները, բարելավում իրենց վիճակը, որպեսզի հաջորդ փուլին նույն ճակատագրին չարժանանան: Վատից գալիս ենք դեպի լավը»: Հարցին, թե այդ փուլային ստուգումներով հասե՞լ են արդյոք պետական բուհերին, փոխնախարարը ժպտալով պատասխանեց. «Արդեն հասնում ենք»: