Ուրանի, հակապետական ծրագրի եւ մուտանտ պատգամավորների մասին

Ուրանի, հակապետական ծրագրի եւ մուտանտ պատգամավորների մասին
«Նման պետությունում ուրանի հանքավայրերի շահագործումն անթույլատրելի է: Ավելին՝ եվրոպական երկրներում կառավարությունը նման ծրագիր չէր անի, սա հակապետական ծրագիր է»,- Կապանում երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Խնդիրն այնքան էր հուզել ազգի ընտրյալին, որ նա Սյունիք էր հասել հինգ ամսական դստեր` Լուիզիկի հետ: Պատգամավորը հասցրել էր լինել նաեւ Ագարակում, ծանոթանալ հանքարդյունաբերության  հասցրած վնասներին: Տիկին Փոստանջյանը ծանոթ է մարզում սկսած հակաուրանյան ծրագրին, ՀԿ-ների նախաձեռնած ստորագրահավաքին, սակայն գտնում է, որ պետք է առաջ գնալ ու ընդվզել: Ըստ նրա՝ պետք է մշակել ռազմավարություն, շարժվել այդ ծրագրով:



«Ցանկացած գործընթաց եթե գրագետ է կազմակերպված ու պահանջը գրագետ իրականացվում է, ուրեմն ունենալու ենք հաղթանակ»,-ասաց Զ. Փոստանջյանը` տեղեկացնելով, որ իրենց խմբակցությունը դեմ է ծրագրին: Ի վերջո, ըստ պատգամավորի, հանքավայրերը դատարկվելու են մի օր, բայց արդյունքում ունենալու ենք ապականված հողամասեր, բնություն: «Պետք է այսօրվանից սկսել, թե չէ կունենաք հարկադիր միգրացիա»,-ասաց պատգամավորը: Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պետությունը տուրիզմի զարգացման ծրագիր անում, միաժամանակ մտածում ուրանի հանքերի շահագործման մասին ու այդ ամենը միեւնույն տարածքում: Հոկտեմբերի 16-ին` Տաթեւի ճոպանուղու հանդիսավոր  բացման օրը, պատգամավորը մտադիր է բողոքի ակցիա անել:



«Այդ օրը արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պետք է ասվի իրականությունը, ինչպես պետք է համատեղվեն հանգիստը եւ ուրանը»,-ասաց Զ. Փոստանջյանը` գտնելով, որ պետք է փրկել Սյունիքը` կասեցնելով ուրանի հանքավայրի շահագործումը: Ինքը նաեւ ԱԺ բնապահպանական հանձնաժողովի անդամ է ու խնդրի մասին առաջիկայում բարձրաձայնելու է օրենսդիրի ամբիոնից: Պատգամավորի կարծիքով, ԶԼՄ-ներն ազատ չեն, ու հեռուստաընկերություններից քաղաքացիները չեն իրազեկվում: Իսկ թերթ գնելը կամ համացանցից օգտվելը ոչ բոլորին է հասանելի: Սա դեռ բոլորը չէ: Սեփական միջոցներով Սյունիք հասած պատգամավորն ասաց, որ հարցը կբարձրացնի  ԵԽԽՎ-ում: «Հսկայական ջանք ու եռանդ է պետք, բայց ես կանեմ դա, կհասնեմ, ուղղակի ժամանակ է պետք»,-փաստեց պատգամավորը:



Վերջինիս հետ հանդիպման էին եկել ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը, որն առաջինն է սկսել հակաուրանյան պայքարը, հակադարձելով պատգամավորին` ասաց, որ ինքն ԱԺ-ից աշխատավարձ է ստանում: «Մենք եկամտի աղբյուր չունենք, բայց պայքարում ենք, հարկավոր է ի մի բերել ուժերն ու պայքարել միասին: Թե չէ գալիս-հասնում-ասում եք ու գնում»,-ասաց Խ. Հարությունյանը:



Սակայն տիկին Փոստանջյանը հավաստիացրեց, որ սա իր վերջին այցը չի լինի, ու առաջիկայում բոլորը կհամոզվեն նրա ասածներում, երբ խոսքը գործ դառնա: Ամեն դեպքում, հանդիպումից հետո մասնակիցների մի մասի մոտ այն տպավորությունն էր, որ արդեն մեկնարկել են ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: «Սրան էլ ենք համաձայն, միայն բարձր ամբիոններից խոսեն խնդրի մասին»,-ասացին կապանցիները:



ՀԳ- “Կանաչների միության” նախագահ Հակոբ Սանասարյանը ԱԺ Զարուհի Փոստանջյանին առաջարկեց ԱԺ-ի պատգամավորներին բացատրել, որ   երբեմն հակապետական ու հակաժողովրդական նախագծեր են ընդունում, ու պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները: “Գիտեք ովքեր են աշխատում ԱԺ-ում, գազաններ են, մուտանտներ են, ու նրանց փոխելը հնարավոր չի”,-ասաց Տիկին Փոստանջյանը: