Տոն է, տոն է Մկստան ՄԱԿ-ի ձեռքից լկստան

Տոն է, տոն է Մկստան ՄԱԿ-ի ձեռքից լկստան
Հայաստանի ԱԳՆ-ն ուրբաթ տոնում էր իր հերթական դիվանագիտական հաղթանակը: Դրան զուգահեռ՝ առիթը բաց չէր թողել հեռավորության վրա խոնարհվելու ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին: Կարող էր, իհարկե, վասալի իրավունքով իր հրապարակած հայտարարության տեքստում հավելյալ նախադասությամբ հատուկ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններից հատկապես Ռուսաստանի Դաշնությանը, բայց քանի որ յուրահատուկ դիվանագետ է մեր ԱԳ նախարարը, ցանկությունը քողարկել է տողատակերում,  տեքստի լեզուն հասցնելով միջազգային բարձր մակարդակների:



Ուստի բավարարվել է միայն «քար ծակող» հիմնավորումներով եւ բացատրել, թե ինչու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություններին շնորհակալություն հայտնել առաջին հերթին: Պարզվում է, որ նրանք «իրենց դիրքորոշմամբ կանխեցին Ադրբեջանի փորձերը՝ շեղել եւ վնաս հասցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` թույլ չտալով ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված ապակառուցողական բանաձեւի ընդունումը»: Իրականում բանաձեւի նախագիծն ընդամենը տեղափոխվել է 65-րդ նստաշրջանի օրակարգ:



Կանե՞ր Ադրբեջանն այդ բանը, եթե կոնկրետ շահեր չունենար: Հայաստանի դիվանագիտական շրջանակների ետնաբեմերում արդեն խոսում են, որ Հայաստանը Ադրբեջանին խոստումներ է տվել, ու չի բացառվում, որ այդ խոստումները վերաբերում են ԼՂ ազատագրված տարածքներից հայկական զորքերը ետ քաշելու Ադրբեջանի պահանջի բավարարմանը: Պաշտոնական Երեւանը, ի դեմս ԱԳՆ-ի, իհարկե փորձում է ներկայացնել այնպես, որ Ադրբեջանը հարկադրված է արել այդ քայլը, հանդիպելով հայկական դիվանագիտության հարուցած անանցանելի խոչընդոտներին: Իրականում Ադրբեջանը համբերատար ու հետեւողական է շարժվում դեպի իր վերջնանպատակը՝ տիրանալ նախ 0Ղարաբաղի հարակից շրջաններին, հետո էլ, եթե ստացվի՝ ամբողջ Ղարաբաղին:



Ընդ որում, այդ նպատակի համար Ադրբեջանն օգտագործում է ինչպես տնտեսական, այնպես էլ դիվանագիտական, տեղեկատվական ու հոգեբանական բոլոր հնարքները: Բայց ՀՀ ԱԳ նախարարությունը պնդում է, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դաշտային առաքելությունը ԼՂ հարակից շրջաններ ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի ԳԱ ներկայացված բանաձեւի նախագծի հետ», ու վկայակոչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. սեպտեմբերի 6-ի հայտարարությունը, որում, ըստ ԱԳՆ-ի, նշված է, «որ ԼՂ հարակից շրջաններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել կողմերի միջեւ ամառվանից առաջ (ձեւակերպումը ԱԳՆ-ում վարձատրվող «խոսքի ու մտքի գիգանտներինն» է, ուստի չենք ուղղում՝ Գ. Ա.), այսինքն` Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա բանաձեւի նախագծի ներկայացումից շաբաթներ առաջ»:



Ամփոփելով հայտարարության տեքստը, հայ դիվանագիտության ճարտարապետները Ադրբեջանին դաս էլ են տվել, կարելի է ասել՝ սպառնացել են. «Ադրբեջանը պետք է զերծ մնա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող կարգավորման գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու շարունակական փորձերից, սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններից եւ գործողություններից, որպեսզի բանակցային գործընթացն առավել կառուցողական եւ արդյունավետ ընթացք ունենա»: Վերջում կարող էին նաեւ գրել՝ «Հուռռա՜, ընկերներ», բայց դիվանագիտական լեզուն թույլ չի տալիս նրանց գործածել նախկինում սերտած կարգախոսները: