Մեդվեդեւի խոսնակը գազի հարցով

Մեդվեդեւի խոսնակը գազի հարցով
ՀՀ կառավարությունը երեկ հերթական անգամ ի ցույց է դրել սեփական անզորությունն ու անշեղ կախվածությունը ռուսական «տերերից»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի բացմանը: Կենտրոնը վերակառուցվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» ծրագրի շրջանակում՝ թեեւ, եթե հիշում եք, աշխարհը թռչնագրիպի դեմ պայքարում էր մոտ 4-5 տարի առաջ: Կենտրոնի վերակառուցման համար ծախսվել է ոչ ավելի, ոչ պակաս՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար՝ դրսի դոնորների գումարներից: Չնայած ՀՀ կառավարությունը ոչ մի լումա չի ներդրել կենտրոնի վերակառուցման գործում, հանդիսավոր կերպով կենտրոնի բացումը կատարելու եւ ժապավենը կտրելու է գնացել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀԿ կրծքանշանը կրծքին:



Լրագրողների հարցին, թե ՀՀ կառավարությունն ինչ է անում գազի գնի թանկացման ազդեցությունը մեղմելու համար, քանի որ ռուսական «Գազպրոմը» հայտարարել է ՀՀ-ին մատակարարվող գազը 2011-ից թանկացնելու մասին, վարչապետն այդպես էլ կոնկրետ պատասխան չի տվել:  «ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է գազի գնի թանկացման հարցը։ Խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ համապատասխան մարմինները գտնվում են մշտական խորհրդակցությունների մեջ»,- հուսադրել է վարչապետը։



Չնայած Տիգրան Սարգսյանի խոսքերից կարելի է ենթադրել, թե ՀՀ կառավարությունը քնում-զարթնում՝ գազի գնի մասին է մտածում, իրականում գոնե մինչ այժմ նույն կառավարությունը ոչինչ էլ չի արել գազի գնի նախորդ թանկացման հետեւանքները մեղմելու ուղղությամբ. մինչ այժմ չի բարձրացրել ոչ աշխատավարձերը, ոչ թոշակները, ոչ նպաստները: Այլ հարց է՝ եթե Ռուսաստանն է որոշում՝ մենք ռուսակա՞ն, թե՞ իրանական գազ պետք է գնենք, ամեն տարի ի՞նչ գնով պետք է գնենք, ինչո՞ւ ենք հսկայական գումարներ ծախսում ու ՀՀ կառավարություն պահում: Կարող ենք, չէ՞,  օպտիմալացնել ներկա կառավարությունը եւ միանգամից առաջնորդվել ՌԴ կառավարության որոշումներով: Տիգրան Սարգսյանը նաեւ ասել է, թե «ՀայՌուսգազարդ» ընկերությանը հանձնարարվել է ռուս գործընկերների հետ շարունակել բանակցությունները, «որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը մեզ համար լինի կանխատեսելի»: