ՀԱԿ-ն առաջարկում է ԼՂ մասին ՄԱԿ-ի բանաձեւի նախագծի հայկական տարբերակը

ՀԱԿ-ն առաջարկում է ԼՂ մասին ՄԱԿ-ի բանաձեւի նախագծի հայկական տարբերակը
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր տարածել է իր կողմից առաջարկվող` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որն  առաջարկվում է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից հնարավոր նախաձեռնության օրինակ: Բանաձեւի նախագիծն ամբողջությամբ կարող եք կարդալ ստորեւ:







Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ



Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան



Առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության եւ միջազգային իրավունքի նպատակներով ու սկզբունքներով, որոնք սահմանում են, որ պետությունները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով եւ այնպիսի միջոցներով, որ չվտանգվի միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը,



Վերահաստատելով, որ բոլոր անդամ պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան ուժի կիրառման սպառնալիքից կամ կիրառումից, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության նպատակների եւ սկզբունքների հետ որեւէ այլ անհամատեղելի գործողություններից,



Առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև 1970 թ-ի հոկտեմբերի 24-ին Գլխավոր ասամբլեայի թիվ 2625 (XXV) բանաձեւով ընդունված «Պետությունների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ հռչակագրով», որը հայտարարագրում է  այնտեղ ամրագրված բոլոր սկզբունքների հավասարազորությունը եւ փոխկապակցվածությունը, ինչպես նաև հաստատում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է զերծ մնալ որեւէ բռնի գործողությունից, որը ժողովուրդներին զրկում է հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքի զարգացումից, ինքնորոշման, ազատության եւ անկախության իրենց իրավունքից,



Առաջնորդվելով նաեւ 1949 թ-ի օգոստոսի 12-ի Ժնեւյան կոնվենցիաներով, մասնավորապես, դրանց համար ընդհանուր հանդիսացող 3-րդ հոդվածով, եւ կոնվենցիաներին կից 1977 թվականի Երկրորդ արձանագրության դրույթներով,



Վերահաստատելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի, ինչպես նաեւ 1993 թ-ի  հունիսին Մարդու իրավունքների համաշխարհային կոնֆերանսի կողմից ընդունված «Վիեննայի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի» դրույթները, մասնավորապես Հռչակագրի II.B մասի, որոնք վերաբերում են հավասարությանը, արժանապատվությանը եւ հանդուրժողականությանը,

Վերահաստատելով նաեւ, որ Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները բոլոր մարդկանց ժառանգությունն են, անօտարելի են եւ երաշխավորված են օրենքով, դրանց պաշտպանությունը եւ խրախուսումը կառավարության առաջնահերթ հանձնառությունն է, հարգանքը դրանց նկատմամբ կարեւոր երաշխիք է չափազանց հզոր պետության դեմ, եւ որ դրանց պահպանումն ու լիարժեք իրականացումը հիմքն են ազատության, արդարության եւ խաղաղության,

Հիշեցնելով «Հանցագործության եւ իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնարար սկզբունքների վերաբերյալ» 1985թ. նոյեմբերի 29-ի Հռչակագրի դրույթները, եւ որ պետության միջազգայնորեն ապօրինի յուրաքանչյուր գործողություն հանգեցնում է այդ պետության միջազգային պատասխանատվության, ինչպես դա ամրագրված է 2001 թվականի  դեկտեմբերի 12-ին Գլխավոր Ասամբլեայի  կողմից ընդունված 56/83 բանաձեւում,

Վկայակոչելով Անվտանգության խորհրդի 1993 թվականի ապրիլի 30-ի թիվ 822, 1993 թվականի հուլիսի 29-ի թիվ 853, 1993 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 874 եւ 1993 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 884 բանաձեւերը,



Վկայակոչելով նաեւ հակամարտությանն առնչվող, հակամարտության մեջ ներգրավված կողմերի միջև ստորագրված,  ԵԱՀԿ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքում ստորագրված կամ ընդունված բոլոր համապատասխան փաստաթղթերը եւ համաձայնագրերը, այդ թվում ` ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի 1994 թվականի դեկտեմբերի 6-ի վերջնական փաստաթուղթը, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների կողմից 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Մոսկվայում ստորագրված համատեղ Հռչակագիրը, 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրությունը եւ 1994 թվականի  մայիսի 9-11-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը,



Վկայակոչելով այս կապակցությամբ նաեւ հակամարտության կողմերի պետական պաշտոնյաների եւ միջնորդների հակամարտության վերաբերյալ բոլոր համապատասխան հաղորդագրությունները եւ հայտարարությունները, ինչպես նաեւ ազգային կառավարությունների կողմից ընդունված ակտերը, ինչպես օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի «Ազատության աջակցության ակտի» Հոդված «907»-ը,



Վերահաստատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհերքելի սկզբնաղբյուրն ու անվիճելի պատճառը եղել եւ մնում են ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչության դեմ, ի պատասխան նրա սահմանադրական իրավունքներն, այդ թվում`մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրականացնելու օրինական փորձին,



Հիշեցնելով նաեւ, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների կորուստը ուղղակի հետեւանք է վեճը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության VI Գլխում սահմանված, խաղաղ միջոցներով  կարգավորելու նրա համառ մերժման եւ, հակամարտության սկզբնական փուլում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նրա փորձի,

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, անկեղծ ջանքերն ուղղված հակամարտության վերջնական կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղում տեւական ու բանակցված խաղաղության ու հաշտեցման հասնելուն, եւ վերահաստատելով այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը,

Խորապես մտահոգվելով շարունակվող սադրիչ գործողություններով եւ ատելություն սերմանող ելույթներով, որոնք բռնության պոռթկում խթանող գործոններն են և նպատակաուղված են բորբոքելու էթնիկ ատելությամբ պայմանավորված անհանդուրժողականություն եւ բռնություն,



Լրջորեն մտահոգվելով ռազմատենչ հայտարարություններով եւ մշտապես կրկնվող ուժ կիրառելու սպառնալիքներով, ինչպես նաեւ դրանց հետեւող լարվածության սրումով եւ զինադադարի գծի երկայնքով կյանքերի կորստի հանգեցնող ռազմական միջադեպերի հաճախականության ավելացմամբ,

Դիտարկելով ագրեսիայի այս դրսեւորումները որպես Ադրբեջանի վերադարձ հակամարտության խաղաղ կարգավորման մերժման իր քաղաքականությանը, որը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին, խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների գործընթացին եւ վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը.



1. Վերահաստատում է շարունակական կիրառելիությունը բոլոր համապատասխան միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը իրավիճակին վերաբերող;



2. Կրկին ողջունում եւ բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն, ուղղված հակամարտության վերջնական կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղում կայուն ու բանակցված խաղաղության ու հաշտեցման հասնելուն;



3. Վերահաստատում է նաեւ, որ հակամարտության տեւական կարգավորման եւ կայուն խաղաղության համաձայնության կարելի է հասնել միայն երբ հակամարտության իրական պատճառները ճիշտ հասցեագրվել եւ վերացվել են,



4. Վճռականորեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին խստորեն պահպանել եւ հարգել միջազգային իրավունքի կանոնները եւ սկզբունքները, մասնավորապես վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, վերացնել ազգային կամ ռասայական անհանդուրժողականության, ատելություն պարունակող խոսքի եւ բռնություն հրահրելու ցանկացած դրսեւորում;



5. Կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ  հայտարարություններից, ուժի կրառման սպառնալիքներից կամ կիրառումից, եւ հիշեցնում է, որ ուժի կրառման սպառնալիքը կամ կիրառումն անթույլատրելի են միջազգային իրավունքի շրջանակներում,  վտանգում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, չեն կարող հանդուրժվել եւ հանգեցնում են միջազգային պատասխանատվության;



6. Դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը եւ ափսոսանք է հայտնում կյանքերի կորստի կապակցությամբ,



7. Կոչ է անում ներգրավված կողմերին խստորեն կատարել զինադադարի համաձայնագիրը, անմիջապես հասնել այնպիսի լրացուցիչ համաձայնությունների, որոնք կարող են անհրաժեշտ լինել այս հարցում եւ ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են նպաստել բռնությունների կրկնությանը եւ կարող են խանգարել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին;



8. Խնդրում է Գլխավոր քարտուղարին ներկա բանաձեւը հանձնել բոլոր կառավարությունների, Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինների, մասնագիտացված գործակալությունների եւ տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների ուշադրությանը:



9. Որոշում է մնալ այս հարցով շահագրգռված: