Հինգ տարի հետո կունենանք արդյունք

Հինգ տարի հետո կունենանք արդյունք
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն էր: Հանդիսավոր ոչ այն պատճառով, որ արարողությունն իրենց ներկայությամբ «պատվել» էին մշակույթի նախարարը կամ, ասենք, վարչապետն իր տիկնոջ հետ (նրանք ներկա չէին փառատոնի փակմանը), այլ որովհետեւ փակման արարողության մեջ հանդիսանք կար: Արարողությունը վարում էին փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին եւ գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարդյանը: Փառատոնի կազմակերպիչները փորձել էին փակման արարողությունը հետաքրքիր դարձնելու համար լուծումներ գտնել, եւ նրանց դա մեծ մասամբ հաջողվել էր:



Բեմը համեստ էր ձեւավորված, հանդիսանքն ապահովում էին վարողներն իրենք եւ մյուս բեմ բարձրացող անհատները, այլ ոչ թե լույսերը, դեկորացիան կամ մեր պաշտոնյաների ելույթները: Ինչը ծրագրում ներառված լավագույն ֆիլմերի հատվածներից բաղկացած խճանկարի ցուցադրության ժամանակ կազմակերպիչներն այդ ֆիլմերի տրամաբանության մեջ տեղավորվող փոքրիկ ներկայացումներ էին մտածել, ծիծաղի ալիք էր բարձրացնում դահլիճում, ժպտալու եւ տոնական տրամադրությամբ համակվելու առիթ տալիս: Լիամետրաժ ֆիլերի մրցույթի մրցանակակրի անունը հրապարակեց «Շուն պատմությունը» ֆիլմով Կաննի փառատոնի «Ոսկե արմավենին» շահած Սերժ Ավետիքյանը:



Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող ճանաչվեց Լիու-ջիանի «Փիրսինգ 1» ֆիլմը: Կարճ ֆիլմերի մրցույթի մրցանակակիր ֆիլմի անունը հրապարակելու համար բեմ բարձրացավ պարոն Վոլթերզը: Նա ասաց, որ ժյուրիի ներսում թունդ քննարկումներ, անգամ վիճաբանություն է եղել՝ կապված այն բանի հետ, թե ում հանձնեն մրցանակը: Պարոն Վոլթերզը  կատակելով նույնիսկ ցույց տվեց մարմնի վրա այն հատվածները, որոնք իբր վնասվել են այդ անզիջում վեճերի արդյունքում: Կարճ ֆիլմերի մրցույթի մրցանակը շահեց ԲԼՈւ-ի «Մեծ աղմուկ» ֆիլմը: Մրցանակներ հանձնվեցին նաեւ  անիմացիոն ֆիլմի համար գրված «Լավագույն երաժշտություն» եւ «Լավագույն ավարտական ֆիլմ» անվանակարգերում:



Ժյուրիի հատուկ մրցանակ ստացավ հայտնի մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը: Փառատոնի փակման արարողության ավարտին Վրեժ Քասունին եւ «Գոբըլեն» պատկերի դպրոցի անիմացիայի բաժնի պետ Էրիկ Ռիվերը հաճելի անակնկալ մատուցեցին հայ երիտասարդ անիմատորներին՝ հայտարարելով, որ նրանք կարող են մասնակցել «Գոբըլեն» դպրոցի ամառային դասընթացներին:



Արարողության ավարտից հետո «ՌեԱնիմանիայի» տնօրեն Վրեժ Քասունին կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ. «Փառատոնը կայացած է եւ դեռ կայանալու տեղ ունի, որովհետեւ, ինչպես երեխան, փառատոնն իր առաջին քայլերն է անում, բայց հաստատ հողի վրա է անում, եւ վստահ եմ, որ ինչքան էլ որ մեզ դժվարություններ են հանդիպում, մյուս տարի նախարարությունները, գործարարները կաջակցեն փառատոնին: Նաեւ մեդիան: Որովհետեւ պետք չի, որ տասը տարի անցնի, կամ տեսնեն, որ վարչապետը նստած է մեր կողքին, նոր գան, այլ որովհետեւ փառատոնն ուժեղ ծրագիր ունի»:



Մենք պարոն Քասունուն հարցրինք՝ արդյո՞ք փառատոնը միայն ճանաչողական բնույթ ունի, թե՞ այն կարող է փորձի փոխանակման շնորհիվ նպաստել նոր սերնդի անիմատորների որակական մակարդակը բարձրացնելուն, եւ արդյո՞ք մյուս փառատոնների՝ մասնավորապես կինոփառատոնների ջանքն այս իմաստով իզուր չի անցել. համաձայն չի՞, որ հայկական արտադրության ֆիլմերի որակն այդ փառատոնների արդյունքում չի բարելավվել: «Առաջինը՝ համաձայն չեմ, որ կինոփառատոններից հետո առաջընթաց չկա,-ասաց պարոն Քասունին, ապա շարունակեց:-Ամեն ինչ մի գիշերվա մեջ չի լինում:



Փլուզումից քսան տարի հետո մենք ոտքի ենք կանգնել՝ արդեն բարձր ենք խոսում եւ աշխատում ենք: Եթե աշխատանքը կա, արդյունքը կտրվի: «ՌեԱնիմանիայի» պարագայում մեր աշխատաձեւը մի քիչ տարբեր է: Մեր «թիրախը» նկարիչների խումբ ձեւավորելն է, որը ֆիլմեր ստեղծելու հնարավորություն կտա: Միգուցե «ՌեԱնիմանիան» անիմացիայի ասպարեզում ավելի արագ արտադրություն կսկսի տալ, քան թե մյուսները: Ես ձեզ վստահեցնում եմ, որ 5-6 տարի այս ծրագրով եթե մենք աշխատենք, մենք կունենանք արդյունք»: