ԿԳ նախարարի երկլեզվանի տեմպերը

ԿԳ նախարարի երկլեզվանի տեմպերը
Ես չեմ վախենում կրթության նախարարից, ես վախենում եմ նախարարի կրթությունից:

Պավել ՏԱՐԱՆՈՎ



Այն, թե ինչ ավերածություն է բերելու կառավարության «բարեփոխությունը» առանց այդ էլ կիսավեր վիճակում հայտնված մեր լեզվին ու կրթությանը, քաջ գիտակցում են թե՛ ավերիչները, թե՛ ընդդիմացողները։ Պատահաբար թե գիտակցված՝ ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում անկեղծանալ մեր «իշխանները»։



Օրինակ՝ քանիցս անկեղծ ցավով խոստովանել են, որ լեզվի օրենքը խանգարում է օտարալեզու դպրոցներ բանալուն։ Անհասկանալի է մի բան՝ ինչո՞ւ է միշտ ակնարկային բնույթ կրում նրանց անկեղծությունը։ Չէ որ ի վերջո լուսաբանվում են այդ ակնարկները, եւ առիթներ եղել են տեղեկացնելու, թե հենց խանգարելու համար էլ ընդունվել է այդ օրենքը։ Միթե պահը չէ հայտարարելու մեր Անկախության հռչակագրի ժամկետանցության իրենց մտադրության մասին՝ ընդունելու նոր հռչակագիր հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետությունը առկախ-կախյալ պետություն է» կամ՝ «Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, գոյություն չունի», կամ էլ՝ «Հայաստան գոյություն չունի»։



Եթե գոյություն ունենար հայոց պետություն, ապա նախատեսված պետական գերատեսչությունն ինքը կիրականացներ պետականորեն՝ օրենսդրությամբ սահմանված լեզվական ու կրթական քաղաքականություն, ոչ թե թույլ կտար, որ դրսից հակառակ քաղաքականություն իրականացնեն այդ պետության նկատմամբ։ Եթե լիներ հայոց պետություն, ապա արտգործնախարարը ոչ թե վախվորած հաշվետվությամբ հանդես կգար օտարերկրյա լրագրողի առջեւ՝ գլխահակ տեղյակ պահելով, թե քառասուն դպրոց ունենք, որտեղ կրթությունը ռուսերեն է («մոռացավ» իրազեկել, որ մեր երկրի օրենսդրության խախտումով է ապահովված այդ քանակը, եւ դրանցում սովորող մեր երեխաների ճնշող մեծամասնության փաստաթղթերը կեղծված են՝ նրանց համար այլազգ պատկանելություն ապահովելով), այլ վերջնագիր կներկայացներ մեր ներքին գործերին անվերջ միջամտող պետությանը։



Եթե պետություն լիներ, կառավարությունից ապազգային բովանդակությամբ օրինագիծ չէր հասնի Ազգային ժողով եւ առաջին ընթերցմամբ չէր ընդունվի Սուրբ Սահակի ու Սուրբ Մեսրոպի խորհրդանշական օրը, ըստ որում, չէր ընդունվի ոչ միայն ազգաքանդ ու պետութենաքանդ դրույթների համար, այլեւ լեզվի օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված անաղարտության պահանջի ոտնահարման։ Երեւի պիտի սպասենք նաեւ այդ կետի վերաձեւակերպում՝ հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել լեզվի անաղարտությունը՝ բացառությամբ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողների»։



Եթե հայկական համարվող պետությունը մերը լիներ, վարչապետի մակարդակով հրամցված պաշտոնական ստերով չէր մշուշապատվի հասարակական գիտակցությունը՝ ի նպաստ ազգակուլ համընդհանրացման։ Եթե պետություն ունենայինք,  ուսուցչի երդման տեքստը, որ էջի ընդամենը քառորդ մասն է զբաղեցնում՝ շատերի մեջ կոմերիտական «քաղցր» հուշեր արթնացնելով, չիմացության ու անգրագիտության այդքան տարափ չէր պարունակի եւ գոնե մամուլում բացահայտված մտքի (ճիշտ կլիներ ասել՝ ուղեղի) վթարները վերացվելուց հետո կհասներ դպրոցներ։



Փորձեք պատկերացնել այն ուսուցչի վիճակը, որն իր աշակերտներին հայերենի լեզվամտածողությանը հատուկ օրինաչափ նրբություններին է ծանոթացնում՝ հորդորելով նրանց ճիշտ ու գեղեցիկ խոսել, սեպտեմբերի մեկին ջուրն է լցնում իր տարիների աշխատանքը, ի՛նքն է բարձրաձայնում այդ անգրագետ խոսքն իր սաների առաջ. անգրագիտություն՝ դրոշմված հայոց կրթության նախարարի ստորագրությամբ ու կնիքով։



Ցավում եմ, որ մեր նախարարն այսուհետ զուրկ է պահելու մեզ իր գիտաքաղաքական մեկնաբանումների վայելքից, քանի որ՝ «Կա նախարարություն կառավարությունում, որը կարծես թե այս տեմպերով պետք է մեկնաբանություններով զբաղվի, բայց դա կրթության նախարարությունը չի», այդուհանդերձ շա՜տ պիտի փափագեինք, որ «մեկնաբանությունների» նախարարությունը փափկանկատ գտնվեր՝ հնարավորություն ընձեռելով կրթության գերատեսչությանը եւս մեկ մեկնաբանությամբ հանդես գալու՝ ի պաշտպանություն երդման տեքստի մակարդակի։



Բայց չէ, իսկապես ճիշտ կանի, որ լռի, որովհետեւ արդեն տարիների փորձից գիտենք, որ կրթությունը բնավ կիրթ խոսք չի ենթադրում։ Հետո՞ ինչ, որ տեղին են քննադատությունները. ճիշտ է՝ ունենք հզոր գրագիտության ու պատրաստվածության տեր ուսուցիչներ, բայց ամենից գրագետն ու կիրթն ինքն է, որովհետեւ այդ ուսուցիչների նախարարն է՝ ուսուցիչների ուսուցիչը։ Հետո՞ ինչ, որ, ասենք, Հենրիկ Հովհաննիսյանը, Աշոտ Մելքոնյանը, Լավրենտի Հովհաննիսյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Արտակ Մովսիսյանը, Արմեն Այվազյանը եւ շատ ուրիշներ գուժում են մեր գլխին կախված վտանգը. չէ որ ինքը՝ Արմեն Աշոտյանը, գիտության նախարարն է՝ բոլոր գիտնականների գիտնականը։ Լինելով ուսուցչապետ ու գիտնապետ՝ գիտե եւ ուսուցում է նրանց ու բոլորիս, որ կատարվելիք «բարեփոխությունն» օդի պես անհրաժեշտ է։



Եթե ուզում ենք մրցունակ լինել, պիտի հասկանանք, որ «մեր հասարակությունն ապագայում պետք է լինի երկլեզվանի (այսինքն՝ մեր հասարակության բոլոր անդամների բերանում երկու լեզու է լինելու. տեսնո՞ւմ եք ինչ կարեւոր է բժշկի մասնագիտությամբ կիրթ նախարար ունենալը՝ Դ. Գ.), …սա միջազգային տենդենց է, …միջազգային տռենդ է, …բնության օրենքներից մեկն է»։ Եվ քանի որ դա այդպես է, մի քայլ էլ է կատարում դեպի անկեղծություն. «…Օրենքի փոփոխությունը, այդ օրենսդրական փաթեթը չի շաղկապվում Դիլիջանի դպրոցի բացման կամ չկառուցելու որոշման հետ»։



Դա էլ այդպես է, քանի որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան «…նշել է, որ բոլոր զարգացած երկրներում էլ (բանից պարզվում է, որ մենք էլ ենք դրանց կազմում՝ Դ. Գ.) հասարակական դիմադրություն կա կրթության եւ առողջապահության բնագավառներում իրականացվող բարեփոխումների առումով», ուստի, փոփոխությունների «առավելությունները» տարփողելով, պիտի բարենպաստ պայմաններ ստեղծեն հասարակական կարծիքի ձեւավորման համար. «Գերչեւան տեղեկացրել է, որ նախատեսվող ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին, երբ Հայաստան կժամանեն բարձրակարգ միջազգային փորձագետները» (Գերչեւայից արված մեջբերումները՝ համացանցից)։



Հոդվածիս վերնագրի համաձայն՝ Աշոտյանից ու ՄԱԿ-ից հետո ուզում էի անցնել Ալեն Դալեսին, մեկ էլ հիշեցի մեր նախարարի խանդոտ վերաբերմունքը՝ հանդեպ վրացիները. խե՜ղճ հարեւաններ, չգիտեք էլ ո՜նց է հիացած ձեզնով մեր նախարարը, որ հազարավոր (լսո՞ւմ եք՝ հազարավոր) անգլախոս մասնագետներ եք ունենալու. ուզած-չուզած՝ դուք էլ ձեր վրացերենն եք զիջելու. մեր նախարարն է այդպես որոշել։



Այն, թե ինչով են զբաղված մեր կարծեցյալ պաշտոնյաներն այստեղ, ես չէ, որ պիտի ասեմ։ Ասողը եղել է Ալեն Դալեսը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում 1945-ին արտասանած ճառով, որից հետո նշանակվել է այդ երկրի կենտրոնական հետախուզական վարչության պետ։ Այդ ճառից մի հատված եմ հանձնում ընթերցողի դատին ու «վայելքին». «…Քաոս սփռելով՝ մենք աննկատ իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին։ Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրանց հասարակական էությունը, …գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները։



Մենք պետք է օգնենք ու բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել եւ սրսկել մարդկային գիտակցության մեջ սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով, ցանկացած անբարոյականության պաշտամունք։ Պետության ղեկավարության մեջ քաոս ու անկարգություն կստեղծենք։ Աննկատ, բայց եռանդուն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը։ Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ, …Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, …միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը …ճարպկորեն ու աննկատ կսերմանենք։ Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում։ Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակում, կդարձնենք խեղկատակ, կգտնենք միջոցներ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք անվանելու»։



Սեպտեմբերը եկել է, ՄԱԿ-ի գործակալներն էլ՝ հետը։ Օրենսդրական փոփոխության մի քանի ամսվա ձեռնածությունը ցույց տվեց, որ գեթ մի ազգային կուսակցություն չունենք. այդպիսիք կարծվածները պատրանք են, որովհետեւ նրանց երիտասարդ ջահակիրները, որ աներեւակայելիորեն սեղմ ժամանակահատվածում ավագների օգնությամբ հսկայական բազմություն են ժողովում, իրենց մտավոր ունակությամբ թե նույն ավագների օգնությամբ այդպես էլ չպատկերացրին օրհասի ահագնությունը, եւ նրանց ջահակիր միասնությունը, փաստորեն, նախատեսված է միայն հետմահու դեպքերի համար։ Այս անել կացության մեջ ի՞նչ են մտածում մտավորականները՝ ի՞նչ է խորհում Հանրային խորհուրդը։



Դավիթ ԳՅՈւԼԶԱԴՅԱՆ