ՍԴՀԿ թեւերից մեկն անվանափոխվելո՞ւ է

ՍԴՀԿ թեւերից մեկն անվանափոխվելո՞ւ է
Սեպտեմբերի 17-ին կվճռվի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ճակատագիրը: Վերաքննիչ դատարանը կհրապարակի վճիռը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունում ներքին տարաձայնությունները չավարտվեցին պառակտմամբ, դրանից հետո Վահան Շիրխանյան-Գեւորգ Պերկուպերկյան թեւը դիմեց դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությունը եւ հետ վերադարձնել նրա տնօրինության տակ գտնվող կնիքը: Առաջին ատյանի դատարանում մերժվեց հայցը, որից հետո դիմեցին վերաքննիչ դատարան: Նաեւ պնդում են, որ մինչեւ վերջ կգնան կուսակցության իրավունքները հետ վերադարձնելու համար: Ասում են, որ եթե չստացվի, նոր ձեւաչափով հանդես կգան:



Անվան մեջ որեւէ բառ կփոխեն: Կամ էլ՝ չի բացառվում, որ դա լինի Վարդան Խաչատրյանի ու Աշոտ Մանուչարյանի ամիսներ առաջ ստեղծած ժողովրդահայրենասիրական շարժումը: Ըստ լուրերի, որքան էլ որ սփյուռքյան աջակցությունը վայելող թեւը ծանր է տանում անվանափոխվելու հանգամանքը, սակայն չի պատրաստվում կոնգրեսամետ թեւի հետ կիսել կուսակցությունն ու իրավունքները: Շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ լսեցինք ՍԴՀԿ պերկուպերկյանական թեւի մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանից:



Վերջինս վստահեցրեց. «Սեպտեմբերի 17-ին կլինի դատական գործընթաց, կուսակցությունն իր ներքին որոշումները կայացրել է, ես հավաստիացնում եմ, որ Հնչակյան կուսակցությունը Հայաստանում շարունակելու է իր գործունեությունը: Բոլոր ներքին որոշումներն արդեն իսկ ընդունված են: Մենք գնում ենք հաղթանակի: Մենք գնում ենք վերադարձնելու կուսակցության իրավունքները»:  Մեր հարցին, թե «հաղթանակ» ասելով ինչ նկատի ունի, պատասխանեց. «Կուսակցության շարունակական գործունեությունը: Կուսակցությունը պատրաստ է ցանկացած սցենարով աշխատել ցանկացած ընթացքի դեպքում»: