«Լավ, թափով» կաշխատե՞ն

«Լավ, թափով» կաշխատե՞ն
Երկարատեւ ամառային արձակուրդից հետո այսօրվանից սկսվում է ԱԺ 4-րդ գումարման ութերորդ նստաշրջանը, որի օրակարգի նախագծում 170 հարց կա: Առաջիկա քառօրյայի օրակարգում դրանցից 105-ն է ընդգրկված՝ 28 միջազգային պայմանագրերի հետ: Երեկ պատգամավորների հետ շատ դժվար էր կապվել: Կամ վայելում էին հանգստյան վերջին օրը, կամ էլ՝ օրինավոր քրիստոնյային վայել կեցվածքով, ինչպես ամեն երկուշաբթի, նախնյաց հիշատակն էին հարգում գերեզմանոցներում:



Զրուցեցիք ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ, որը պատրաստվում է «ուժ ու եռանդով, լավ, թափով» աշխատել՝ շատ աշխատանք կա անելու: Ի տարբերություն գործընկերոջ լավատեսական տրամադրությունների, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանն այս նստաշրջանից որեւէ նոր բան, առավել եւս արդյունավետ աշխատանք չի ակնկալում: «Ցավոք, Ազգային ժողովի աշխատանքը վերջին երկու տարիներին առանձնապես արդյունավետություն չունի եւ նույն ձեւով էլ կշարունակվի, համոզված եմ»,- ասաց  Տ. Թորոսյանը՝ հավելելով, որ խորհրդարանի աշխատանքը քաղաքական իրավիճակով ու խնդիրների նկատմամբ մոտեցումներով է պայմանավորված:



Նրա կարծիքով՝ նստաշրջանի հենց առաջին քառօրյայի օրակարգում կլինեն բանավեճի ու լայն քննարկման առիթ տվող նախագծեր, օրինակ, «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը կամ ռուսական ռազմաբազայի ժամկետներին վերաբերող համաձայնագրում փոփոխությունները: Ի դեպ, վերջինի հետ կապված՝ ԱԺ նախկին խոսնակն այդպես էլ իշխանությունից որեւէ հիմնավորում չի լսել, թե ինչու 13 տարի աչքի առաջ ունենալով, Հայաստանը համաձայնում է նման ժամկետով երկարաձգել պայմանագիրը, առավել եւս, որ տվյալ ժամանակահատվածը տարածաշրջանային զարգացումների համար բացառիկ նշանակություն է ունենալու:



«Հենց սկզբից համաձայնել նման բանի, առանց որեւէ փոխհատուցման՝ նշանակում է շատ հարցերում Հայաստանն ինքն իրեն դնում է խաղից դուրս վիճակում: Հայաստանի համար շատ կարեւոր խնդիրներ կան, որոնք այդ ժամանակահատվածում, կարծում եմ, անպայման լուծում են ստանալու, մասնավորապես ղարաբաղյան խնդիրը»,-բացատրեց Տ. Թորոսյանը: «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ որեւէ փոփոխության ԱԺ գործելաոճում չի սպասում եւ կարծում է, որ հայրենական խորհրդարանը պառլամենտարիզմի նոր որակներ ցուցադրելու պատրաստ չէ եւ «շարունակելու է առանց որեւէ հայեցակարգային մոտեցման ավելի շատ քվեարկել այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք բերվում են կառավարության կողմից»:



Թեժ քննարկումներ Լարիսա Ալավերդյանն ակնկալում է ընտրական նոր օրինագծի քննարկումից, չնայած ամեն ինչ կանխատեսելի սցենարներով է ավարտվում, որովհետեւ ԱԺ-ում Հանրապետականը բացարձակ, իսկ կոալիցիան՝ որակյալ մեծամասնություն է կազմում: Իսկ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգության» նախագծի քննարկումը, որն արտահերթով կքննարկվի, Լ. Ալավերդյանի կարծիքով, ավանդական սցենարով կանցնի՝ իշխանությունը ոչ հարց կտա, ոչ ելույթ կունենա, բայց շատ կարեւոր է հարցի հիմնավորումների ու հակափաստարկների՝ շրջանառության մեջ դնելը: Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ին, Արամ Սաֆարյանի խոսքով, նա 10-ից ավելի օրենսդրական նախաձեռնությունների տակ է ստորագրել, որոնցից կարեւորը Գոհար Ենոքյանի ու Արեւիկ Պետրոսյանի ներկայացրած նախագիծն է, որով հստակեցվում են ՏԻՄ-երի լիազորությունները ծնունդների գրանցման հարցում:



«Այդ օրինագծի ընդունման պարագայում Հայաստանում կբացառվեն տուն կամ փող չունենալու պատճառներով ծնունդների չգրանցման դեպքերը, որ 250-ի են հասնում»,-պարզաբանեց Ա. Սաֆարյանը: Նա «Ժառանգության» ներկայացրած օրինագծի վերաբերյալ ասաց՝  ԼՂՀ ճանաչման հարցը ոչ թե անընդունելի է, այլ այս պահին է անընդունելի: Բացի այս, ԲՀԿ-ն կողմ կքվեարկի կառավարության ներկայացրած տնտեսական փաթեթին: