Հայ զինվո՜ր, հայ բանա՜կ, հայ սպա՜, հայ Յութո՜ւբ, ո՞վ է ստեղծե՜լ

Հայ զինվո՜ր, հայ բանա՜կ, հայ սպա՜, հայ Յութո՜ւբ, ո՞վ է ստեղծե՜լ
Արդ, ծածուկ բան չկա, որ չհայտնվի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի հայտ չգա:

Ավետարան ըստ Մարկոսի



Դեռեւս 2002-ին, երբ բախտի բերմամբ թե պատահմամբ ինձ հաջողվել էր մասնակցել արտերկրում կազմակերպվող բազմաթիվ ուսումնական սեմինարներից մեկին, ու ոտքս ընկել էր Վարշավա, տաքսիստը, որին խնդրել էի ինձ հասցնել Հելսինկյան կոմիտեի գրասենյակ, իմանալով, որ հայ եմ, ոչ տարավ, ոչ բերեց, ասաց. «Հա՜, գիտեմ, ձեր նախագահը՝ Քոչարյա՞ն, եթե չեմ սխալվում, Ղարաբաղի պատերազմի բանդիտներից մեկն է, ձեր երկիրն էլ՝ ֆալշ դեմոկրատական է»:



Միգուցե երբեք էլ չհիշեի այդ հպանցիկ, բայց տվյալ պահին ինձ համար շատ տհաճ զրույցը, եթե կիրակի օրը համացանցում չհայտնվեր «տարածաշրջանի ամենամարտունակ բանակում» տեղի ունեցող ստորացուցիչ դրվագներից մեկը ու դրան չհաջորդեր ՊՆ տարածած անգրագետ ու լեհ տաքսիստի ասած՝ «ֆալշ» հաղորդագրությունը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակի վերնախավի անճարունակությունն ու հաբռգածությունը հաստատող ու այդ մասին բարձրաձայն խոսացողներին ապառիկ ահաբեկելու փորձ: Սա, ի դեպ, նոր երեւան եկած հանգամանք է ուժային կառույցներում:



Հիշեցնեմ, որ բանակում տեղի ունեցող բեսպրեդելին զուգահեռ՝ վերջերս հանրայնացավ Հայաստանի անվտանգության ծառայությունում տեղի ունեցող հրեշավոր երեւույթ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ազգադավության կամ, այլ կերպ՝ շպիոնական գործունեության մասին փաստեր, ու ԱԱԾ-ն ձեռ ու ոտ ընկած հայտարարեց, որ նման տեղեկություններ հրապարակողներին կբացահայտի ու խստագույնս կպատժի: Դրանից հետո տիրեց քար լռություն, եւ անհնար եղավ պարզել, թե ինչ է անում ԱԱԾ-ն իր տված խոստումն ու հատկապես սպառնալիքն իրականացնելու ուղղությամբ:



ԱԱԾ լրատվական ծառայության պետը դարձավ անորսալի՝ ինչպես կինճ, որովհետեւ նրա նպատակը տեղեկությունն անգոյին մատնելն էր: Նույնն անում է ՊՆ-ն, փորձելով պաշտպանել հայկական բանակի հաշվին գիրացած իր ստահակին ու ահ տալ բոլոր նրանց, ովքեր կասեն, որ տականքը տականք է: Տեղեկացնենք, որ Youtube-ում, հետո Facebook-ում տեղադրված տեսանյութում ճարպոտ, ամենայն հավանականությամբ գինովցած հրամանատարը բնության գրկում մի կտոր հաց ուտելու ժամանակ նվաստացնում է իր առջեւ ծնկած զինվորներին, քաշում նրանց ականջներից, մեկին էլ այնպես է հարվածում, որ արտաքին հետք չթողնի դեմքին, այլ պայթեցնի տղայի թմբկաթաղանթը:



Մի անգամ էլ վերացարկվենք իրականությունից ու փորձենք հավատալ ինչպես ԱԱԾ, այնպես էլ բանակի «պատիվն ու արժանապատվությունը» դրոշակ դարձրած պատեհապաշտներին, որոնք ասում են, որ աշխարհում նման երեւույթներ շատ կան, ու մերոնք ամեն ինչ անում են, որպեսզի շտկեն իրավիճակը: Բայց դեպքի կապակցությամբ նրանց  տարածած հաղորդագրություններն  իրենք են խոսում իրենց մասին, հաստատելով  տեքստերի հեղինակների բնածին տգիտությունն ու ուժային կառույցի ահաբեկչի կերպը, որը նույնիսկ չեն բաշարել քողարկել ենթատեքստում:



Ի վերջո, միջնադարում չենք ապրում, ու ժամանակակից տեխնոլոգիաները կարողանում են թափանցել ամենածածուկ խորշերն անգամ եւ լուսավորել այն, ինչը պահվում է խավարի մեջ: ՊՆ գրագիրները մի քանի պարզունակ նախադասությամբ արդեն իսկ կայացրել են փորձագետի վճիռ. «Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ»: Հիանալի պատճառաբանություն՝ խոստումը չկատարելու համար: Առանց ամաչելու գրում են, հաշվի չառնելով այն, որ տեսանյութը դիտել են  հազարավոր մարդիկ ու ոչ միայն պարզ տեսել հայկական բանակի համազգեստը, այլեւ լսել, որ ճարպոտ տականքը հրամայում է՝ «ջուր, վազ տո», այսինքն՝ «վազիր»:



Բարբառ է, որով խոսում են ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Սյունիքում, Լոռիում, Տավուշում: Այսինքն՝ հաբռգած անասնակերպը այդ մարզերից մեկի զորամասերի հրամանատարներից է կամ այդ մարզերից մեկում ծնված ու ոչ բարով մեծացած: Բայց էն գլխից ջրելով տեսանյութի «հերոսներին» բացահայտելու բոլոր հույսերը, ՊՆ գրչակներն իմիջիայլոց, հանուն «կարմիր խոսքի» գրում են, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու  ուղղությամբ»:



Ոչինչ, որ հակասություն կա, որովհետեւ մինչ այդ  գրում են, որ տեսանյութը ցածր որակի է, հետո են «խստագույն դատապարտում  ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը եւ կանխամտածված տարածումը»:  Այսինքն՝ պատժելու են, այնուամենայնիվ, տեսագրողներին ու տարածողներին, որովհետեւ նրանք «վարկաբեկում ու հեղինակազրկում են» հայկական բանակը: Իսկ ահա ճարպոտ անասնակերպի մասին ոչ մի խոսք, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «շունը շան ոտ չի տրորի»:



Տեսանյութն արդեն երեք օր է, շրջանառվում է: Ի դեպ, այդ ընթացքում քանիցս հանվել է համացանցից, բայց ընդդիմացողները կրկին տեղադրում են իրենց պատճենները: Այսինքն՝ «փառապանծ բանակի» էլեկտրոնային տիրույթները վերահսկող անձնակազմը լծված է տեսանյութը չեզոքացնելու, այլ ոչ թե այն մշակելու եւ հանցագործին ու նրա զոհերին բացահայտելու գործին: Ի վերջո, բանակի ստահակին ու նվաստացած զինվորներին բացահայտելը մի քանի ժամվա պատմություն է, բայց ահա ՊՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը երեկ մեզ ասաց, որ չեն կարողանում բացահայտել տեսանյութում պատկերվածներին:



Դե մի քանի օր անց հետաքրքրությունն այդ տեսանյութի նկատմամբ կմարի, ու այս անգամ էլ կպլստան: Սակայն որքան էլ ՊՆ պրոպագանդայի առաջամարտիկները փորձեն ստանձնել փորձագետի դերը, միեւնույն է, երեւում են կոնկրետ դեմքեր, ու բացառվում է, որ այդ զինվորների ծնողները, հարազատները, բարեկամները չճանաչեն նրանց: Ուստի խնդրում ենք արձագանքել, օգնել «մարտունակ բանակի» ղեկավարներին՝ բացահայտելու հանցագործներին: