Կլոր տարին անառո՞ղջ են, որ թուղթ են բերում ու փող ստանում

Կլոր տարին անառո՞ղջ են, որ թուղթ են բերում ու փող ստանում
Այսօրվանից Հայաստանի խորհրդարանը կրկին իր դռներն է բացում ժրաջան պատգամավորների առաջ, որոնք արտասահմաններում հանգստանալուց հետո փորձելու են կենտրոնանալ ու գալ ԱԺ: Ձեւավորված «ավանդույթի» համաձայն՝ թերեւս մի շարք պատգամավորներ այդպես էլ չեն ներկայանալու խորհրդարան: Չնայած օլիգարխներին ԱԺ բերած իշխանության դաստիարակչական բոլոր աշխատանքներին` նրանք այդպես էլ որեւէ կերպ չեն ասոցացվում օրենսդիր գործունեության հետ: Խղճալ կարելի է` տեսնելով տանջահար դեմքերն այն պատգամավորների, որոնք միայն ֆիզիկապես ստիպված մասնակցում են նիստերին` ներկա ստանալու համար, այդպես էլ անհաղորդ մնալով քննարկվող օրինագծերին:



ԱԺ քվեարկությունների արձանագրությունները ցույց են տալիս, որ բացակայողները գրեթե չեն փոխվում: Օրինակ, ԱԺ վերջին՝ հունիսյան նստաշրջանում կրկին բացակայել է ՀՀԿ-ական պատգամավոր Լյովա Սարգսյանը, որը տեւական ժամանակ ընդհանրապես չի երեւում ԱԺ նիստերի ժամանակ, բացակայել են նաեւ ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանը, Հարություն Փամբուկյանը, Ռուբեն Սադոյանը, Սամվել Ալեքսանյանը, Սեդրակ Սարոյանը, Տիգրան Արզաքանցյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Տոնոյանը, Սամվել Սարգսյանը, Աշոտ Արսենյանը եւ այլք: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւս չի մասնակցել նիստերին: Նա սովորաբար քառօրյայի նիստերի առաջին օրը գալիս է, պատասխանում լրագրողների հարցերին ու էլ չի երեւում ԱԺ-ում: Այնպես որ, ԱԺ-ում պատկերն էապես չի փոխվում. այն պատգամավորները, որոնք, ըստ ավանդույթի, չէին գնում ԱԺ, հիմա էլ չեն ներկայանա նիստերին:



Ըստ ԱԺ կանոնակարգի` պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակա է եղել քվեարկությունների կեսից ավելիի դեպքում: Հարց է ծագում` եթե պատգամավորները տեւական ժամանակ չեն մասնակցում ԱԺ նիստերին, ինչպե՞ս են պահպանում մանդատը ու պարտաճանաչ աշխատավարձ ստանում: Նշենք, որ 2010 թ. ԱԺ գործունեության համար պետական բյուջեից 13 միլիարդ 119 միլիոն 364 հազար դրամ է տրամադրվել: Յուրաքանչյուր պատգամավոր ամսական 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Վերջին տարում ԱԺ-ում ներդրվել է նաեւ վճարվող օգնականի ինստիտուտը, ու, փաստորեն, պետբյուջեից աշխատավարձ են ստանում նաեւ խորհրդարանից բացակայող պատգամավորների օգնականները: Ի դեպ, պատգամավորների մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին հաշվարկվում է միայն քվեարկություններով, ԱԺ կանոնակարգով նիստերից դուրս պատգամավորի աշխատանքների վերահսկողություն չկա:



Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանին հարցրինք, թե տարվա ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ պատգամավորների աշխատավարձից պահվել է՝ աշխատանքի չներկայանալու համար: Ղարիբջանյանի պատասխանը բացասական էր: «Ինչու չի պահվել, որովհետեւ բոլորը հարգելի են՝ ըստ կանոնակարգի: Եթե հիվանդ են, բերում են բյուլետեն, եթե գործուղում է, անշուշտ, դրանք հարգելի են: Եվ յուրաքանչյուր անգամ ԱԺ նախագահն է արտոնում հարգելի համարել բացակայությունը»,-ի պատասխան ասաց աշխատակազմի ղեկավարը: Մեր հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է մարդը ողջ տարին բացակայի ու հարգելի պատճառներով հիվանդ լինի, աշխատակազմի ղեկավարը նման պատասխան տվեց. «Դե եթե մարդն անառողջ է, ինչի՞ մասին է խոսքը»: Ենթադրեցինք, որ, փաստորեն, մենք անառողջ պատգամավորներ ունենք, որոնք ի վիճակի չեն աշխատանքի գնալ: «Մենք բոլորս Աստծո ձեռքին ենք, մեր ձեռքը ոչինչ չկա: Եթե մարդիկ բերում են տեղեկանք...»,- ծոր տվեց Ղարիբջանյանը: Նա հրաժարվեց ասել՝  պատգամավորներից ովքեր են առավել անառողջները:



Նշենք, որ, ըստ կանոնակարգի, պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները եւ պատասխանել դիմումներին, մասնակցել Ազգային ժողովի այն հանձնաժողովների նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է: Ավելին, ըստ կանոնակարգի, Ազգային ժողովի կամ նրա մշտական հանձնաժողովի նիստերից անհարգելի բացակայած օրերի համար պատգամավորին աշխատավարձ չի վճարվում:



Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարին նաեւ հարցրինք, թե ամռան հանգստից վերադարձած պատգամավորները նոր օրինագծեր բերե՞լ են խորհրդարան: Հարցին ի պատասխան Գեղամ Ղարիբջանյանը հայտարարեց. «Այո, բոլորը, եւ բավականաչափ օրինագծեր կան: Շատ ծանր նստաշրջան է սպասվում: Ակտիվ աշուն է սպասվում՝ օրենսդրական առումով»: ԱԺ նստաշրջանի օրինագծերի մեր ուսումնասիրմամբ, սակայն, օրինագծերի գերակշիռ մեծամասնությունը հեղինակել է ՀՀ կառավարությունը. բացակայող օլիգարխներից եւ ոչ մեկն օրինագիծ չի հեղինակել:



Ամենահայտնի բացակայող Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի) այս նստաշրջանում մի խումբ ՀՀԿ-ականների հետ միասին հեղինակել է «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծ. երեւի նա է ուզում պետական կենսաթոշակ ստանալ: Ապարանցի Լյովա Խաչատրյանը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծի համահեղինակ է: ԱԺ օլիգարխ-նախագահ Հովիկ Աբրահամյանը համահեղինակ է «ՀՀ հիշատակի օրերի եւ տոների մասին» օրինագծի: