Գյուղնախարարը տրակտորը դարձրել է «Ջիփ»

Գյուղնախարարը տրակտորը դարձրել է «Ջիփ»
Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի, աղավաղում է մեր երկրի ժողովրդագրական պատկերն ու նպաստում  արտագաղթի ծավալներին: Պարզվում է, որ այս տարի «հողին հանձնված» գյուղացին զրկվել է սերմացու ցորեն ստանալու իրավունքից, որովհետեւ կառավարությունը որոշել է սերմացու տրամադրել 3 հեկտարից ավելի հող ունեցողներին: Հիշեցնենք, որ այդ կատեգորիայի մեջ է մտնում նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:



«Կառավարության սույն թվականի հուլիսի 29-ի թիվ 971-Ն որոշման համաձայն` ցորենի սերմացու չի տրամադրվելու 3 հեկտարից փոքր տարածքներ ունեցող գյուղացիական տնտեսություններին: Դրանով բավականին մեծ թվով տնտեսություններ կառավարության որոշմամբ զրկվում են սերմացու ունենալու, իրենց ապրուստը հոգալու եւ անգամ երկրում մնալու հնարավորությունից»,-հայտարարեց տիկին Ալավերդյանն ու հավելեց, որ բարդ է նաեւ գյուղտեխնիկայի տրամադրման հարցը: «Գյուղտեխնիկայի մասնավորեցման արդյունքում գյուղացիների հիմնական մասը զրկվել է անհրաժեշտ տեխնիկայի կանոնավոր օգտագործման հնարավորությունից: Միաժամանակ, այսպես կոչված՝ ճարպիկները այս իրավիճակը դարձրել են անձնական հարստացման աղբյուր:



Այս պարագայում հարց է ծագում՝ ինչո՞ւ մինչ օրս գյուղատնտեսության նախարարությունը չի ավարտել ճապոնական այն ծրագիրը, որով տրակտորներ պետք է hատկացվեին գյուղացիներին, այն էլ` որպես օգնություն»,-բարձրաձայնեց  Լարիսա Ալավերդյանը: Գյուղատնտեսական թեման շարունակելով, տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ ձեւավորվել է  ոռոգման ջրի տրամադրման ավանդույթ: «Ոռոգման ջրի խնդիրը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ եւ հարակից գյուղերի, ինչպես նաեւ Արարատի մարզի մի շարք գյուղերի համար շարունակում է կրել սոցիալական խտրականության բնույթ:



Փաստորեն, սոցիալապես անապահով գյուղացու ջրազրկման հաշվին ջրվում են խոշորներն ու հարուստները»,-ասաց ու գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանից պահանջեց իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ վերհանել բացասական երեւույթները արմատավորողներին, գյուղացու հաշվին հարստացողներին եւ երկրի  գյուղատնտեսությունն աղետալի իրավիճակի հասցնողներին: Դատելով գյուղնախարարի ունեցվածքի էվոլյուցիայից, կարելի է պատասխանել Լարիսա Ալավերդյանի հարցին ու ենթադրել, թե ուր են կորել ճապոնական ծրագրով գյուղացիներին հասանելիք տրակտորները: Ամենայն հավանականությամբ, դրանք վերափոխվել են 666 համարանիշներով մի քանի սեւ «ջիփերի» ու բաշխվել Գերասիմ Ալավերդյանի ընտանիքի անդամների միջեւ: