Ֆիլմ հաբռգած պատգամավորի եւ ծախու մտավորականի մասին

Ֆիլմ հաբռգած պատգամավորի եւ ծախու մտավորականի մասին
Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը Ազգային կինոկենտրոնը հայտարարել է ազգային կինոյի ամիս, որը «Կինոաշուն» անունն է կրում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խորհրդային շրջանում, ինչպես նաեւ անկախացումից հետո նկարահանված հայկական ֆիլմերի ցուցադրություն՝ փակ դահլիճներում եւ բացօթյա: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, «Նարեկացի արվեստի կենտրոնի» դահլիճներում, իսկ բացօթյա ցուցադրությունները կլինեն Սիրահարների այգում եւ Կասկադում: Ցուցադրումներ նախատեսվում են նաեւ հանրապետության չորս՝ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում: Երեկ լրագրողներին հանդիպեց եւ այս ծրագրի մասին տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:



Նա նշեց, որ բացառությամբ «Մոսկվա» կինոթատրոնի, որտեղ մուտքի տոմսերը սիմվոլիկ՝ 300-500 դրամ կարժենան, մնացած բոլոր վայրերում մուտքն անվճար է լինելու: Պարոն Գեւորգյանը տեղեկացրեց՝ քանի որ ժամանակը սուղ էր, իրենք այս տարի դեռեւս հովանավորներ չեն գտել ու կաշխատեն իրենց միջոցներով, թեեւ որոշ ընկերությունների հետ բանակցություններ են վարում, եւ հույս հայտնեց, որ նրանք կաջակցեն ծրագրին: Ծրագրի շրջանակներում կնշվեն նաեւ ինը կինոգործիչների հոբելյաններ, որոնք նախատեսվում է անցկացնել «Մոսկվա» կինոթատրոնում:



Մեզանում բոլոր լուրջ համարվող ծրագրերը համահայկական ընդգրկում ունեն, եւ «Կինոաշունը», որ նախատեսված է անցկացնել ամեն տարի, նույնպես ապագայում համահայկական կդառնա: Կինոկենտրոնը նպատակ ունի նաեւ իրականացնել «Կինոդահլիճ անիվների վրա» ծրագիրը, որը հնարավորություն կտա շարժական կինոդահլիճում ցուցադրումներ կազմակերպել այն գյուղերում ու ավաններում, որտեղ դահլիճ չկա:



Հարց հնչեց, թե մոտավորապես ինչքան է կազմելու «Կինոաշուն» ծրագրի բյուջեն: Պարոն Գեւորգյանը պատասխանեց, որ իրենք դեռեւս նախահաշիվ չեն կազմել, որովհետեւ միջոցները քիչ են, եւ փորձելու են որոշ ընկերությունների ծառայություններից օգտվել ընկերական հիմունքներով, անվճար կարգով: Ամեն դեպքում, թերեւս ճիշտ կլիներ, որ պարոն Գեւորգյանը ճշտեր ծրագրի ընդհանուր բյուջեն, թե չէ դա կարող է ստվեր գցել ծրագրի վրա եւ կասկածներ առաջացնել, թե դա ամենաչարչրկված ու շահագործված մշակույթի ոլորտի հերթական ցուցադրական ծրագրերից մեկն է, որի ընթացքում որոշ մարդիկ մեծ փողեր են «աշխատում»:



Փառատոններն ու բազմաբնույթ ծրագրերը, որոնց ընթացքում ֆիլմեր են ցուցադրվում, շատ կարեւոր են, բայց առավել կարեւոր են այսօր իրականացվող նախագծերը: Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ ֆիլմեր են այսօր դրված արտադրության: «Ի տարբերություն նրա, որ մեկ-երկու տարի առաջ նույն բյուջեով մեկ-երկու ֆիլմ էինք նկարահանում, այսօր ութ ֆիլմ է նկարահանվում, որից յոթը երիտասարդներ են, որոնք ավելի գործունյա են ու ավելի հեշտ են շփվում արտասահմանյան ֆոնդերի հետ: Շնորհիվ դրա, սկսեցինք աշխատել այդ ֆոնդերի հետ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, այլ երկրներից գումարներ բերել եւ համատեղ արտադրության պայմանագրեր կնքել: Մենք նպատակ ունենք հայկական կինոյում որակական ու տեսակի փոփոխություն մտցնել: Կարծում եմ՝ տարվա վերջում մենք լավ իմաստով որակական փոփոխություն կունենանք»,-ասաց պարոն Գեւորգյանը:



Քանի որ կինոյին մոտ կանգնած մարդկանցից շատերը մեր կինոյի բացերից մեկը համարում են լավ սցենարների պակասը, մենք հարցրինք պարոն Գեւորգյանին, թե ինչ ծրագրեր ունի կինոկենտրոնն այս ուղղությամբ: «Ազգային կինոկենտրոնն ունի գեղարվեստական խորհուրդ, որ այս տարվանից երեւի կկոչվի մասնագիտական հանձնախումբ: Կինոկենտրոն ներկայացնում են սցենարներ տարբեր էտապներում: Այսօր իննսուն տոկոսը ներկայացնում է փաթեթներ: Այսինքն՝ արդեն ռեժիսորը կա, սցենարը կա, որոշակի գումարներ կան, եւ կինոկենտրոնից խնդրում են աջակցություն: Մենք ունենք նոր ծրագիր՝ սցենարի զարգացման: Եթե հետաքրքիր հայտ է ներկայացվում, եւ խորհուրդը գտնում է, որ դա արժանի բան է, Կինոկենտրոնը տալիս է հնարավորություն, վճարում է կինոսցենարի զարգացման համար եւ ժամանակ է տալիս»,-ասաց պարոն Գեւորգյանը, եւ այսքանով ասուլիսն ավարտվեց:



«Կինոաշուն» ծրագրի ամենահետաքրքիր բաժինը  թերեւս այն է, որ նախատեսվում է առաջին անգամ ցուցադրել կինոսիրող հանրությանը քիչ հայտնի եւ անհայտ ֆիլմեր, որոնց ցուցադրությունը խորհրդային բռնատիրության տարիներին արգելվել է ու կինոսիրողների լայն հասարակությանը դրանք հայտնի չեն: Ակամա մտածում ես, որ հրաշալի ժամանակներ են եղել Խորհրդային Միության տարիները՝ ֆիլմերը նկարվել են ու եթե իշխանության սրտով չեն եղել՝ փակվել են: Հիմա «անցանկալի» ֆիլմեր ուղղակի չեն նկարահանվի, որովհետեւ պետությունն անձնավորած մեր իշխանավորները եւ այդ իշխանավորների հսկողության տակ փող շինող բիզնեսմենները գումար չեն տա այնպիսի ֆիլմի համար, որ կարող է իրենց մազին կպչել:



Մեր օրերի գրաքննության ամենաարդյունավետ ձեւերից մեկն էլ դա է՝ փող չտալը: Գուցե մի քանի տարի անց էլ մի ծրագրի շրջանակներում կքննարկվի, թե ինչ ֆիլմեր կարելի էր նկարել, որ չեն նկարվել: Օրինակ, լիամետրաժ ֆիլմեր հաբռգած պատգամավորի ու ծախու մտավորականի՝ սանձարձակ, բութ ուժի, ստորաքարշ հոգու ու վաճառված խղճի մասին: Ընտրակաշառքների բաժանման թեժ շրջանում կաշառված կենսաթոշակառուի մեղքի գիտակցման ու զղջման մասին: Մարտի մեկի դեպքերի մասին, որի վերնագիրը կարող էր լինել՝ «Սպանվեցին, որովհետեւ քաղաքացի էին»: