Ոչ բեսպրեդելին

Ոչ բեսպրեդելին
Թվում էր՝ արձակուրդից վերադարձած Ազգային ժողովը պետք է հենց առաջին նիստում անդրադառնա օրախնդիր հարցերին: Ասենք՝ քննարկեր բանակում տիրող վիճակը: Չէ որ ամառվա ամիսներին սահմռկեցուցիչ սպանություններ են տեղի ունեցել հայկական զինված ուժերում: Սակայն այդ թեման ԱԺ պատգամավորները երեկ շրջանցել են: Փոխարենը մանր ու ճղճիմ ելույթներ են հնչել կիսադատարկ դահլիճում, կրկին ոտնահարվել են լրագրողների իրավունքները եւ ընդհանրապես՝ ժամավաճառությամբ են զբաղվել: Չի բացառվում, որ մեր ազգընտիրներն անգամ տեղյակ էլ չեն, թե իրենց բացակայության ժամանակ ինչ է կատարվել Հայաստանում. այդ շրջանում նրանք չվում են թանկարժեք լողափեր ու առողջարաններ՝ վերականգնելու օրենսդիր գործունեությունից հոգնած ուղեղները: Մեր թղթակցի խնդրանքով միայն ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն է անդրադարձել բանակի սպանություններին ու զինծառայողների նվաստացումներին՝ այդ ամենը գնահատելով որպես բեսպրեդել, ու ասել է, որ հարցի քննարկումը պետք է տեղափոխել խորհրդարան: Այս խիստ գնահատականը, սակայն, չի նշանակում, թե պետք է պահանջել պաշտպանության նախարարի հրաժարականը, ԱԺ հանձնաժողովի նախագահը պահանջում է ընդամենը, որ Սեյրան Օհանյանը հայտնի օրինազանցների անունները, որոնց վերջերս պատժել է: Հասարակությունն էլ է պահանջում պատժել օրինազանցներին: Ոչ միայն նախորդ դեպքերի, այլեւ նախօրեին Youtube-ում հայտնված տեսահոլովակի «հերոսները» դեռ հայտնաբերված չեն: Երեկ մեր խմբագրություն էր այցելել Մարտունու դեպքերի զոհերից մեկի հայրը եւ խնդրում էր ցույց տալ այդ հոլովակը՝ գուցե խոշտանգվողն իր որդի՞ն է: Այս օրերին հավանաբար բանակում որդի ունեցողներից շատերն են այդ հոլովակում իրենց հարազատին փնտրել: