Բոստանջյանը «գրեշնիկ» կլինի, բայց Դալլաքյանին քավորություն էլ չի անի

Բոստանջյանը «գրեշնիկ» կլինի, բայց Դալլաքյանին քավորություն էլ չի անի
Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական  Վարդան Բոստանջյանը խորհրդարանի ամբիոնից հրաժարվել է մեկ այլ պատգամավորի՝ Վիկտոր Դալլաքյանի քավորը լինելու պատվից: Պատճառը նախօրեին հայտարարությունների ժամին Վիկտոր Դալլաքյանի արած հայտարարությունն էր, որում նա խիստ քննադատության էր ենթարկել հայրենի բարեգործներին՝ նրանց «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» անվանելով: «Մի՞թե կարելի է բարեգործ անվանել այն մարդուն, ով տալիս է, ոչ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակին ստանալու ակնկալիքով»,- ասել էր Դալլաքյանը:



Չգիտես ինչու, ԲՀԿ-ական պատգամավորները Դալլաքյանի այս հայտարարությունը վերագրել են իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Վարդան Բոստանջյանը, որ Դալլաքյանի որդու՝ Երվանդ Դալլաքյանի հարսանիքի քավորն է, հայտարարել է. «Ինձ չափազանց վշտացրեց, Դալլաքյանի «նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ» արտահայտությունը, քանի որ որպես ԲՀԿ խորհրդի անդամ եւ պատգամավոր ես պաշտպանում եմ կուսակցության մոտեցումներն ու սկզբունքները։ Դալլաքյանի կողմից նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ, իմ համոզմամբ, եւ Աստծո օրհնությամբ, ստանձնած սուրբ գործը»:



Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կարող է հրաժարվել եկեղեցում, Աստծո առջեւ ստանձած իր առաքելությունից, ինչ-ինչ քաղաքական նկատառումներով, Բոստանջյանը պատասխանել է. «Բոլորը պագալովնի գրեշնիկ են, մի քիչ էլ թող ես գրեշնիկ լինեմ»: